2020.03.18,

Քննադատ

Վարակի ու համաճարակի մասին գրքեր, որոնց մասին արժե հիշել

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Տարբեր տեսակի վարակներն ու համաճարակները, արդեն ձևավորված կյանքի ռեժիմը խախտող արտակարգ իրավիճակներում գոյատևելու դառը ու վտանգավոր փորձառությունը գրողների սիրելի սյուժետային կառույցներից են: 

Նախ՝ այդպես մոդելավորվում է «մինչ» և «հետո» պատումային սկզբունքը, երբ ամեն բան ընդունված նորմերի սահմանում էր, հետո հանկարծ դառնում է ոչ նորմալ: Այդպիսով կարելի է հերոսների ու իրավիճակի զարգացումը պայմանավորել դրսից ներխուժած գործոնով՝ վարակով:

Եվ հետո՝ դա օգնում է թրիլեր դարձնել պայքարը հանուն կյանքի, երբ անմարդկային պայմաններում մարդիկ փորձում են մնալ մարդ կամ հասկանում են, որ մարդ մնալով՝ չեն ապրի: Ու ստիպված դառնում են սակավ մարդ: Նրանք իրենց ոգում ինչ-որ բան լռեցնում ու սպանում են՝ դառնալով մակաբույծ, պարազիտային օրգանիզմ: 

Կամ լարում են իրենց մեջ եղած մարդկային ջիղն ու կարեկցելու մկանը, անգամ կյանքի գնով:

Մահացու հիվանդություններն ու մահաբեր վարակները շատ են գրականության ու կինոյի պատմության մեջ:

Եթե մի կողմ դնենք տեքստային ու վիզուալ այն զանգվածային արտադրանքը, որը տոննաներով լցվում է շուկա՝ ապահովելով «սարսափ» ժանրի ներկայությունը մեր կյանքում, ու խոսենք որակյալ «վարակակիր» (բառի ամենադրական իմաստով) վեպերի մասին, լավ առիթ կստեղծի կարդալու համար: 

Պանդեմիայի պայմաններում մարդիկ ուզում են կարդալ ու ունեն դրա ժամանակը: 

Իհարկե, կարելի է կարդալ գիտական ու նոն-ֆիքշըն գրականություն, բայց հորինվածքը միշտ ավելի վառ, օրիգինալ ու կլանող է, քանի որ հորինվածքը հեղինակային գործ է:

Երբ վտանգ կա իրական կյանքում, ընտրում ես գեղարվեստականը: Դա էլ անելու ենք՝ հիշելով, ու լավ ու վատ ժանրեր չկան, կան միայն լավ ու վատ գրքեր:

Մեր ընտրած գրքերում կան հետևյալ վարակները՝ ժանտախտ, մարդածին ու բնածին գրիպի տեսակներ, իսպանական գրիպ, կուրություն ու անհայտ ծագում ունեցող տարբեր հարբուխներ:

Որոշ վարակներ իրական հիմք ունեն, իսկ որոշ վարակներ՝ հնարված են, բայց դա չի փոխում նրանց ազդեցության իմաստը:

Ընտրել ենք գրքեր, որտեղ հիվանդության տարածումը ոչ թե առիթ է թրեշ նյութ (թեկուզ որակյալ) ստեղծելու ու արագ մոռանալու համար, այլ որտեղ վարակը պատմության կմախքն ու ոգին է՝ ախտանիշների մանրակրկիտ նկարագրությամբ ու մարդու ներաշխարհի հանդեպ երկյուղով լի:

Ի վերջո, մարդը ամենափխրուն ու ամենավտանգավոր էակն է մեր մոլորակում:

Առաջինն, իհարկե, դասական ու էքզիստենցիալ «Ժանտախտն» է:

Ալբեր Քամյու «Ժանտախտը» (The Plague, La Peste), 1947

Վեպի հերոսը բժիշկ է, որը լավ գիտի, որ հարկավոր է լինել հավաք ու պրոֆեսիոնալ, որ զգացմունքներն ու քնարերգությունը անպտուղ են, եթե պետք է գործ անել: Բժիշկը գործ անող մասնագետ է, և հենց այդպիսի գործնական ոճով էլ գրված է վեպը՝ զուսպ, ինֆորմատիվ, օրագրային հետևողականությամբ: Ալժիրում գտնվող Օրան քաղաքը վարակված է ժանտախտով ու մեկուսացված: 

Համաճարակային գործողությունների մասնակից բժիշկ Ռիէն ինքնազոհաբար աշխատում է, թեև գիտի, որ հիվանդությունը չի անհետանալու, այն միայն նահանջելու է, որ նորից արթանանա, երբ պահը գա:

Մեծ հաշվով այս վեպը ընտրության մասին է: Կամ, եթե ավելի ստույգ՝ ընտրության անհնարինության: Անում ես, ինչ պետք է, և թող լինի այն, ինչ լինելու է:

Քամյուն պնդում էր, որ այս վեպը պետք է կարդալ այլաբանորեն: Ասում էր, որ թեև իր նկարագրած ժանտախտի տարածումը իրական հիմքեր ունի ու սարսափեցնող է (վեպում հիշատակվում են գրեթե բոլոր հայտնի համաճարակները), բայց վեպը ոչ թե վարակի, այլ չարիքի մասին է: Առաջին հերթին ֆաշիզմի չարիքի՝ շագանակագույն ժանտախտի:

Եվ ընդհանրապես բոլոր տեսակի չարիքների, իսկ մարդու գոյությունը անհեթեթ մի բան է, եթե անհրապույր է նրա միջավայրը: Քամյուն այդպես էլ գրել է օրագրում. «Ուզում էի փոխանցել խեղդող միջավայրը, օտարության ու վտանգի զգացումը, որից բոլորս տառապում էինք»

Ժանտախտը դառնում է վախի, մահվան ու քաոսի սիմվոլ: Բոլորը օտար են, միայնակ, անօգնական: Ո՛չ մահն է արժանապատիվ, ո՛չ էլ կյանքը:

Վեպում շատ են պերսոնաժները, և բոլորն էլ ընտրում են հիվանդությանը դիմադրելու իրենց տարբերակը:

«Ժանտախտը» այլաբանություն է: 

Եվ փրկությունը ոչ թե նվաճվում է գիտությամբ կամ նվեր տրվում հավատով, այլ արդյունք է ամենօրյա աննկատ աշխատանքի: Գիտես, որ պարտվելու ես, բայց պայքարում ես: Թերևս սա է այս ծրագրային-փիլիսոփայական վեպի ենթատեքստը:

«Ժանտախտում» վարակը նահանջում է, բայց դա հույսով լի ու մաքրագործող հաղթանակ չէ, քանի որ չարիքը միշտ լինելու է: Այստեղ այն սկսվում է առնետներով, առնետների վերադարձով էլ շարունակվում է:

Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Քամյուի «Ժանտախտը» նորից դարձավ բեսթսելեր: Օրինակ, Իտալիայում, վեպի վաճառքը միանգամից աճեց:

Համաճարակից հետո կյանքը այլևս նույնը լինել չի կարող: Վիրուսը չի վերանում ու միշտ պատրաստ է քաոս ծնել: 

Ի վերջո, մարդիկ փախչում են ոչ այնքան վարակից, որքան քաոսից: 

Կենցաղային ու հոգեբանական դժվարությունների հետ մի կերպ համակերպվում են, բայց երբ տեղաշարժվում է ինչ-որ բան մարդու ներսում, հայտնվում են տարբեր ուրվականներ, սարսափներ, մութ ուժեր: Եվ բոլորը ոչ թե դրսում են, այլ մարդու ներսում:

Այդ մասին է գրել ու գրում հայտնի ու փառապանծ Սթիվեն Քինգը:

Սթիվեն Քինգ, «Դիմակայություն» (The Stand), 1978, 1990 (լրացված)

Քինգը, որը ավելի քան 60 վեպերի հեղինակ է, պատումի ռիթմի այնպիսի վարպետ է, որ ինչի մասին էլ գրի, կարդում ես կլանված ու հիացած:

Նրա «Դիմակայությունը» ունի պարզ սյուժե. գաղտնի լաբորատորիայից դուրս է պրծել սուպերգրիպի մահացու վարակը: Լաբորատորիայի պահակը ընտանիքի հետ փրկվելու համար փախչում է տարբեր նահանգներով ու դառնում մարդկության կործանման պատճառ: Մարդիկ անգիտակցորեն իրար վարակում են, հազում, փրշտում են, բարձրանում է նրանց ջերմությունը ու մահանում են: Մնում են քչերը…

Ստացվում է, որ ցանկացած հասարակություն, որը տարիներով ապրում է կանոններով ու օրենքներով, մեկ վայրկյանում (հենց հայտնվի վտանգն ու սպառնալիքը) դառնում է անկառավարելի ու մութ զանգված, որը փորձում է մխիթարանք գտնել պատմականորեն ձևավորված խավարամիտ ավանդությունների ու կործանիչ ծեսերի մեջ: 

«Դիմակայության» մեջ, օրինակ, ծեսեր բանեցողները թե՛ պետությունն է (ոչնչացնում է վարակակիր քաղաքը՝ մարդկանցով, բայց դա չի օգնում), թե՛ դարերից եկող չգիտակցված ու նիրհող ուժերը (երազների միջոցով, որոնք կարող են օգնել):

Քինգը, որը իրականում շատ հմուտ գրող է, գտել է այն մեծ տրանսֆորմացիան, որը տեղի է ունենում քաղաքակրթության հետ. մարդը էակը չի փոխվում, երբ սկսում է ապրել հարմարավետ ու ազատ-դեմոկրատական պայմաններում:

Եթե հանգամանքերը փոխվեն, բոլորի ոգում (գրեթե բոլորի) արթնանում է քաոսը:

Սթիվեն Քինգը ոչ թե սարսափի, այլ հենց մարդու մասին է գրում: Սովորական մարդու, որը արտակարգ իրավիճակներում կարող է դառնալ հրեշ: Կամ ուժ գտնել՝ չդառնալու: Ուժը պարզ բաներն են՝ հոգ տանելը, հարգելը մյուսին, ընտանիքը, երեխաները: Հատկապես երեխաները, որոնք շատ ավելին գիտեն, քան մենք կարծում ենք:

Սթիվեն Քինգի բոլոր վեպերը նույն մակարդակի չեն, բայց «Դիմադրությունն», իհարկե, արքայական է: Հետո կարելի է կարդալ նրա ֆեմինիստական սարսափը` «Քնած գեղեցկուհիները» (The Sleeping Beauties), «Օտարականը» (Outsider) ու ամենատխուրներից մեկը «Ընտանի կենդանիների գերեզմանոցը» (The Pet Cementary): Ու այլ մեծ ու փոքր պատմություններ:

Ժոզե Սարամագո, «Կուրություն» (Blindness, Ensaio sobre a Cegueira), 1995

Պորտուգալացի գրող Ժոզե Սարամագոն ստեղծել է մի միջավայր, որտեղ անհասկանալի պատճառներով մարդիկ դադարում են տեսնել: Կուրության համաճարակը անբացատրելի է տրամաբանությամբ, գիտությամբ, բայց տպավորիչ է որպես այլաբանություն:

Կուրության վարակը տարածվում է, մարդկանց մեկուսացնում են, սկսվում է ադապտացումը նոր պայմաններին՝ հիվանդանոց-բանտերում:

Վարակվում է նաև ակնաբույժը, որի կինը՝ չցանկանալով բաժանվել ամուսնուց, ձևացնում է, որ ինքն էլ կույր է: Բայց նա տեսնում է…

Թեև հաստատ կգերադասեր չիմանալ, թե ինչպես են բանտարկյալները փորձում նոր հիերարխիկ բուրգեր կառուցել, որտեղ թույլը (մարդկայինը) հաշիվ չէ:

Ու հասարակությունը սկսում է իր աճը զրոյից՝ միաժամանակ դաժան, խղճահար ու վայրի վիճակից դուրս գալու ելքեր որոնելով:

Առաջինն, իհարկե, տուժում է հիգիենան: Չես տեսնում, որ ապրում ես կեղտի մեջ:

Վեպում հիգիենայի կորուստը շատ ազդեցիկ է, դրանով է սկսվում նաև արժանապատվության անկումը:

Կոմունիստական հայացքներ ունեցող Սարամագոյի համար կույրերի համայնքը պետության մոդելն է, որը գոյատևելու համար պիտի փորձի պայմանավորել համայնքի բոլոր անդամների հետ ու համատեղ հաղթահարի արտակարգ իրավիճակը:

«Կուրությունը» սիվոլիկ ուղերձ ունի, բայց շառ ռեալիստական է:

Քեթրին Էնն Փորթեր «Գունատ ձի, գունատ ձիավոր» (Pale Horse, Pale Rider), 1939

Այս սեղմ, տպավորիչ վիպակի հերոսուհին երիտասարդ լրագրող Միրանդան է, որն ապրում է 1918-ին, գրում ներկայացումների գրախոսականներ և բախվում Առաջին աշխարհամարտի վերջում վրա հասած ամենախոշոր պանդեմիայի՝ իսպանական գրիպի, հետ:

Պատերազմը, վարակը, սերը, աշխատելու ու գեղեցիկի մասին մտքերը մի այնպիսի նրբությամբ ու հուզականությամբ են խառնված, որ «Գունատ ձի, գունատ ձիավոր» դժվար մոռանաք:

Հիվանդությունը աննկատ ու առօրեական է մտնում Միրանդայի կյանք՝ սիրո հետ միասին: Ու ամենացնցողն այն է, որ հիվանդությունը մնալու է նրա հետ միշտ, անգամ, երբ վերադառնա այն աշխարհից ու նորից փորձի տեսնել արևոտ օրը:

Գունատ ձիու վրա գունատ ձիավորը մահն է, որը վերապրելով՝ բոլորն են մի քիչ մահանում:

Սա շատ քնարերգական, էմոցիոնալ ու դետալները նկատող վիպակ է, ամուր գրականություն, որտեղ վարակի ախտանիշների ու մարդկային ճամփորդության (անդրշիրիմյան աշխարհ ու հակառակը) նկարագրությունը պարզապես տեսանելի է:

Այդպիսի տեսանելիություն ունի Դանիել Դեֆոյի «Ժանտախտի քաղաքի օրագիրը» վեպը, որը 17-րդ դարի ժանտախտում թաղված Լոնդոնի մասին է: Երևի այս վեպը ճիշտ կլինի անվանել դոկուդրամա, քանի որ մանրամասն ու սառնասրտորեն նկարագրվում է «սև մահի» (ժանտախտի) տարածումը:

Պանդեմիաների մասին գրականությունը կամ գնում է դեպի անցյալ, որտեղ, իհարկե, թագուհին ժանտախտն է, կամ գնում դեպի ապագա, որտեղ վարակները անհայտ են:

Ինչպես, Ջեք Լոնդոնի «Ալ ժանտախտը» (The Scarlet Plague) վեպում, որը գրվել է 1912-ին, բայց գործողությունները կատարվում են 21-րդ դարում: Համաճարակից հետո մարդիկ քիչ են, կորցնում են գիրն ու պատմությունը, փորձում դիմակայել՝ վերադառնալով նախնադարյան կացութաձևին:

Կամ ստեղծվում է պոստապոկալիպտիկ միջավայր, որտեղ կարևոր չէ, թե ինչպես է սկսվում կործանումը, այլ կարևորը կորստից հետո ապրելու ուղենիշ գտնելն է: 

Այդ մոտեցման լավագույն նմուշներից է Քորմակ ՄաքՔարտնիի «Ճանապարհ»-ը (The Road), որը գրվել է 2006-ին: Հայրն ու որդին երկար, բարդ ու տանջալի ճանապարհ են անցնում՝ սոված, հյուծված, հոգեպես մաշված, մի կաթիլ հույսով: Նրանց ուղենիշը ծովն է: Հետո՝ միայն հույսը:

Կարելի է կարդալ 2014-ին լույս տեսած կանադուհի Էմիլի Սեն Ջոն Մանդելի «Կայան 11» վեպը (Station Eleven), որտեղ մարդկությունը դառնում է Ռուսաստանից Ամերիկայի մայրցամաք հասած «վրացական գրիպի» զոհ: Սկզբում իսկական խուճապ է՝ խանութներում, օդանավակայաններում, փողոցներում, հետո շատ արագ մնում են միայն հուշերը: Եվ հենց հուշերն էլ փրկում են:

Օրիգինալ ընտրություն կլինի, եթե վարակի թեման որոշեք տնտղել լեհ ֆանտաստ Ստանիսլավ Լեմի «Հարբուխում» (Katar, 1978), հումորի, դետեկտիվի ու պատահականությունների զուգադիպման մասին:

Իսկ եթե որոշեք սուզվել Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի ժամանակ» (Love in the Time of Cholera, 1985) գրքի մեջ, հիշեք, որ այնտեղ ժանտախտ չկա, կա միայն սեր: Եվ սիրո պատմությունը այնքան մեծ ու վարակիչ է, որ շունչ է կտրվում: Ի վերջո, սիրո ու ժանտախտի ախտանիշները նույնն են: 

Հիմա, երբ տեսնում ենք, որ կորոնավիրուսը տարածվում է աշխարհով մեկ ու «փակում» պետություններ, քաղաքներ, փոխում ապագայի մասին պլաններն ու երազանքները, դառնում համընդհանուր վտանգի ու վախի առարկա, լավ գրականությունը օգնում է զգալ, որ խուճապային մտքերում անգամ միայնակ չենք:

Կարող ենք ապրել այնպես, կարծես աշխարհի վերջին օրն է ու հարկավոր է ստանալ բոլոր մարմնական հաճույքները՝ մոռանալով վախի մասին: Հիշենք Ալեքսանդր Պուշկինի «Խնջույք ժանտախտի ժամանակ» դրաման (Пир во время чумы): Մոտավորապես ասել՝ կորոնավիրուսն ու՞մ շունն է:

Կամ՝ ներփակվել, խխունջանալ ու ինքներս մեզ զբաղեցնել, ինչպես խորհուրդ էր տալիս 14-րդ դարում Ջովաննի Բոկաչոն «Դեկամերոնով»:

Ի վերջո, կարելի է մնալ կողքից զննող փիլիսոփայի դերում: Եվ գրքեր, սցենարներ ու բանաստեղծություններ գրել:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *