Ցնցվող լրահոս

03.06.2013, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Արդեն երկու օր է Գորիսը ցնցվում ու միաժամանակ ցնցում է հայաստանյան լրատվական դաշտը՝ դրդելով լրատվամիջոցներին արագորեն թարմացնել լրահոսն ու երբեմն անհիմն ու անհարմար սայթաքումներ անել:

Սյունիքի մարզպետի տան մոտակայքում տեղի ունեցած հրազենային կրակոցներն ու սպանությունը, որոնց զոհ դարձավ քաղաքապետի նախկին թեկնածուն,  վիրավորվեց նրա եղբայրը, տեղի ունեցավ շաբաթ օրը, երբ «ծանր հրետանի» համարվող լրատվամիջոցները (հիմնականում՝ հեռուստատեսության լրատվականները) գրեթե չեն աշխատում: Լրահոսը սկսեց մանրամասներով հագենալ ու ճյուղավորվել առաջին հերթին համացանցում:

Սյունիքի մարզպետը որոշ իմաստով «լեգենդար» պերսոնաժ է, ում անվան հետ կապված են բազմաթիվ սկանդալներ (հիմնականում բռնի ուժ գործադրելու ուղեկցությամբ), իսկ ինքը մարզպետը միշտ կարողացել է «անվնաս» դուրս գալ սկանդալներից եւ անգամ պարգեատրվել մեդալով՝ ծառայությունների համար:

Եվ քանի որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության եւ սպանության փորձի համար ենթադրվող մեղադրյալների շարքում էր նաեւ մարզպետի որդին, այս ինֆորմացիոն շղթան միանգամից բազմաթիվ ենթադրություններով ու վարկածներով համալրվեց: Համացանցը ողողվեց հիմնականում հարցական նշան պարունակող վերնագրերով, քանի որ շատ բան անհայտ էր ու սոսկ քրեական հանցագործություն լինելուց բացի, այս արյունալի դեպքերը նաեւ քաղաքական ենթատեքստ ունեին:

Հունիսի 2-ին, կիրակի օրը բոլոր լրատվամիջոցները հարց էին տալիս՝ արդյոք պատժվելո՞ւ է Սյունիքի մարզպետը (կամ նրա որդին), լինելո՞ւ է հրաժարական թե՞ չի լինելու:

marzpet1
Ոստիկանությունը հետաքննությունն էր անցկացնում, Սյունիքի մարզպետը լռում էր, իսկ ցանցը նոր մանրամասների ու պաշտոնական հաղորդագրությունների ծարավ էր զգում: Որոշ լրատվամիջոցներ (որոնք հիմնականում իշխանությանը մոտ կանգնած ինֆորմացիայի խողովակներ են) սկզբից հայտարարեցին, որ կրակոցները եղել են «անկանոն» եւ ընդհանրապես կատարվածը դժբախտ պատահար էր: Մանավանդ, որ անձամբ մարզպետը (այդ լրատվամիջոցների պնդմամբ) սպանության պահին քնած է եղել ու ֆիզիկապես չէր կարող ներկա լինել խնջույքից հետո ծագած վեճին ու դրան հաջորդած սպանությանը:

Եվ այսպես երկու օր լրատվամիջոցները կատարվածի նորանոր դետալներ էին պեղում, իրենց հոդվածները կազմում հարցականներով: Կտա՞, չի՞ տա (հրաժարական), ի՞նչ կորոշի (ՀՀ նախագահը), ե՞րբ կտա (մեղադրանք կամ հրաժարական) եւ այլն:

Իսկ երբ հունիսի 3-ի երեկոյան հայտնվեց Սուրիկ Խաչատրյանի կողմից գրված  հաղորդագրությունը, որն իրենից խնդրանք էր ներկայացնում, մեդիա դաշտը մի նոր պտույտ ստացավ: Հիմնական հարցադրում կապված էր այդ հաղորդագրության բնույթի հետ: Եթե նախկինում մեդիան գուշակում էր հրաժարական լինելո՞ւ է թե՞ ոչ, ապա հիմա մարզպետի պաշտոնը սեփական կամքով ժամանակավոր թողնելը ներկայացվեց որպես հրաժարական: 

 
marzpet
Իսկ հետո, երբ պարզ դարձավ, որ մարզպետն իր նամակով հայտարարում է, որ ընդամենը աշխատանքից բացակայելու թույլտվություն է ստացել, եւ բնավ էլ չի ակնարկում պաշտոնից հրաժարվելու իր մտադրության մասին, վերնագրերի ընդհանուր տոնայնությունը կրկին փոխվեց: Սկսեց գերակայել «չ» մասնիկը (չի հրաժարվել, չի հրաժարվելու, չի լքելու եւ այլն):

Եվ ստացվեց այնպես, որ այս աղմկոտ ու չափազանց խորհրդանշական դեպքերը իրապես ցնցեցին մեդիա դաշտը, որը կամ որոշեց ննջել (ինչպես շատ հեռուստաընկերություններ), կամ էլ տագնապալի արագությամբ լուրեր թողարկել ու վայրկյաններ անց ստիպված լինել ինքն իրեն խմբագրել:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?