2017.02.07,

Քննադատ

Ինչու մեդիան չբացեց հարկային արտոնության թեման

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Երբեմն տնտեսական նորություններն անհետանում են օրվա լրահոսում: Նման մի դեպք վերջերս եղավ՝ ինքնազբաղված անձինք հարկային արտոնություններ ստացան, մամուլը դրան անդրադարձավ շատ օպերատիվ, բայց հպանցիկ: Իրավական, տնտեսական թեմաներով  հաճախ գրող լրատվամիջոցները փորձեցին թեման զարգացնել, հասկանալ ինչքանով է հասարակությունը տեղյակ այդ փոփոխություններին: Սակայն թեման լայն հասարակական քննարկման չարժանացավ այնպես, ինչպես, օրինակ, «Մարաշլյան» լուսանկարչական ատելիեի տեղադրած լուսանկարի (պատկերված էր հայ կինն իր սևամորթ ամուսնու ու երեխայի հետ) դեպքում:

Թեմայի կարևորությունը

Հունվարի 1-ից ուժի մտած «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքը տարածվում է գործունեության որոշ տեսակների վրա, մասնավորապես, խնջույքավարներ, հագուստ, կոշիկ և գլխարկ, համակարգչային, կենղացային տեխնիկա նորոգողներ, տնային պայմաններում ծառայություններ մատուցողներ, դարբիններ և ինքնազբաղվածությամբ այլ եկամուտ ստացողներ: Օրենքով վերջիններս ազատվում են շահութահարկից, եկամտահարկից, բայց պարտադիր վճարում են ԱԱՀ, ակցիզային հարկ, համայնքային բյուջե վճարվող հողի հարկ ու գույքահարկ:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի, ինքնազբաղված անձինք են համարվում տարեկան մինչև 9 մլն դրամ շրջանառությամբ վարձու աշխատող չունեցող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

2016 թվականի տվյալներով, շուրջ 2000 ինքնազբաղված անձինք կազատվեն հարկերի վճարումից, իսկ արտոնության գումարը կկազմի շուրջ 400 միլիոն դրամ:

Ներկայացված վիճակագրությունը վերաբերում է գրանցված դեպքերին: Մինչդեռ գաղտնիք չէ, որ Հայաստանում խնջույքավարները, հրուշակագործները, կոշկակարները, տեխնիկա նորոգողները և այլոք չեն գրանցվում հարկային դաշտում:

Եթե խմբագրությունները զարգացնեին այս թեման՝ այդ մարդկանց հետ հարցազրույցներ անեին, փորձագետների կարծիքներ ներկայացնեին, թե ինչ կտա արտոնությունը տնտեսությանը, ինչքանով կփոխվի այս մարդկանց կենսակերպը, վերջիններս գուցե ի վերջո դուրս գային ստվերից և դիմեին արտոնությունից օգտվելու համար: Այսպես նաև հնարավոր կլիներ ստանալ ինքնազբաղված անձանց իրական թիվը, ըստ ոլորտների տեղաբաշխման և շրջանառության պատկերը:

Մարդիկ, ովքեր նման գործունեությամբ են զբաղված,  տարիներ շարունակ թաքցրել են իրենց եկամուտները, նրանք հիմա բացի հոգեբանական բարդույթից, նաև վստահության խնդիր ունեն, որ մի օր հարկային տեսուչը չի գա ու ասի՝ այսուհետ աշխատում ես առանց արտոնության  կամ քո եկամուտն արդեն 9մլն-ից անցնում է պետք ՓՄՁ դառնաս և կանոնավոր վճարումներ անես:

Մեդիան չբացեց թեման: Ի՞նչու

Լուսաբանման տեմպը վկայեց այն մասին, որ Հայաստանում այնքան քիչ են լինում նման հարկային արտոնություններ, որ մեդիան գուցե հանկարծակիի եկավ:

Արտոնության մասին անդրադարձը հիմնականում սահմանափակվեց պաշտոնական տեղեկատվության տարածմամբ:

Մեդիան չբացեց թեման, բացառությամբ մի քանի լրատվամիջոցներից, որոնք մասնագիտացած են ոլորտում և սպասելի էր նրանց կողմից թեմայի որոշակի զարգացում (iravaban.net, armtimes.com):

Թեման քիչ ուշադրության արժանացավ նաև քանի որ.

  1. Այս արտոնությունը կոսմետիկ քայլ էր կառավարության կողմից և լրատվամիջոցները խորանալու պատճառ չտեսան:
  2. Նախընտրական շրջանում թրենդային են քաղաքական նյութերը (ով ում հետ դաշինք կազմեց, ով որ կուսակցությունից դուրս եկավ) և եղանակի տեսությունը (ցիկլոնը կգնա, թե կմնա):
  3. Տնտեսական թեմաներն ընթերցվող չեն:

Հայկական մեդիան բիզնեսի խնդիրների շատ չի գրում: Չնայած որոշ գործարարներ երբեմն անհատապես են սկսում խոսել իրենց դժվարությունների մասին, օրինակ մինչև սնանկացումը «Յունիֆիշ»-ի տնօրենը, ռուսական ռուբլու արժեզրկման ժամանակ հայկական խմիչքների արտահանման ծավալների անկման մասին «Գինեգործների միության» նախագահը, շրջանառության հարկի փոփոխությունների մասին առևտրականները և այլն: Հաշվի առնելով, թե ինչքան դժվար է այսօր Հայաստանում  բիզնես սկսելն ու հաջողելը, այն պահելը գործարարների համար հետաքրքիր կլիներ կարդալ հոդվածների օրենսդրական փոփոխությունների, մաքսային ընթացակարգերի, նոր շուկաների, ցուցահանդեսների, բիզնեսի տարբեր ճյուղերի ընթացիկ խնդիրների և այլ թեմաների մասին:

Ըստ տրամաբանության, այս ոլորտը ընտրություններից առաջ պետք է թիրախավորվեր իշխանության կողմից և այս օրերին տնտեսության աշխուժացման համար արվող քայլերի կոնտեքստում այս արտոնությունը կարող էր թեմա դառնալ:

Այս և նման թեմաների մասին գրելով մեդիան մեծ լսարան չի ունենա, բայց և կպահի սպառողների այն խումբը, որն իրենից ակնկալում է անաչառություն, բազմակարծություն և որակյալ լրագրություն: Այս պարագայում ներքաղաքական և եղանակի տեսության մասին նորությունները որոշակի հակակշիռ կունենան:

Գայանե Ասրյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *