Թե ինչու sut.am-ը նյութը հեռացրեց, խմբագրեց ու վերահրապարակեց

23.07.2018, Նյուսրում

Լրագրող

Հայաստանում փաստերի ստուգման առաջատարը լինելու հավակնություններ ունեցող sut.am կայքից նախորդ ուրբաթ օրը ժամանակավորապես հեռացվեց արդեն հրապարակված հոդվածը։

Կայքի լրագրող Տիրայր Մուրադյանի հոդվածն այն մասին է, որ փոխվարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակված Գեորգի Մուրադյանն ինչ որ կարգավիճակով անցել է թմրանյութի մաքսանենգության մի քրեական գործով, ինչպես նաև հաշվառված է եղել նարկոդիսպանսերում։

Տիրայր Մուրադյանը որոշել է հետաքննել մեկ այլ լրատվամիջոցում հրապարակված այդ լուրը։

Դատական դեպարտամենտից, Երևանի դատարանից Վերաքննիչ քրեական դատարանից ստանալով արխիվային փաստաթղթեր, sut.am-ի լրագրողը Գեորգի Մուրադյանի հետ պայմանավորվել է հարցազրույցի վերաբերյալ։

Պաշտոնյան համաձայնել է՝ բազմակողմանի նյութ ունենալու երաշխիքներ ստանալու դիմաց։ Լրագրողը պատմում է, որ Գեորգի Մուրադյանը հարցազրույցի ընթացքում չի խուսափել խոսել այն դրվագների մասին, որի հրապարակումը այս պատմության սկիզբն է հանդիսացել։ Պաշտոնյան լրագրողին չի զգուշացրել, որ իր՝ նարկոդիսպանսերում գրանցված լինելու վերաբերյալ տեղեկությունն իր համար կարևոր է անձնական տվյալների գաղտնիության տեսանկյունից։

Նյութը գրելու փուլում լրագրողին տեղեկություններ են հասել, որ փոխվարչապետի աշխատակազմից պայմանավորվել են Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ՝ մինչև հրապարակվելը ծանոթանալ հոդվածի բովանդակությանը։ Sut.am նախագիծն իրականացնում է Իրազեկ քաղաքացիների միավորումը։

«Իրավիճակը չսրելու համար համաձայնել եմ, բայց պայմանով, որ հոդվածը կարդա բացառապես Գեորգի Մուրադյանը, այն էլ միայն իր հարցազրույցի մասը: Հոդվածը էական փոփոխությունների է ենթարկվել, կրճատվել են ինձ համար կարևոր հատվածներ։ Հրապարակվելուց մի քանի ժամ անց նյութը հեռացվել է կայքից»,- պատմում է Տիրայր Մուրադյանը։

Լրագրողը կարծում է, որ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ ճնշումներ են եղել։

Մեզ հետ զրույցում Տիրայր Մուրադյանն ասաց, որ դեմ չէր լինի, եթե խմբագրությունում քննարկվեր նյութի բովանդակությունը, առաջարկներ լինեին այս կամ այն դրվագի վերաբերյալ բազմակողմիանիություն և անկողմնակալություն ապահովել։

Խնդիրը, ըստ լրագրողի, առանց իր հետ համաձայնեցնելու՝ հոդվածում փոփոխություններ կատարելն է և հոդվածը կայքից հեռացնելը։

Իոաննիսյանն ասում է, որ իր վրա ճնշումներ չեն գործադրվել և հոդվածը կայքից հեռացնելու նպատակը եղել է բազմակողմանիության ապահովումը, ապատեղեկատվության կանխումը։

«Որպես «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող կանխել եմ ինձ ոչ անմիջական ենթակա կայքում մանիպուլատիվ ընկալումներ ստեղծող նյութի տարածումը և դրանում փաստեր ավելացնելուց ու աներկբա դարձնելուց հետո վերաբացել եմ նյութի հրապարակայնությունը»,- ասում է Իոաննիսյանը։ Խոսքն այն մասին է, որ հոդվածը կրկին հրապարակվել է, բայց՝ լրացումներով: Իոաննիսյանն այս լրացումն ու հոդվածը մինչ այդ կայքից հեռացնելը գրաքննություն չի համարում։

Հոդվածի նոր տարբերակում, հետգրության կարգով, ասվում է, որ SUT.am-ի խմբագրությունը չունի բավարար փաստեր պնդելու, թե Մուրադյանը թմրանյութեր է օգտագործել, քանի որ 2007 թվականի քրեական գործի շրջանակներում իրականացված դատաբժշկական փորձաքննությունները իրարամերժ են եղել և չկա դատարանի որևէ վճիռ, որը կհաստատեր այդ փաստը:

Նարկոլոգիական դիսպանսերում անձանց հաշվառումն իրականացվել է տեխնիկապես՝ անկախ թմրանյութ օգտագործելու փաստը դատարանով հաստատված լինելու հանգամանքից: Այդ իսկ պատճառով իրարամերժ դատաբժշկական փորձաքննություններից մեկը տեխնիկապես բավարար է եղել անձին նարկոլոգիական դիսպանսերում հաշվառելու համար:

Փոխվել է նաև հոդվածի վերնագիրը․ «Փոխվարչապետի խորհրդականը հաշվառված է նարկոդիսպանսերում» տարբերակը փոխարինվել է «Փոխվարչապետի խորհրդականի՝ թմրանյութ օգտագործած լինելը չի ապացուցվել (խմբագրված և լրացված)» տարբերակով։

«Ընթերցողի մոտ օբեկտիվորեն առաջանում էր տպավորություն, թե մենք պնդում ենք, որ Գեորգի Մուրադյանը թմրանյութ է օգտագործել կամ թմրամոլ է։ Այնինչ մենք նման բան պնդելու որևէ հիմք չունենք։ Մուրադյանը չի հերքել, որ նարկոդիսպանսերում հաշվառվել է, բայց դա չի նշանակում, որ մարդը թմրանյութ է օգտագործել։ Իսկ մեր հոդվածում, մասնավորապես՝ վերնագրից, տպավորություն է ստեղծվում, որ դա այդպես է։ Այդ է պատճառը, որ հոդվածի արդեն լրացված տարբերակում չոր մնացորդային փաստեր նշեցինք, որպեսզի ընթերցողի մոտ աներկբա տպավորություն ստեղծվի, թե ինչն ենք մենք պնդում, ինչը՝ ոչ։ Եվ ըստ այդմ էլ համապատասխանեցվեց վերնագիրը»,- մեզ հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը։

Տիրայր Մուրադյանը հստակեցնում է՝ Գեորգի Մուրադյանը երկու փորձաքննություն է անցել, որոնցից մեկի արդյունքները եղել են դրական։ Այս հիմքով էլ նրան հաշվառել են նարկոլոգիական դիսպանսերում։

Հարցին, թե ինչու՞ է հոդվածը կայքից հանվել առանց լրագրողի հետ նյութը քննարկելու, Իոաննիսյանը պատասխանեց․ «Այնպես չէ, որ ես էդ հարցում անմեղ եմ։ Բայց հարցը հետևյալն է․ լրատվամիջոցն է հրապարակողը և հոդվածի բովանդակության համար պատասխանատուն։ Թեև ստորագրում է լրագրողը, բայց հրապարակումը պատկանում է լրատվամիջոցին»։

Գեորգի Մուրադյանը նույնպես ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, որ ոչ նա, ոչ էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չեն միջնորդել հոդվածը կայքից հեռացնելու համար․ «Մենք չափազանց բարձր ենք գնահատում խոսքի և մամուլի ազատության կարևորությունը, որպեսզի նման քայլերով փորձենք միջամտել ազատ լրատվամիջոցների գործունեությանը։

Ինչ վերաբերում է հարցազրույցի ընթացքում իմ տված մեկնաբանություններին, ապա ես կրկին վերահաստատում եմ դրանք, քանի որ, լինելով պետական պաշտոնյա, նպատակ ունեմ աշխատել ամբողջությամբ թափանցիկ և հրապարակային սկզբունքներով։ Ինձ վերաբերող որևէ միջադեպի կամ հարցի շուրջ բացարձակապես չեմ փորձել ու չեմ փորձելու թաքցնել ինչ-որ բան կամ մոլորեցնել մեր քաղաքացիներին։ Ասածիս լավագույն ապացույցն այն է, որ մեկ անգամ չէ՝ լրատվամիջոցներին պատրաստակամորեն մեկնաբանել և պարզաբանել եմ ինձ վերաբերող կամ ինձ հասցեագրված ցանկացած հարց»։

Տիրայր Մուրադյանն այսօր, իր նախաձեռնությամբ, հեռացել է sut.am-ից։

Նա լրագրողական բոլոր կազմակերպություններին կոչ է արել աչքաթող չանել այս միջադեպը․ «Նոր կառավարության անդամների նկատմամբ հանրության ստեղծված դրական աուրայի շղարշի տակ չպետք է լրագրողական նյութերը գրաքննվեն, և այդ հարցում ես ձեր աջակցության կարիքն ունեմ»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը զրուցել է Իոաննիսյանի հետ և եկել այն եզրակացության, որ տեղի ունեցածը խմբագրական ոչ ճիշտ աշխատանքի արդյունք է։ ԽԱՊԿ նախագահն ասում է՝ հոդվածում առկա թերությունները Իոաննիսյանը պետք է շտկեր մինչ հրապարակումը։

Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ փոխվարչապետի աշխատակազմից փորձել են գրաքննել լրագրողի աշխատանքը։ «Նոր իշխանությունները դեռ պետք է հստակեցնեն իրենց հարաբերությունները լրատվամիջոցների հետ, դրանք հավասարեցնեն ժողովրդավարության պահանջներին»,- ասում է Մելիքյանը։

Հարցին, թե ո՞րն է հանրային դեմքի և քաղաքացու՝ անձնական տվյալների գաղտնիության սահմանը, Աշոտ Մելիքյանը պատասխանեց․ «Փոխվարչապետի խորհրդականն արդեն պետական պաշտոնյա է, որի դեպքում անձնական տվյալներն այնքան էլ երկրորդական չեն։ Փոխվարչապետի խորհրդականը հնարավորություն ունի ազդելու այն որոշումների վրա, որոնք դեր ունեն հասարակական կյանքում։ Հետևաբար, նրա անձնական կյանքն արդեն կարող է լինել խոշորացույցի տակ»։

Աշոտ Մելիքյանի կարծիքով, այս դեպքում նարկոդիսպանսերում հաշվառված լինելը զուտ անձնական տվյալ չէ և ունի հանրային նշանակություն։


Գագիկ Աղբալյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?