2017.03.30,

Նյուսրում

Տնօրենների ձայնագրությունների պատմության ժամանակավոր բացակայությունը հեռուստաեթերից

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

«Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրենների հետ ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների հրապարակման պատմությունը շատ արագ տարածվեց սոցիալական մեդիայով ու դարձավ լրատվական կայքերում քննարկումների հիմնական թեմաներից մեկը:

Տպագիր մամուլն էլ հրապարկման հաջորդ օրը պատշաճ տեղ հատկացրեց ձայնագրությունների լուրին:

Հեռուստաընկերությունները, սակայն, եթե անդրադարձան այս պատմությանը, ապա միայն իրադարձությանը հաջորդող օրերին:

Ձայնագրությունները հրապարակվել էին մարտի 24-ին: Մենք դիտարկել ենք հինգ հեռուստաընկերությունների եթերը՝ «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Արմենիա», «Շանթ» և Հանրային հեռուստատեսության Առաջին ալիք:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում ձայնագրություններին անդրադարձ եղել է հաջորդ օրը՝ մարտի 25-ին: «Երկիրն այսօր» լրատվական ծրագրում այս պատմության մասին խոսվում է արդեն որպես հայտնի իրադարձության, որի մասին լուրը, սակայն, հեռուստաընկերությունը դեռ չէր հեռարձակել: ««Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ձայնագրություններին և մեծ աղմուկ բարձրացրած պատմությանն անդրադարձել է նաև այս օրերին արձակուրդում գտնվող ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը»,- «Երկիրն այսօր» կարդում է հաղորդավարը, որից հետո ցուցադրվում է նախարարի մեկնաբանությունը:

Եթե հեռուստադիտողը տեղեկատվություն է ստանում միայն տվյալ հեռուստատեսության լրատվականից, նա չի կարող իմանալ, թե ի՞նչ էր տեղի ունեցել, ի՞նչ ձայնագրությունների մասին է խոսքը, ինչո՞վ էին դրանք արժանացել մամուլի ուշադրությանը:

«Երկիր Մեդիայի» հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանն ասում է. «Ընդհանրապես լրահոսն այնքան խիտ է ու հագեցած, որ դժվար է ամեն ինչ բերել եթեր: Լուրը տարածվեց երեկոյան։ Ճշտելու խնդիր ունեի օրենսդրության հետ կապված: Վերջիվերջո՝ խոսքը գաղտնի ձայնագրություններ հրապարկելու մասին է: Հաջորդ առավոտվանից արդեն, ամեն օր անդրադարձել ենք։ Միաժամանակ, «Երկիր Մեդիան» մուլտի հեռուստաընկերություն է։ Զուգահեռ գործում է նաեւ yerkirmedia.am կայքը, որտեղ էլ պարբերաբար թարմացվել է լուրը»։

Տնօրենների ձայնագրությունների պատմությունը գրեթե նույն ձևով է մատուցվում «Կենտրոն» և «Շանթ» հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերի կողմից. հայտնի պատմություն, որի մասին տվյալ հեռուստաընկերությունների եթերում խոսում են առաջին անգամ՝ առանց մանրամասնելու, թե հատկապես ինչ է եղել:

«Շանթ»-ի «Հորիզոն» լրատվականի մարտի 25-ի ժամը 18-ի թողարկման ընթացքում, ընտրական նոր սարքերի փորձարկման վերաբերյալ ռեպորտաժի մեջ, անդրադարձ կա 114 տնօրենների ձայնագրություններին: Տեղում աշխատող լրագրողները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին խնդրել են մեկնաբանել պատմությունը:

«Օգտվելով առիթից, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես են պետական մարմինները վերաբերվում վերջին օրերին բուռն քննարկման առիթ դարձած մեղադրանքներին, որ 114 կրթական հաստատություններն աշխատում են Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին»,- ռեպորտաժում հնչում է լրագրողի ձայնը, որից հետո ներկայացվում է Դավիթ Հարությունյանի խոսքը:

«Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական հաղորդաշարը նույնպես, պատմության մասին իր հեռուստադիտողին պատմել է դրա հաջորդ օրը: Անդրադարձի համար առիթ է հանդիսացել ոչ այնքան ինքը պատմությունը, որքան՝ դրա վերաբերյալ ՀՀ դատախազության եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մեկնաբանությունները:

«Կենտրոն»-ի լրատվական ծրագրերի ղեկավար Բաղդասար Մհերյանը պարզաբանում է, թե ինչու մարտի 24-ին չեն անդարադարձել աղմկահարույց ձայնագրություններին: «Պատկերացրեք, որ մի հասարակական կազմակերպություն տարածում է որևէ տեղեկատվություն, որը ճշտված չէ: Արդյո՞ք հեռուստաընկերությունը պետք է միանգամից այն տարածի: Մենք պատմությանն անդրադարձել ենք այն ժամանակ, երբ Դատախազությունը ստուգել և դրա վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Կարծում եմ՝ սա է օրինաչափ»,- ասում է Մհերյանը:

Մեր կողմից դիտարկվող հինգ հեռուստաընկերություններից երկուսը՝ «Արմենիա» և «Հ1», ձայնագրությունների հրապարակման կամ դրան հաջորդած երկու օրերին որեւէ կերպ չեն անդրադարձել պատմությանը:

Հանրային հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի ղեկավար Հարություն Հարությունյանը պարզաբանում է, որ Առաջին ալիքը թեմային չի անդրադարձել մի քանի պատճառներով: Առաջինը՝ նման թեմաներին Հանրայինում մոտենում են շատ զգուշորեն, որպեսզի լուսաբանումը որևէ ուժի կողմից չդիտվի միտումնավորություն, էթիկայի նորմերի խախտում կամ հակաքարոզչություն:

Հարությունյանն օրինակ է բերում նախընտրական շրջանում մամուլում հայտնված լուրերը այս կամ այն թեկնածուի միջև գրանցված ծեծկռտուքների կամ դանակահարության մասին, որոնք հետո հերքվել են:

«Եթե մենք աշխատեինք նման սկզբունքով, մեր եթերաժամանակը չէր բավարարի հետագայում դրանց հերքումները հրապարակելու համար, և արդյո՞ք ճիշտ է հիմք ընդունել ցանկացած հրապարակում, երբ անձամբ քո լրագրողը չի եղել դեպքի վայրում և վստահ չես, թե իրականում որն է եղել պատճառը»,-ասում է Հարություն Հարությունյանը:

Ինչ վերաբերում է 114 կրթօջախների տնօրենների ձայնագրություններին, ապա, քանի որ Դատախազությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որ ձայնագրություններից միայն մեկն ունի առերևույթ հանցագործություն պարունակող հանգամանքներ, ապա Հանրայինը սպասում է հետաքննության արդյունքներին: Դրանից հետո միայն, Հ1-ի «Օրակարգ» լրատվականը կանդրադառնա այդ պատմությանը:

«Ես հասկանում եմ հարցի ենթատեքստը, բայց հեռուստատեսությունը տարածական առումով անսահմանափակ հնարավորություններով օժտված կայք չէ: Կարելի է վիճել, մեղադրել, որ այդ թեմային չենք անդրադարձել, բայց մեզ հատկացված սահմանափակ րոպեների մեջ մենք ենք որոշում ինչին և որքան անդրադառնանք: Եթե Հանրայինը լիներ լրատվական ալիք, անկասկած նաև այդ թեման կունենար իր տեղը թողարկումներից մեկում կամ մի քանիսում: Բայց քանի որ մեզ հատկացված 30 րոպեներում մենք չենք տեղավորվում և ստիպված ենք լինում հաճախ բոլոր կուսակցություններին ու դաշինքներին հավասարապես ժամանակ տրամադրել, ստիպված ենք շատ իրադարձությունների կողքով անցնել»,- իր խոսքը եզրափակում է Հանրային հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի ղեկավարը:

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *