2016.03.02,

Քննադատ

«Spotlight». ուշադրության կենտրոնում հետաքննող, համոզող ու համբերատար լրագրողներն են

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

2016 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությունն անսպասելիորեն առաջին պլան մղեց մի ֆիլմ, որի հիմքը լրագրողի մասնագիտությունն ու հատկապես լրագրողական հետաքննության արժեքն են:

Ամերիկյան կինոակադեմիան լավագույն ֆիլմ ճանաչեց և լավագույն օրիգինալ սցենարի համար մրցանակ հանձնեց «Spotlight»-ին (հնարավոր թարգմանությունը «Ուշադրության կենտրոնում»), մի ֆիլմի, որը զանգվածային լինելու քիչ շանսեր ունի:

Անգամ կարելի է ասել, որ դա հակաբլոքբասթեր է, քանի որ գործողությունը (էքշընը) ֆիլմում միտումնավոր հասցված է զրոյի, բացակայում են հատուկ էֆեկտները, փոխարենը շատ են երկխոսություններն ու ամենօրյա մանրակրկիտ ու առաջին հայացքից ոչ գրավիչ լրագրողական աշխատանքի նկարագրությունները:

Նման անշտապ, բավականին ավանդական (անգամ հնաոճ) կառուցվածքով ու է՛լ ավելի ավանդական ուղերձով ֆիլմին գլխավոր արձանիկ շնորհելը անսպասելի ու սկզբունքային որոշում էր, որը ոչ միայն կինոարտադրության, այլև մեդիա արտադրության ոլորտներում նոր շեշտադրումներ է առաջարկում:

«Spotlight»-ը հեղինակավոր ու խոշոր «The Boston Globe» օրաթերթի հավելվածն է, որի աշխատակիցները բացառապես հետաքննություններով են զբաղված: Ընդ որում՝ կարող են իրենց թույլ տալ մեկ հետաքննության համար ամիսներ և անգամ տարիներ ծախսել:

Ժամանակը «Spotlight»-ի լրագրողների զենքն է, որն օգնում է հավաքագրել, զննել, մշակել թեման բոլոր հնարավոր տեսակետներից ու հաշվարկել բոլոր հնարավոր հետևանքները:

2001թ. այդ թիմն անդրադառնում է արդեն հրապարակված ու հպանցիկ լուսաբանված շատ նուրբ թեմային՝ կաթոլիկ եկեղեցու սպասավորների սեռական ոտնձգություններին ու բռնության դեպքերին երեխաների հանդեպ:

Եվ պարզվում է, որ այդ դեպքերն արդեն մի քանի տասնամյակ է՝ պարբերաբար հայտնվում են հանրային ուշադրության կենտրոնում, բայց ամեն անգամ կոծկվում են եկեղեցու ու փաստաբանների ջանքերով:

Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա, գործող անձանցից շատերը ներկայանում են իրենց անուններով ու իրենց իրական կենսափորձով, ինչի շնորհիվ ֆիլմը մոտենում է դոկումնետալ դրամայի (docudrama) ժանրին, բայց միևնույն ժամանակ հնչում որպես խիստ արդիական մի պատմություն, որը հենց այսօրվա տեսակետից է հետաքրքիր:

Իրական մարդիկ են «Boston Globe»-ի գլխավոր խմբագիր, հրեա Մարթին Բարոնը (Martin Baron) ու հայազգի փաստաբան Միտչել Գարաբեդյանը (Mitchell Garabedian):

Չորս լրագրողներ, որոնց դերերը կատարում են Մայքլ Քիթոնը, Մարկ Ռուֆֆալոն, Ռեյչըլ ՄաքԱդամսն ու Բրայըն դ՝Արսի Ջեյմսը, իրենց նոր ղեկավարի հորդորով սկսում են միանգամից մի քանի ուղղությամբ հետաքննություն անել՝ խոսելով բռնության ենթարկված մարդկանց, եկեղեցու պատասխանատուների, տարբեր իրավաբանների ու դատական համակարգի ներկայացուցիչների հետ:

Համաձայնեք, որ եկեղեցու մանկապիղծ սպասավորները, բռնության եթնարկված անչափահասներն ու կաշառակեր համակարգը այն թեմաներն են, որոնք կարող են ցանկացած ֆիլմին ապահովել թե՛ սկանդալային շղարշ, թե՛ չափազանց բարձր սենտիմենտալության աստիճան: «Spotlight»-ում չեք գտնի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:

Ամեն ինչ կատարվում է զուսպ, խելացի, գրագետ, աշխատանքային ռեժիմի ռիթմով, առանց գույների ու հույզերի խտացման (այդ գայթակղությունից իսպառ ազատ է ռեժիսոր Թոմ ՄաքՔարթին):

Ցնցող պատկերների, սրտաճմլիկ պատմությունների ու մանկապիղծներին պաշտպանողների տվայտանքների փոխարեն առաջարկվում է հետևել, թե ինչ է լրագրությունը:

Լրագրությունը համբերություն է ու թեմայի մեջ սուզվելու պատրաստակամություն: Լրագրողի գործը վիզուալ տեսակետից ձանձրալի պրոցես է՝ փաստաթղթեր, խունացած թերթերի մեջ պեղումներ, աղբյուրների որոնումներ ու աղբյուրների հետ զրույցներ, նորից փաստաթղթեր, դատարան ուղարկված հարցեր, կրկին հարցեր ու կրկին փաստաթղթեր…

Եվ այնքան, մինչև մեկ օղակը կկապվի մյուսին, ու կհավաքվեն բավարար քանակի ապացույցներ ու վկայություններ:

Անգամ երբ լրագրողները ֆիլմում նոթատետրն ու գրիչը ձեռքին (ուշադրություն դարձրեք՝ ոչ ձայնագրիչը) զրուցում են զոհերի ու բռնություն վերապրածների հետ, նրանք շատ նրբանկատորեն շրջանցում են էմոցիոնալ պոռթկումները: Իհարկե, նրանք կարեկցում ու մտահոգվում են, բայց ամեն վայրկյան ինֆորմացիա են հավաքում:

Իսկ ինֆորմացիա հավաքելու լավագույն գործիքը լսելու ունակությունն է:

Լրագրողները ֆիլմում լսում են: Լսում են համբերատար ու նպատակասլաց: Լսում են ու համոզում, որ ինֆորմացիան հանրային սեփականություն է և պետք է հանրայնացվի` չնայած, որ ցավ ու անարդարության զգացում է պարունակում ու նման է կեղտոտ ներքնազգեստի հրապարակմանը: Համոզում են նույնիսկ այն դեպքերում, երբ զոհերը պատրաստ չեն իրենց անցյալը բացել լրատվամիջոցների առջև:

Լրագրողները չեն շտապում, «թեժ» թեմային դիպչելով շատ չեն ոգևորվում, այլ կաթիլ առ կաթիլ հավաքում են ավելի լայն պատկեր: Հետաքրքիր է, որ ֆիլմում շատ լրագրողներ զուրկ են արտաքին հմայքից, անգամ ճարտարալեզու էլ չեն, սովորական լավ մասնագետներ են անսովոր պայմաններում:

Ֆիլմում հաճախ է կրկնվում այն միտքը, որ հետաքննությունը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ համակարգի:

Ֆիլմի հերոսներից մեկն ասում է՝ ամենամտահոգիչն այն է, որ քաղաքում սարսափելի դեպքեր են կատարվում, իսկ քաղաքը նայում է հակառակ կողմ՝ ձևացնելով, թե ոչ մի արտառոց բան էլ չի պատահել:

«Spotlight»-ը նոր որակի դրամատուրգիա է գործարկում. ոչ թե լրագրողական հետաքննությունն է կինոժանր դարձնում, այլ լրագրողական հետաքննության միջոցով խոսում է հանրային հիգիենայի մասին:

Լրագրողները հիգիենայի ամենալավ (միգուցե նաև միակ) պահապաններն են հատկապես այն դեպքերում, երբ ինֆորմացիան հայտնվում է փակի տակ ու տարիներ շարունակ քողարկվում է:

Եվ այդ դեպքերում հանրային մաքուր հարաբերություններ ունենալու համար անհրաժեշտ է լինում հրապարակել ամեն ինչ: Գումարած դրան՝ անել այնպես, որ թեման հերթական անգամ չվերածվի աղմուկի, զարմացնի, բայց արդյունքի չհասնելով՝ անհետանա:

«Spotlight»-ում կա մի սիմվոլիկ դիալոգ: Բարձրաստիճան հոգևորականներից մեկը, որը փորձում է համոզել լրագրողներին հեռու մնալ եկեղեցուն վարկաբեկող հետաքննություննից, ասում է. «Լավ է, երբ եկեղեցին աշխատում է լրատվամիջոցների հետ միասին»: Լրագրողը պատասխանում է. «Ճիշտ է, երբ լրատվամիջոցն աշխատում է ինքնուրույն»:

Ցնցող ինտրիգ չպարունակող և ընդհակառակը՝ եղած ինտրիգն էլ մեղմացնող ու սկանդալը աշխատանքային առօրյայի ռիթմով ներկայացող «Spotlight»-ը շարքային կինոսպառողի տեսակետից ձանձրալի է: Խնդիրն այն է, որ մենք սովոր չենք այսպիսի ոչ դիտարժան դրվագներով ու դետալների վրա սևեռված ֆիլմեր դիտելուն:

«Spotlight»-ի հաջողությունը ներգրավվածության էֆեկտն է: Ալևս օսկարակիր ֆիլմն առաջարկում է հանդիսատեսին ներգրավվել պատմության մեջ ճիշտ այնպես, ինչպես լրագրողական թիմն է ներգրավվում իր բարդ ու խնդրահարույց հետաքննության մեջ:
 

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *