ՀՀ կառավարությունը առաջին անգամ ֆինանսավորելու է դիտորդական առաքելություն Արցախում՝ սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Կառավարության տեսանկյունից սա մեծ առաջընթաց է։ Սակայն մամուլում թեման քննարկվեց նաև որպես կոռուպցիայի դրսևորում։
Օգոստոսի 26-ին «Գոլոս Արմենիի» թերթը հրապարակեց «За версту пахнет политической коррупцией!» հոդվածը, որը վերատպեցին նաև մի քանի այլ կայքեր։ Հոդվածում, սակայն, առկա են մի շարք մանիպուլյադիվ պնդումներ Արցախում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ։
Նոր ընտրական օրենսգրքի տապալման պատճառը Դանիել Իոաննիսյանի հապաղելը չէր
«Գոլոս Արմենիի» հեղինակը պնդում է, որ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից մեկը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», կատարում է Նիկոլ Փաշինյանի պատվերը։ Հոդվածում նշվում է, որ հենց այս կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանին էր հանձնարարված հեղափոխությունից հետո Հայաստանի նոր ընտրական օրենսգիրքը մշակումը, բայց Իոաննիսյանը այնքան ձգձգեց (ընդ որում՝ միտումնավոր), որ ԱԺ արտահերթ ընտրությունները անցան առանց նոր օրենսգրքի։
Սա սխալ պնդում է․ նոր օրենսգիրքը չընդունվեց ԱԺ-ում պահանջվող քանակությամբ «կողմ» ձայներ չստանալու պատճառով․ ՀՀԿ պատգամավորների մեծ մասը հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը։
Դանիել Իոաննիսյանը հետագայում քննադատեց Փաշինյանին, ասելով, որ նաև վարչապետն էր մեղավոր նոր օրենսգրքի տապալման մեջ։
ԿԸՀ-ն չի մերժել դիտորդների գրանցումը
Թերթը պնդում է, որ կառավարությունը ֆինանսավորել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը», մինչդեռ Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցել այդ ՀԿ-ն։ Սակայն հոդվածի հրապարակման պահին դիտորդների գրանցումը դեռ չէր ավարտվել՝ տեղական դիտորդների հավատարմագրման վերջնաժամկետը օգոստոսի 29-ն է, իսկ լրագրողների և միջազգային դիտորդների՝ սեպտեմբերի 7-ը:
Թերթը նաև նշում է, որ եթե ԿԸՆ-ն չգրանցի դիտորդներին, նրանք միևնույնն է կամավոր կհետևեն ընտրություններին, որպեսզի Փաշինյանին ձեռնտու գնահատական տան։ Սակայն առանց գրանցման մուտք գործել և իրականացնել դիտորդական աշխատանք ընտրատեղամասերում հնարավոր չէ։
Media.am-ի հետ զրույցում «Իրազեկի» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն արդեն գրանցել է կազմակերպությունը։
Այս կազմակերպությունը վերջին տարիներին բազմաթիվ դիտորդական առաքելություններ է իրականացրել, և «Գոլոս Արմենիին» չի բերում հիմնավորում թե ինչու՞ պետք է ԿԸՆ-ն մերժեր գրանցել «Իրազեկը»։
Արցախում տարիներ ի վեր իրականացվել են դիտորդական առաքելություններ
«Գոլոս Արմենիին» պնդում է, որ քանի որ Արցախը իրեն հռչակել է անկախ պետություն, ապա «արտաքին» դիտորդների ներկայությունը ընտրություններին պարտադիր չէ։
Սա սխալ պնդում է․ դիտորդների ներկայությունը կարևոր է ցանկացած ընտրությունների ժամանակ, քանի որ նրանք օգնում են բացահայտել խախտումներն ու չարաշահումները։
