Կյանքի ու հորինվածքի արանքում

16.11.2011, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Հայրենական հեռուստատեսային լրատվական հաղորդումները որպես կանոն լուրջ չեն ընդունվում մեր համաքաղաքացիների կողմից: Սակայն եթե հաշվի առնենք, որ շատերի տանը հեռուստացույցը գրեթե շուրջօրյա միացրած է (որպես ֆոն), ապա էկրանին հայտնվող լուրերը, այսուամենայնիվ, գտնում են իրենց հասցեատերերին (նույնպես որպես ենթագիտակցական ֆոնային շերտ):

Եվ շատ հետաքրքիր է հետեւել, թե ինչպես են քարոզչական հնչերանգները դրական քող գցում ցանկացած ռեպորտաժի ու իրադարձային պատկերի վրա ու դանդաղորեն սողոսկում մարդկանց ուղեղների մեջ որպես վիրտուալ-հեքիաթային իրականություն: Հայրենական հեռուստալուրի մեջ կարեւորը պոզիտիվն է իր ամենալայն սպեկտրով, եւ այդ արհեստական պոզիտիվն, այսուամենայնիվ, շատ լավ գործում է: Այն «սպանում» է լուրն ու միաժամանակ օժտում այն պատրանքով:

Կար ժամանակ, երբ հեռուստադիտողը էկրանից ոչ թե «ի՞նչ ցույց կտան», այլ «ի՞նչպես ցույց կտան» հարցի պատասխանն էր սպասում: Խորհրդային հեռուստադիտողը գիտեր, որ պետք է փորձել ոչ թե լուրը, այլ լուրի տողատակը կարդալ: Ենթատեքստային «պատերազմներում» կոփված հեռուստադիտողին խաբելը դժվար էր, նա վստահ էր, որ երբ ուրախ-երջանիկ  ինֆորմացիան շատանում է, երկրում ինչ-որ բան լրջորեն խափանվել է:

Այսօրվա մեր հեռուստալսրանը բոլորովին այլ է, նրան արդեն չի հետաքրքրում ոչ «ինչը» (ակտուալ «ինչ» գտնելու համար ավելի մոբիլ ու չխմբագրված աղբյուրներ կան, եւ դրանց շարքում հեռուստատեսությունը հաստատ առաջնային դիրքում չէ), ոչ էլ «ինչպեսը»: Լուրի մատուցումը կռահելի ու միակողմանի է դարձել: Եվ եթե հաշվի առնենք, որ օրվա լուրերը գրեթե նույն խոսքերով ու նույն կադրերով մի ալիքից մյուսն են թափառում, ապա միակողմանիությունը սկսել է կրել համատարած բնույթ: Պարադոքս է, բայց հենց դրանում է մեր հայրենական հեռուստատեսության գրավչությունը:

Որպես գերակշռող ու խրախուսվող լուրային ֆորմատ ընտրվում է բարյացակամ-հաճելի-երջանիկ հնչերանգը: Եվ տպավորություն է, որ ռեպորտաժները ստեղծվում են մեկընդմիշտ ընդունված (դեռ սովետական տարիներից) տրաֆարետով:[[wysiwyg_imageupload:124:]] Առաջին,  երկրորդ կամ էլ նախավերջին ու անհայտ դեմքերը հանդիպեցին, քննարկեցին, մասնակցեցին, ներկայացում դիտեցին, մարզեր այցելեցին, ծառ տնկեցին, սրա կամ նրա վրա արդարացի ու խիստ մատ թափ տվեցին... Եվ այդ ամենն արեցին ի նպաստ եւ ի բարօրություն հայրենիքի:

Անգամ այն դեպքերում, երբ խոսքը տհաճ պատահարների կամ աղետալի դեպքերի մասին է, էկրանը առաջարկում է ազգովի հպարտանալ այդ դեպքերի արագ լուծմամբ կամ էլ առնվազն ահազանգման փաստով: Ավելին լրատվությունը չի առաջարկում: Նման առույգ-մանկական ֆորմատը (համեմված երգ ու պարով) ստեղծում է նոր որակի հեռուստալսարան, որի ուրվագծվող դիմանկարի մասին արժե մտորել հոգեբաններին:

Որպես «բարիդրացիական» դրամա բեմադրված ու մատուցված լուրը ընտելացնում ու հաշտեցնում է շատերին իրականության հետ: Վերջերս, օրինակ, զրուցելով մի հեռավոր գյուղի բնակիչների հետ, որոնք հիմնականում Հանրային ալիքն են դիտում, համոզվեցի, որ հեռուստաէկրանն իրենց համար հեքիաթային հարթություն է, որտեղ իրենք «սիրուն-սիրուն ու ուրախ-ուրախ» բաներ են տեսնում: Ուշագրավ է, որ հեքիաթն իրենք տեսնում են փաստագրական (իբրեւ թե) ռեպորտաժների մեջ, իսկ իրական (իբրեւ թե) կյանքը՝ սերիալներում:

Կյանքի ու հորինվածքի նման ընկալումը կարելի էր զավեշտալի համարել, եթե իրականում այն մտահոգիչ չլիներ: 

Ողջ հեռուստանեգատիվը հատուկ խողովակաշարով ուղղվում է դեպի սերիալը, իսկ լուրը ձերբազատվում է խնդրահարույց հարցադրումներից ու սկսում է շողշողալ որպես «մաքուր» բեմադրություն: Հենց լուրն է ընկալվում որպես երեւակայական իրականություն, մանավանդ, որ այն միշտ «երջանիկ ավարտ» է ունենում կամ գոնե նշմարվում է դրա մոտալուտ գալուստը (ասենք, վերին ատյանների միջամտության կարիքն է լինում ճիշտ այնպես, ինչպես հին հունական ողբերգություններում երկնքից իջնող Բարձրյալն էր արդարություն հաստատում): Իսկ սերիալները, որոնք դերասանական խաղի ու չեղած բանի վրա են հիմնված, ձեռք են բերում փաստի ուժ:

Լուրն ու սերիալը անբաժան «քույրերի» նման իրենց ֆունկցիաներով փոխանակվել են: Դա նորօրյա հեռուստատեսային ռազմավարություն է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?