«Դժբախտաբար, վավերագրական ֆիլմերի կյանքը բարդանում է»

08.09.2017, հայ

Լրագրող, արվեստի քննադատ

Ֆրանսիայում ապրող կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը պատկանում է այն սերնդին, որը ճակատագրի բերումով դեռ մանուկ հասակից ապրել է մի քանի երկրներում և, հայտնվելով տարբեր միջավայրերում, ձեռք բերել նոր փորձառություն, նոր գիտելիք ու մի նոր նրբերանգ: Նա այն երիտասարդ ռեժիսորներից է, որոնք ակամա կամուրջ են ծննդավայրի ու աշխարհի միջև, քանի որ մարդկային տեղաշարժը (թե՛ էմոցիոնալ, թե՛ ֆիզիկական) զգացել ու վերապրել են սեփական մաշկով: Եվ հետո փորձել այն ներդնել կինոյում:

Թամարա Ստեփանյանի վերջին «Ձյուն է գալիս» (Those from the Shore) վավերագրական ֆիլմը 2017 թ. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում արժանացավ գլխավոր մրցանակին: Ֆիլմի առանցքը միգրացիան է ու այն հետքը, որը թողնում է մարդկանց վրա տարիների սպասումը:

Ֆիլմի հերոսները Մարսելում հայտնված հայաստանցի ներգաղթյալներն են, որոնք ամիսներով ու տարիներով սպասում են իրենց կարգավիճակի հստակեցմանն ու անհրաժեշտ փաստաթղթերի: Սպասում են, որ կյանքը կփոխվի:

Բայց ինչպես հայտնի է, սպասումն ունի նաև հակառակ կողմ, որը դրդում ու մտովի արդարացնում է ներկայի անգործությունն ու դատարկությունը: Անծայր սպասումից սառչում են ոչ միայն զգացմունքները, այլև ընդհանուր իրականությունը: Եվ դու էլ հետը...

«Ձյուն է գալիս» ֆիլմը սառած իրավիճակի պոետիկ արձանագրումն է հեղինակի ակտիվ շեշտադրումներով: Թամարա Ստեփանյանը ստեղծել է ֆիլմ, որն իր ձգձգված ձևաչափով ու որոշակի մանիպուլյատիվ կինոհնարքներով հանդերձ (օրինակ` հեղինակի հարցերից, որոնք պետք է հերոսներին հանեն թմբիրից ու տանեն այն կողմ, որն անհրաժեշտ է հենց հեղինակին) ցույց է տալիս ստվերում ապրող աննկատ ու փոքր մարդկանց, որոնց համար փախուստը ֆիզիկական գործողություն չէ, այլ էքզիստենցիալ:

Թամարա Ստեփանյանը պատրաստվում է նկարահանել նաև գեղարվեստական ֆիլմ՝ «Քանի երկինքը թույլ է տալիս» աշխատանքային վերնագրով, որն իր ժանրով դրամատիկ և բացահայտող ճամփորդություն է Ֆրանսիայից Հայաստան: Այդ ժանրը (ոդիսականը), վերադարձ է դեպի կարևոր կետը, որը հաճախ հենց մեկնակետն է: Այսինքն` հավերժ միգրացիա է:

Այսօր միգրացիայի թեման հաճախ է հայտնվում արվեստում, հատկապես կինոյում: Կա նաև կարծատիպ, որը շահագործում է խեղճ ու իրավազուրկ ներգաղթյալի կերպարը: Ի վերջո, մոռանում ենք, որ գոյություն ունի ազատ տեղաշարժվելու իրավունք:

Այսօր ներգաղթը արդիական հարց է աշխարհում, բայց կարծում եմ՝ ոչ Հայաստանում, որտեղ ավելացել է արտագաղթը:

Հետաքրքիր է, որ հիմա ստեղծվել է հակառակ միգրացիոն իրավիճակ՝ Սիրիա ներգաղթած հայերը գալիս են Հայաստան: Իհարկե, նրանք վերադառնում են սարսափներից փրկվելու համար, բայց, ամեն դեպքում, դա փոխում է Հայաստանը: Ապրելով դրսում` ես հասկանում եմ, թե որքան ցավալի ու ծանր է տեսնել ներգաղթած ընտանիքներին կացարաններում, անմարդկային պայմաններում: Շատերը, անցնելով այդ ճամփան, պարզապես դառնում եմ հիվանդ մարդիկ:

Իմ գործը չէ դատել որևէ մեկին: Ես փորձում եմ հասկանալ, երկխոսություն սկսել օտարության, կարոտի, սպասումի մասին: Տեսնել, թե ինչպես է փոխվում մարդու մարմինը այդ ընթացքում:

Մարսելում գիտեմ մարդկանց, որոնք գաղթյալի կարգավիճակին սպասելու պրոցեսում խելագարվել են: Շատ ծանր էր տեսնել, թե ինչպես է, օրինակ, միայնակ տղամարդը փողոցներում հայկական երգեր երգում...

Մեկը մտածում է՝ տուն լինի, կուշտ լինեմ, արդեն լավ է: Մյուսն էլ Հայաստանի համն ու հոտն է կարոտում: Ավելի ծանր է, երբ սպասումին մոտենում են փիլիսոփայորեն:

Ֆիլմում փորձել եք լինել սառնասիրտ: Բայց միևնույն ժամանակ տալիս էիք հարցեր, որոնց պատասխանները ձեր հերոսները չունեն: Եվ ստացվում էին արհեստական դադարներ:

Ֆիլմը նկարահանվել է մեկ տարվա ընթացքում, և շատ բան վերանայվել է: Այո, փորձել եմ աշխատել սառնասիրտ: Սպասումը չի ստացվի հասկանալ ու պատկերել մի քանի օրվա ընթացքում, ժամանակ է պետք՝ տեսնելու համար, թե ինչպես է փոխակերպվում սպասողական վիճակը:

Հասկացա, որ դա անվերջ մի պրոցես է: Նույնիսկ եթե ներգաղթյալները ստանում են փաստաթղթերը (իրականում շատ քչերն են ստանում), հարց է առաջանում՝ բա հետո՞... Կին կա, որը երեսուն տարի սպասում է, և ինքն էլ չգիտի, թե ինչի...

Թուղթը չի լուծում բոլոր հարցերը: Կարծում եմ՝ նույնն էլ Հայաստանում է:

Իհարկե, բոլոր երկրներն էլ ունեն իրենց խնդիրները, առավել ևս՝ Ֆրանսիան, որն իրականում ընդգծված մարդասիրական երկիր է և անգամ ավելի շատ է օգնում իր գաղթականներին, քան իր երկրի քաղաքացիներին:

Պրոբլեմի մասին պատմող վավերագրական ֆիլմերը հաճախ հավակնում են լինել ավելին: Օրինակ` պոետիկ, ընդհանրական, այլաբանական (նաև ձեր ֆիլմում է դա նկատվում` հատկապես երկար, ստատիկ, ձգձգված ծովի կադրերով): Ավելի պարզ ու դինամիկ լինելը բա՞րդ է:

Եթե հանվի այլաբանական շերտը, վավերագրական ֆիլմը կդառնա հեռուստատեսային ռեպորտաժ:

Դա հատուկ է հեղինակային ֆիլմերին, որտեղ հեղինակը փորձում է իր ձայնը յուրովի վերածել կինոժապավենի: Բնականաբար, ֆիլմի կառուցվածքը կարող է լինել ավելի պարզ, երբ հերոսները պարզապես խոսում են իրենց կյանքից:

Չեմ սիրում ֆիլմերը դնել հստակ տուփերի մեջ՝ հեղինակային, փառատոնային, դրամարկղային: Ես պարզապես ֆիլմ եմ նկարահանում և չգիտեմ, թե ինչ կստացվի վերջում: Կարող է և չստացվել, այդպես էլ է լինում: Ամեն դեպքում փորձում եմ նոր բան գտնել և չգոհանալ արդեն արածով:

Իսկ ինչպե՞ս է դասավորվում վավերագրական ֆիլմերի ճակատագիրը: Ցուցադրվեց փառատոնում, հետո հեռուստատեսությա՞մբ...

Դա լավագույն դեպքում: Ֆրանսիայում շատ քիչ են ալիքները, որոնք ցուցադրում են հեղինակային վավերագրական ֆիլմեր: Հիմնականում դա ARTE-ն է, որը մի լուսավոր կետ է ստեղծարար վավերագրողների համար: Բայց այդ ֆիլմերը ցուցադրվում են միայն երեքշաբթի օրերին և միայն գիշերվա ժամը մեկին: Դժբախտաբար, վավերագրական ֆիլմերի կյանքը բարդանում է:

Որպեսզի ֆիլմը հասնի հեռուստատեսություն, հարկավոր է անցնել փառատոնային ցանցով, ստանալ մրցանակներ, և միայն այդ դեպքում տարբեր ալիքներ կարող են հետաքրքրվել ֆիլմով ու գնել այն:

Թամարա Ստեփանյանը ընտանիքի հետ: Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի

Իմ երկու ֆիլմերը («Անթեղը» և «Փետրվարի 19-ը») ցուցադրվել են Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, բայց ես փող չեմ ստացել: Իրականում շատ ուրախ եմ և կուզեի, որ իմ նոր ֆիլմն էլ ցուցադրվի ու շարունակի գաղթի մասին երկխոսությունը:

Չգիտեմ` ինչպես կլինի, քանի որ ամեն դեպքում «Ձյուն է գալիս» ֆիլմը թեև հոգեբանական-անձնական է, բայց պարունակում է քաղաքական տարրեր, որոնք, իհարկե, արտահայտված են ոչ ուղիղ ձևով:

Խնդիրներն ավելի լավ են երևում, երբ դրանց նայում ես դրսից: Ինչպիսի՞ խնդիրներ ունի Հայաստանի կինոարտադրությունը:

Եթե դրսից ես նայում, տպավորություն է, որ հայկական կինոն շատ տխուր վիճակում է: Կան տաղանդավոր երիտասարդներ, որոնք հետաքրքիր մտածելակերպ ու նախագծեր ունեն: Բայց մեզ պակասում է կինոդպրոցը, ընդհանուր կինոկրթությունը, այսինքն` նկարահանման, մոնտաժի հմտությունները և այլն:

Կուզեի, որ կինոյի դաշտը բացվեր:

Ընդհանրապես, կինոն մի երևույթ է, որը պետք է ունենա ճանապարհ դեպի դուրս: Կինոյի մարդիկ պետք է դուրս գնան, շփվեն, սովորեն, գան, նորից գնան, նոր հարթակներ ստեղծեն ու օգտագործեն...

Փաստորեն, միգրացիա՞ սկսվի:

Այո: Ես ինքս սովորել եմ Դանիայում, Լիբանանում, իսկ իմ «Անթեղ» ֆիլմը երեսունից ավել փառատոնների է մասնակցել: Եվ բոլոր այդ տեղերից ես նոր բան եմ սովորել:

Իսկ Հայաստանում ռեժիսորները քիչ տեղ ունեն արտահայտվելու: Տպավորություն է, որ փակ, նոսրացած միջավայրում են, տիղմի մեջ նստած: Եվ շատ լավ կլիներ, որ հետաքրքիր գաղափարներ ունեցող ռեժիսորները կարողանային արտահայտվելու ու սովորելու նոր հարթակներ գտնել:

Փակ մնալով ոչնչի չես հասնի:

Զարմանալի է, որ կինոնախագծերը հաջողում են, երբ հեղինակները շրջանցում են պետական կառույցները:

Պետական կառույցները գործի դրված ընտրական ֆիլտրերը անհասկանալի են: Ոչ ոք չի կարող բացատրել, թե ովքեր և ինչպիսի սկզբունքներով են ընտրում այն նախագծերը, որոնք ստանում են ֆինանսական աջակցություն:

Ընտրությունը պետք է լինի առավելագույնս բաց ու թափանցիկ, որպեսզի բոլորն ունենան մասնակցության հնարավորություն: Վերջերս, օրինակ, բարձրաձայնվեց Կաննի կինոփառատոնին մասնակցող հայկական ֆիլմերի հարցը:

Մինչ օրս դա արվում էր այնքան փակ, որ, ապրելով Ֆրանսիայում, ես ինքնս էլ չգիտեի, թե Կաննում հայկական տաղավար է լինելու:

Կաննի փառատոնը մեծ կինոշուկա ունի, և ես` որպես հայ ռեժիսոր, կարող էի, չէ՞, մասնակցել, փորձել ոչ միայն վաճառել ֆիլմերս, այլև օգնել նոր կապերի ստեղծմանը: Ֆրանսիայում ապրող մի քանի լավ կինոռեժիսորներ կան, բայց բոլորն էլ դուրս մնացին Հայաստանի ուշադրությունից:

Հուսով եմ, որ մի օր դա էլ կփոխվի: Եվ Հայաստանում տեղի ունեցող կինոշարժն ավելի աշխույժ, թափանցիկ ու բազմաձայն կդառնա:

Իրականում, հետաքրքիր ու նոր ձայները քիչ չեն, պարզապես դրանք լսելի չեն:

Հարցազրույցը` Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?