Ավելին՝ դիտորդները ներկա են եղել Արցախի ընտրություններին նաև նախկինում, օրինակ, 2011-ի և 2015-ի ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին։ Ի դեպ, այս տարի «Իրազեկի» Ստեփանակերտի գրասենյակն է իրականացնում առաքելությունը, այսինքն սա տեղական ՀԿ է։
Թերթը վկայակոչում է նաև Ջորջ Սորոսի հիմնադրամի մասին դավադրության տեսությունը, գրելով, որ լավ կլինի Արցախի ԿԸՆ-ն ինքը դիտորդներ հրավիրի՝ անտեսելով «Սորոսից ֆինանսավորվող» կազմակերպությունները։ Սա նույնպես մանիպուլյատիվ պնդում է․ ԿԸՀ-ն չի հրավիրում տեղական դիտորդներին, ԿԸՀ-ն հավատարմագրում է դիտորդներին։ Իսկ «Սորոսի» դավադրության տեսությունը բազմիցս հերքվել է։
Խոսելով «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ի կողմից նույնպես կառավարությունից ֆինանսավորում ստանալու մասին, «Գոլոս Արմենիին» գրում է․ «Ո՞վ է տեսել, որ միջազգային դիտորդները հետևեն տեղական ընտրություններին»։ Տարիներ ի վեր Հայաստանում և Արցախում ընտրություններին (թե՛ ՏԻՄ, թե՛ համապետական) ներկա են լինում բազմաթիվ միջազգային դիտորդներ։ Ամեն ընտրություններից հետո նրանց հրապարակում են եզրակացույթուններ, իսկ ԿԸՀ ղեկավարները ամփոփում են դիտորդների քանակը։ Այս բոլոր տեղեկությունները բաց են և հասանելի։
Շահերի բախում
«Գոլոս Արմենիին» գրում է, որ կառավարությունը ֆինանսավորում է դիտորդներին, որպեսզի նրանք ներկայացնեն Փաշինյանին ձեռնտու եզրակացությունը, այսինքն՝ կա շահերի բախում։
Media.am-ի հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը ասաց․ «Շահերի բախումը ենթադրում է, որ կա երկու շահ՝ հանրային և մասնավոր, և այդ շահերը բախվում են։ Հանրային շահը ժողովրդավարությունն է այս պարագայում։ Ո՞րն է այն մասնավոր շահը, որը բախվում է այս հանրային շահին։ Եթե այնտեղ առաջադրված լիներ Նիկոլ Փաշինյանի որևէ հարազատ կամ բարեկամ, կամ մեկը, ում Նիկոլ Փաշինյանը որևիցե ձև կսատարեր, մենք կարոն էինք խոսել, որ Փաշինյանի կառավարությունը տալիս է դրամաշնորհ դիտարկելու այն ընտրությունները, որոնց մասնակցում է, ենթադրենք, նրա բարեկամը»։
Կոռուպցիայի մեջ մեղադրանքները Իոննիսյանը անհեթեթ անվանեց, նշելով․ «Մենք բնականաբար կառավարությունից որևէ գումար չէինք վերցնի, եթե կառավարությունը մեզ թելադրեր, թե մենք ինչ պետք է ասենք կամ ինչ մոտեցում պետք է ցուցաբերենք»։
Իհարկե, դիտորդական առաքելությունների ֆինանսավորման աղբյուրները կարևոր է հաշվի առնել։ Սակայն բացառել պետբյուջեի միջոցները ընտրություններին հետևելուն տրամադրելը միշտ չէ, որ նպատակահարմար է։ Այդ պատճառով էլ, տարբեր միջազգային կազմակերպություններ մշակում են պետական միջոցների չարաշահումները կանխարգելելու մեխանիզմներ։
Դիտորդական առաքելությունների պետական ֆինանսավորումը որպես այդպիսին կոռուպցիա չէ։ Այն կդառնա կոռուպցիա, եթե հատկացված միջոցները չարաշահվեն և օգտագործվեն ոչ նպատակային։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: