«Աստղերի տարափ» մեր հեռուստաեթերում

22.12.2011, Քննադատ

Լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ:

Աստղային հիվանդությունը հեռուստահաղորդավարի ամենավտանգավոր թշնամին է: Այն կարող է խոչընդոտել նրա պրոֆեսիոնալ զարգացմանը, ինքնակատարելագործման ձգտմանը: Սարսափելին այն է, որ հեռուստահաղորդավարի «աստղայնացմանը» կարող են նպաստել հենց հեռուստաընկերությունները:

Մենք հաճախ ենք տեսնում, թե ինչպես են TV-ները տարբեր «հեռուստանախագծերի» հրավիրում մի քանի ամիս էկրանում հայտնված նորելուկ «աստղերին», որ պարեն-երգեն, ճաշ եփեն կամ էլ նկարահանվեն «Չէին սպասում» հաղորդմանը:

Պատահում է, որ նույնիսկ դիտելով այս կամ այն հաղորդումը, տեղը չենք բերում, թե ով է այդ «աստղը», որ այդքան մեծ ուշադրության է արժանանում: Լինում են նաեւ հասարակ մահկանացուին աստղ սարքելու այլ ձեւեր: Օրինակ՝ վերջերս զարմացա, երբ ինքնագովազդով տարված ATV-ն ներկայացնում էր իր նորաթուխ հեռուստամեկնաբաններին՝ ցուցադրելով նրանց պատկերները եւ մի գլուխ գովելով նրանց ունակությունները, հմտություններն ու վարպետությունը, որը նրանք դեռ պետք է տարիների ընթացքում ապացուցեն:

Ես հիշեցի, որ ժամանակին գրեթե նույն աստղային հիվանդությունով էր տառապում «Ար» հեռուստաընկերությունը, երբ իր շքամուտքի առջեւ՝ հետիոտնի համար նախատեսված փողոցի հատվածում, սալիկներով աստղեր էր շարել, որտեղ, Հոլիվուդյան փառքի ծառուղուն համահունչ գրված էին հաղորդավարների անունները:

Այն ժամանակ հանրապետությունում մեծ վաստակ ունեցող շատ մարդիկ  ըմբոստացան վերջերս ի հայտ եկած «աստղերի» նկատմամբ այդպիսի վերաբերմունքից: Ճիշտ է՝ ոմանք  իրոք արդարացրին այդ «ավանսով» տրված գնահատականը՝ մինչեւ հիմա հաջողությամբ ներկայացնելով այլ հեռուստաընկերություններում իրենց ծրագրերը, բայց որոշ «աստղիկներ» մարեցին, կորան եւ այդպես էլ չերեւացին եթերում:

Զավեշտալին այն է, որ ներկայիս «հեռուստավունդեռկինդներին» այնքան են ներշնչել, որ իրենք «superstar» են, որ իրենք էլ են սկսել դրան հավատալ` նույնիսկ գլխի չընկնելով, որ եթե վաղը նրանք էլ դուրս չգան եթեր, ոչ ոք չի էլ նկատի:

Իհարկե չի կարելի ժխտել, որ մենք TV-ներում ունենք լավ հաղորդավարներ, որոնք կարողանում են գրավել հեռուստալսարանը, եւ նրանց լսելիս չես ուզում փոխել հեռուստաալիքը: Կարող եմ նույնիսկ  թվարկել որոշ անուններ` Արտակ Ալեքսանյան, Արմեն Դուլյան, Արամ Աբրահամյան, Արտակ Հերիքյան, սպորտային մեկնաբաններից` Էդուարդ Քալանթարյան, Կարեն Գիլոյան, Սենիկ Կարա-Պողոսյան եւ այլն:

Իհարկե ես չեմ ուզում, որ նրանք վաղվանից սկսեն պարել-երգել հեռուստաեթերում, եւ գուցե իրենց էլ այդքան դուր չգա, պարացնել-երգացնել կամ էլ «աստղ» պիտակը կպցնելը: Ուրեմն երեւի նորաթուխ հեռուստամեկնաբաններին է դա շատ պետք՝ ինքնահաստատվելու կամ էլ իրենց «ռեյտինգը» բարձրացնելու համար:

Ի վերջո լավ հեռուստահաղորդավար կարելի է անվանել նրան, ում հաղորդումը կայացել է, եւ ով մեծ հեռուստալսարան է հավաքում:

Վերջերս հեռուստաաստղ են սարքել նաեւ հայտնի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, որի խոսքը լի է ժարգոնային բառերով եւ փողոցային բառապաշարով: Այն, որ Շամշյանը հմուտ ֆոտոլրագրող է, անվիճելի է, բայց ինչու՞ են մարդուն զոռով հանել եթեր ու փորձում նրանից հեռուստաաստղ դարձնել, անհասկանալի է: Ի վերջո ամեն մեկը թող իր գործով զբաղվի:  

Անշուշտ պետք է խոստովանել, որ խոսքի ազատության նկատելի սահմանափակման պայմաններում մեր հեռուստահաղորդավարներին դժվար է մրցել ԱՄՆ-ի կամ էլ արեւմուտքի  հեռուստահաղորդավարների հետ, որոնց եթերից հնչած խոսքը կարող է շատ ազդեցիկ լինել հասարակությունում:

Բայց հուսանք, որ կգան ժամանակներ, երբ մամուլում ամենահարուստ մարդկանց ցուցակում կգտնենք նաեւ միլիոնատեր  հեռուստահաղորդավարների անուններ, ինչպիսին է, օրինակ, ամերիկուհի Օփրա Ուինֆրին:

Տիգրան Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?