Կանոնակարգենք սոցցանցերը. ԱԳՆ֊ն, խմբագիրները, «պլօկերները» և այլոք

15.07.2019, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Վերջերս ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հետաքրքիր մեկնաբանություն արեց՝ կապված սոցցանցերում դիվանագետների շփումների վերաբերյալ․ 

«Լինելով արտաքին անվտանգության հետ կապված պետական ծառայության տեսակ՝ ԱԳՆ կողմից կիրառվում են սոցիալական մեդիայում վարվելակերպի կանոններ՝ հիմնված «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի և «Դիվանագետի էթիկայի կանոնների» դրույթների վրա։ Վերջիններս խախտելու համար, մասնավորապես աշխատանքային պարտականությունների կատարմանը սոցիալական ցանցերում շփումը գերադասող որոշ դիվանագետներ, անկախ աստիճանից, արդեն իսկ ստացել են բանավոր նկատողություններ։ 

Նման կանոնների կիրառումը ընդունված պրակտիկա է շատ երկրներում, ու մենք որպես թվային դիվանագիտության միջազգային սանդղակում առաջատար պետություն չենք պատրաստվում անտեսել այդ կարևոր գործոնը:

ԱԳՆ-ում կա զրո հանդուրժողականություն ծառայողական կանոնակարգերի խախտման հանդեպ»:

Անկասկած, դիվանագիտական լեզուն շատերիս համար ունի հիմնականում զրոյական բովանդակություն կամ գոնե անսովոր է․ մենք սոցցանցերում սիրում ենք խոսել ավելի դիպուկ, ես կասեի՝ ուշունցապատ և նյարդազգլխիչ։ 

Բայց, այս հայտարարությունը հետաքրքիր կետեր ունի բոլորիս համար։ 

Պարզվում է ԱԳՆ֊ն ունի սոցիալական մեդիայում վարվելակերպի կանոններ։ Քանի՞ այլ պետական հաստատություն կարող է հաստատել, որ ունի նման բան։ 

Ես չեմ ասում աշխատանքի տեղում Օդնոկլասնիկները բլոկելու կամ ընդհանրապես մարդկանց մուտքը սոցցանցեր արգելելու մասին, այլ կոնկրետ վարվելակերպի կանոնների: Օրինակ, թե ինչը կարելի է, ինչը՝ ոչ, իսկ ինչը չի խրախուսվում։ 

Ենթադրում եմ, որ շատ քիչ պետական կառույցներ ունեն նման բան։ Ու կարևորը, եթե նույնիսկ ունեն, ապա վստահ չեմ, որ աշխատակիցները տեղյակ են դրա մասին։ 

Բայց, երևի թե պետք է, որ նման կանոններ լինեն։ Որպեսզի հետո ողջ հիմնարկով մեկի մեկնաբանության հետևից մեկ շաբաթ չընկնեն՝ փորձելով այն բացատրել ու արդարացնել։ 

Որպեսզի հասարակությունը հասկանա և կարողանա հստակ տարբերել, թե երբ Ֆեյսբուքում գործ ունի պաշտոնյայի պաշտոնական հայտարարության հետ, իսկ երբ՝ հաստատության աշխատակցի ազատ ժամանակի հոգեկան զեղումների։ Կամ՝ միգուցե հնարավոր է հանրությանն այդ զեղումներից հեռու պահել։ 

Ձևերը շատ են, կարևորը որ դրանք լինեն կանոնակարգված և աշխատեն։ ԱԳՆ֊ն, փաստորեն, դա արդեն ունի։ Մնում է մյուսներն էլ ունենան։ 

Մի կողմ դնենք պետական կառույցները։ Բա ի՞նչ անենք մամուլի հետ։ 

Զարգացած լրագրություն ունեցող երկրներում խմբագրություններն ունեն նման հստակ կանոնակարգեր, որոնք ենթադրում են, որ իրենց լրագրողները սոցցանցերում հետևում են դրանց։ 

Այդ կանոնները բազմաէջանոց փաստաթղթեր են։ Ու թեև այս կամ այն կերպով տարբեր են, բայց ունեն անընդհատ կրկնվող մեկ գաղափար․ լրագրողը պետք է լինի անաչառ, անկողմնակալ։ Եվ, եթե նախկինում դա պետք է զգացվեր իր հոդվածներից, ապա այսօր պետք է հստակ արտացոլված լինի նաև իր սոցցանցային վարքագծում։ 

Կան շատ կոշտ կարգավորումներ, որոնց համաձայն լրագրողին կարող են աշխատանքից հեռացնել միայն մեկ քաղաքական գործչի ստատուսը լայք անելու համար։ Քանի որ արդեն դրանից երևում է, որ լրագրողն ունի քաղաքական նախասիրություններ։ 

Կան ավելի մեղմ մոտեցումներ։

Չեմ կարծում, որ հայաստանյան հասարակությունը պատրաստ է մարսել սառնարանի պես լուռ լրագրողի, որը ոչ մի բան չի մեկնաբանում, քանի որ ուզում է բոլորի աչքին երևալ օբյեկտիվ և անկողմնակալ։ 

Հաշվի առնելով մեր հարավային խառնվածքը, դա կլիներ ավելի մոտ հոգեկան շեղման, քան կարգավորմանը։ 

Բայց, համաձայնեք, որ լրագրողը կամ խմբագիրը, որը բառիս բուն իմաստով վերջին խոսքերով հայհոյում է որևէ քաղաքական գործչին կամ քաղաքական ուժին, չի կարող դրանից հետո ընկալվել որպես լրագրող՝ դասական իմաստով։ Կամ խմբագիր։ Ֆեյսբուքյան ակտիվիստ՝ խնդրեմ։ Սոցցանցային ինֆլյուենսե՞ր, ինչու՞ ոչ։ Բլոգե՞ր կամ, արևմտահայերեն ասած, պլօկե՞ր՝ անշուշտ։ Կուսակցական թռուցիկի դիրեկտո՞ր, նույնպես՝ այո։ 

Խմբագի՞ր կամ լրագրո՞ղ: Արդեն կասկածելի է։ 

Իմ այս գրածը, բնականաբար, շատերը կհամարեն անհասկանալի կամ նույնիսկ հիմար։ Ու ոչ միայն վերոնշված ակտիվիստ֊ինֆլյուենսեր֊լրագրող֊խմբագիրները։ 

Շատերին անհասկանալի է, թե ինչու մարդը պետք է իր մեջ պահի էմոցիաներն ու էքսպրեսիաները և մտքին եկած բնութագիրը չարտահայտի սոցցանցերում։ 

Ինչու լրագրողը կամ խմբագիրը մարդ չէ՞, իրավունք չունի՞ մի երկու «քաղցր» խոսք ասել։ Ու հենց սա է այն խնդիրը, որի մասին ուզում էի խոսել։ 

Այնպես որ, լավ է արել մեր ԱԳՆ֊ն։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?