Լրագրությունը ճշմարտության մասին է, այլ ոչ թե մեկ կողմը կամ մեկ կարծիքը տարածելու

03.03.2017, Տեսակետ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Սյուզեն Դեյվիսը  ձայնի օգնությամբ պատմություններ կերտելու վարպետ է: Նա մոտ քսան տարի աշխատել է ԱՄՆ հանրային ռադիոյում:  Հիմա Սյուզենն ավելի շատ զբաղված է դասավանդմամբ: Նա Հայաստանում էր 2017թ-ի փետրվարին, Հայաստանում  ԱՄՆ դեսպանատան հրավերով:

Աշխարհը փոփոխվում է, մեդիայի սպառման ձևերը նույնպես: Ի՞նչ եք կարծում, աուդիոն, որպես մեդիայի տեսակ զարգանալու ու իր լսարանը գտնելու ի՞նչ շանսեր ունի:

Կարծում եմ աուդիոն ծաղկում է: Այն թանկ չէ, և աուդիոյի հետ աշխատելը հեշտ է: Այսօր երիտասարդները տեխնոլոգիաների տիրապետման տեսակետից շատ զարգացած են: Նրանք մեծանում են այնպիսի տեխնոլոգիաների ու սարքավորումների հետ, որ չեն վախենում փորձարկել: Միաժամանակ սարքավորումներն ավելի ու ավելի մատչելի են դառնում: Եթե ցանկանաս, որպես ձայնագրող ու նկարահանող սարք կարող ես օգտագործել քո սմարթֆոնը: Աուդիոն շատ դեմոկրատական է, ցանկացած մարդ կարող է այն ստեղծել, տեղադրել ինտերնետում, տարածել սոցիալական մեդիայում:

Բայց խնդիրն այն է, որ չիմանալու ու կոմպետենտ դառնալու միջև տարբերությունը փոքր է, իսկ կոմպետենտ լինելու ու վարպետության միջև տարբերությունը՝ հսկայական: Շատերը աուդիո արտադրանք են ստեղծում որպես քաղաքացիական լրագրություն, սակայն անձնական ու խորը պատմություն ստեղծելը երկար ժամանակ է պահանջում, ինչպես նաև պրակտիկա: Աուդիո պատմությունն այն չէ, երբ ուղղակի մի տեքստ ես գրում և կարդում այն, կամ վերցնում ես միկրոֆոնը ու հենց այնպես աջ ու ձախ ձայնագրելով՝ փորձում ստանալ որևէ արտադրանք:

Աուդիոն տարբերվում է տպագիր մեդիայից, լուսանկարչությունից ու հեռուստատեսությունից: Գրելը, խոսելը, ներկայացնելը տարբեր մոտեցումներ են պահանջում: Քանի որ ռադիոն խոսակցական է, շատ մարդկային է ու մարդկանց միջև կապեր ստեղծող, կարծում եմ այն կզարգանա, կտարածվի ու կծաղկի:

Կարո՞ղ ենք ասել, որ ինտերնետի աճը, սոցիալական մեդիան ու էժան տեխնոլոգիաները աուդիոյի վերածննդի հիմք են:

Կարծում եմ այդպես է: Բացարձակ այդպես: Բոլոր նշված հանգամանքները միավորվել են: Աուդիոյին հակառակ է աշխատում այն, որ երիտասարդները շփվում են ոչ թե իրական կյանքում, այլ էկրանի հետ հաղորդակցվելով կամ էկրանի միջոցով միմյանց հետ հաղորդակցվելով:

Իսկ լավագույն աուդիոն զրույցն է ու մարդկանց անմիջական կապը: Այս հանգամանքն, իհարկե, հակասական է, ու այսօրվա երիտասարդները պետք է պարզեն ոչ միայն, թե ինչպես լավագույն ձևով կիրառել տեխնոլոգիաները, այլև իսկապես կապեր ստեղծել մարդկանց միջև, որովհետև իրենց կյանքում այդքան էլ դեմ առ դեմ շփում չկա:

Սյուզեն Դեյվիս, լուսանկարը՝ Սոնա ՔոչարյանիԱյն ժամանակներում, երբ երեխա էի, [մարդիկ] խաղում էին իրենց ընկերների հետ, իսկ հիմա բոլորը էկրանին են սոսնձած: Սա մի վիճակ է, որը երիտասարդների դեմ է աշխատում:

Մարդիկ հաճախ մտածում են, որ եթե հեռուստատեսային լրագրող ես, ապա հեշտությամբ կարող ես անցում կատարել դեպի ռադիո, բայց իրականում դա շատ ու շատ դժվար է: Հեռուստատեսային լրագրողները պատմություն պատմելու համար շատ են օգտագործում պատկերը, իսկ աուդիոյի ու տպագիրի դեպքում չկա այդ հնարավորությունը:

Նաև ասեմ, որ որքան մարդիկ բազմաֆունկցիոնալ են, այնքան աուդիոն օգտակար է նրանց համար, քանի որ էկրանին գամված չեն: Ես տանը աուդիո եմ լսում, երբ խոհանոցում եմ կամ լվացք եմ կախում: Աուդիո եմ լսում, երբ զբոսնում եմ շան հետ: Ես գնահատում եմ աուդիոն, քանի որ միաժամանակ կարող եմ և՛ լսել, և՛ այլ գործով զբաղվել: Որքան մարդիկ ավելի շատ ներառեն լսելը իրենց կյանքում, ավելի շատ նրանք կսպառեն աուդիոն որպես լրագրություն կամ էլ զվարճանքի մի տեսակ:

Մենք ապրում ենք Թրամփի ժամանակաշրջանում: Բոլորը քննարկում են կեղծ լուրերի աճը: Ինչպիսի՞ն են ժամանակակից լրագրության մարտահրավերները այս ժամանակահատվածում:

Կարծում եմ՝ կեղծ լուրերի աճը կախված է աղբյուրների հետ վատ աշխատանքից: Ամերիկյան լրագրությունը հատկապես ծուլացավ աղբյուրների հարցում: Սոցիալական մեդիան նույնպես: Սա կարծես մեր մանկության խաղը լինի, «Հեռախոս» էր կոչվում: Մեկը մի բառ էր շշնջում, ու այդ բառը պտտվում էր շրջանով: Դու շշնջում էիր, օրինակ «Ես սիրում եմ կարմիր փուչիկներ» ու շրջանը քեզ էր վերադարձնում, ասենք, «Ես հետ եմ տվել իմ ճաշը» արտահայտությունը:

Այն, ինչը հիմա է տեղի ունենում, կարելի է անվանել՝ վերահրապարակում, վերահրապարակում, վերահրապարակում... Արդյունքում մարդիկ կորցնում են աղբյուրը: Խնդիրն ավելի շատ վերաբերում է վստահությանը:

Ու մի կողմից` հին դպրոցի մեդիայի նեկայացուցիչները, օրինակ «Վաշինգթոն Փոսթը», ավելի ազդեցիկ կդառնան, քանի որ մարդիկ վերջապես հասկացան, որ ճշմարտության հասնելը աշխատանք և ռեսուրսներ է պահանջում:  

Հասարակությունը հասկացավ, որ ցանկացած մարդ կարող է «այլընտրանքային փաստեր» ստեղծել: Լրագրությունը միայն հարցեր տալն ու պատասխաններ հեռարձակելը չէ: Լրագրողները պետք է գտնեն ճշմարտությունը: Խոսքս նաև հավասարակշռության ու կողմերին ներկայացնելու մասին չէ, այլ ճշմարտության:

Ճշմարտությունը գտնելը աշխատանք է, և այդ ճշմարտությունը կարող է հաճելի չլինել:

Կարծում եմ, թեև ամերիկյան ընտրությունները շատերի համար ցավոտ էին, կարևոր էին , քանի որ հիմա ամերիկացիները կարող են վերաիմաստավորել այն գաղափարը, թե որքան կարևոր է լրագրությունը, մանավանդ` լավ լրագրությունը: Ու որ լրագրությունը ճշմարտության մասին է, այլ ոչ թե մեկ կողմը կամ մեկ կարծիքը տարածելու:

Հարցազրույցը՝ Գեղամ Վարդանյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?