Երեք սխալ՝ Սրբուկի «եվրատեսիլյան» երգի մասին հոդվածում

03.05.2019, Ստուգված է

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փաստերի ստուգման խմբի անդամ

Մայիսի 2-ին միանգամից մի քանի լրատվականներ հայտնեցին, որ «Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացնող Սրբուկի տեսահոլովակը «եվրատեսիլյան ամենաշատ դիտված հոլովակներից երկրորդն է»։ Հոդվածը սակայն մի քանի սխալ տեղեկություն է հայտնում։

Rusarminfo.ru կայքում, «Շանթ» հեռուստաընկերության վեբկայքում, «Հայկական ժամանակում» և մի շարք այլ լրատվամիջոցներում լույս տեսած հոդվածը հայտնում էր. Հայաստանի հոլովակը ամենադիտվածներից երկրորդն է, առաջին տեղում Նիդերլանդներն են, իսկ երրորդ ամենաշատ դիտումներ ունեցողը Շվեդիան է։

Նյութի խնդրահարույց լինելը նկատեց լրագրող Ալեն Ավագյանը, որը «Եվրատեսիլի» PR-ի վերաբերյալ մագիստրոսական թեզի համար հետազոտություն է իրականացնում։

Հոդվածում կա երեք պնդում, որոնք կամ իրականությանը չեն համապատասխանում կամ այն կիսատ են արտացոլում։ Սակայն ոչ ճշգրիտ տեքստը նույնությամբ վերատպվել է մի քանի կայքերում։

Սրբուկը երրորդն է, ոչ թե երկրորդը

Հոդվածը պնդում է՝ «Սրբուհի Սարգսյանի երգի տեսահոլովակն ամենաշատ դիտվածների ցանկում երկրորդն է»։ Դա այդպես չէ․ «Եվրատեսիլի» պաշտոնական YouTube ալիքում 6.37 մլն դիրում ունեցող Նիդերլանդների ներկայացուցչին հաջորդում է Մալթայից կատարողը՝ 6.2 մլն դիտում։ Հայաստանը երրորդն է՝ 4.6 մլն դիտում։

Ամենաշատ դիտումներ ունեցող եվրատեսիլյան հոլովակը Իտալիացի կատարողինն է

Հոդվածում նշվում է, որ «առաջին հորիզոնականում Նիդեռլանդների ներկայացուցչի Arcade երգն է՝ 6.3 մլն դիտումով»:

Պետք է հաշվի առնել, որ բացի «Եվրատեսիլի» YouTube ալիքը, հոլովակները հաճախ դրվում են նաև երգիչների առանձին պաշտոնական ալիքներում։

Նիդերլանդներn առաջինն են միայն «Եվրատեսիլի» ալիքում, իսկ Իտալիայի ներկայացուցիչի հոլովակը իր պաշտոնական ալիքում ունի 76 մլն դիտում (այս նյութը գրելու պահին)՝ մոտ տասը անգամ ավելի շատ, քան Նիդեռլանդների հոլովակը:

Լրատվամիջոցներից ոչ մեկը չեր նշել, որ «Եվրատեսիլյան ամենաշատ դիտված հոլովակների» մասին հոդվածը վերաբերվում է միայն մրցույթի YouTube ալիքի բովանդակությանը։

Շվեդիան չէ, Շվեյցարիան  

Վերջապես, հոդվածը պնդում է, որ «երրորդ հորիզոնականում Շվեդիայի ներկայացուցչի She Got Me երգն է՝ 3.04 մլն դիտումով»: Այս երգը սակայն ոչ թե Շվեդիայի, այլ Շվեյցարիայի ներկայացուցիչն է կատարում։ Եվ այն մրցույթի ալիքում երրորդ տեղը չի զբաղեցնում։

Կարինե Ղազարյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?