2020.01.10,

Քննադատ

Ոչ թավշյա դետոքսիկացիա

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Օքսֆորդի բառարանը 2018-ին տարվա բառ էր համարել «տոքսիկ» (toxic) ածականը, որի օգտագործումն ու մեկնաբանությունների քանակը աճել էր մի քանի անգամ:

Տոքսիկ էր շատ բան թե՛ փոխաբերական, թե՛ բուն իմաստով՝ արտանետումները, հարաբերությունները, միջավայրը, սեռական դերաբաշխումը, մարդիկ, ուտելիքը, երաժշտությունը և այլն: 

Ընդ որում՝ այդ բառը ոչ թե թունավորի հոմանիշն է, այլ թունավորի ենթադրյալ պարունակության, ռադիոակտիվ լինելու պիտակ: Հուշում, որ տարբեր տեղերում ինչ-որ բան շատացել է այնքան, որ դարձել է ռիսկային ու տոքսիկ:

Մարդիկ են դարձել տոքսիկ, վայրերն են դարձել տոքսիկ, օդը, կլիման, հագուստը, վարքագիծը:

Տոքսիկը «փուֆ»-ն է, «զգույշ» նշանը:

2018-ը Հայաստանում ամրագրվեց «թավշյա» բառով: Դա էր մեր պատասխանը աշխարհին ու ինքներս մեզ: Թավշյան չի նկատում տոքսիկը, այլ մեղմ ու հաճելի ծածկում է տոքսիկ միջավայրի սուր անկյունները՝ դարձնելով դրանք աննկատ ու ոչ կարևոր:

Ինչպես ձյունը, որը փափկացնում է ու կլորացնում առարկաների ու գաղափարների ուրվագծերը:

Հիմա կարծես, հասարակական տրամադրությունները Հայաստանում դանդաղորեն դուրս են գալիս թավշյա փափուկ վերմակի տակից ու իրենց ոտքերը ձգում դեպի այլ ծածկոցներ, որոնք փռված են ատելության դաշտում ու ձևանում են ինքնաարտահայտման քողեր:

Բայց իրականում փշոտ, անհարմար ու տոքսիկ են:

Մեր հարաբերությունները սոցիալական մեդիայում բառիս բուն իմաստով տոքսիկ են:

Եթե սոցցանցերի միջոցով քաղցկեղ հաղթահարող լուսերես Սաթենիկի բուժման համար հավաքվել է անհրաժեշտ գումարը (ընդամենը երկու օրում) ու գումար տված մարդիկ անկեղծորեն ու լիաթոք իրենք իրենցով հպարտանում են (համ խիղճն է հանգիստ, համ Սաթենիկը), ապա ինչու՞ չի ստացվում հանգիստ խղճով անցնել նաև լրահոսային ցուրտ ու թեժ քամիներով:

Մի կողմից՝ թավիշ ենք, կարեկցող, հասնող, սիրտ ու թև տվող, եփող-թափող, մյուս կողմից՝ վերջին բառերով հայհոյանքներ սփռող ու այլախոհներին թաղել, վառել, ք…ել սպառնացողներ։

Կարդում ես լուրջ լրատվամիջոցների սոցցանցային էջերի մեկնաբանություններն ու ուզում փախչել, կորել թունավոր, ռադիոակտիվ ու բառիս բուն իմաստով՝ տոքսիկ, բառերից ու մտքերից:

«Ազատություն» ռադիոկայանի լայվերի, Յություբում տեղադրված ռեպորտաժների, նյութերի տակ գրվում է այն, ինչը հնարավոր չէ արտաբերել: Ու դա չի ջնջվում: 

«1in.am»-ի սոցցանցային էջերում թողած մեկնաբանությունները նետում են կոմայի մեջ, որտեղ մնում ես այնքան երկար, որքան ձգվում է բառերի թունավոր ներարկումը և մի քիչ ավելին՝ մինչև դետոքսիկացիայի հույսի փայլատակումը:

Իհարկե, մեկնաբանություն կարդացողը աշխարհի երեսի վերջին մարդն է, բայց ոչ ոք ապահովագրված չէ տոքսիկ միջավայրի թույնից:

Կարող է լինել ապահովագրված, եթե լրատվամիջոցը ապահովագրող լինի:

Հարցն անգամ օրենքը կամ էթիկական պարտավորությունները չեն, հարցը հարթակի արժանապատվությունն է: Չկա այլըտրանք. տոքսիկը պիտի ջնջվի, մաքրվի, և վերջ:

Պարտավոր ես ջնջել, եթե գոնե մի կաթիլ հարգում ես քեզ՝ ներկայանալով կարծիք ձևավորող ու գեներացնող մեդիա:

Կարեկցողն ու սեռական բնույթի հայհոյանք գրողը միգուցե նույն մարդիկ չեն, բայց նրանց միջև գոնե այդքան մեծ ճեղքվածք չպիտի լինի: Մի բան ասում են այստեղ, մյուսը՝ այնտեղ, մի վարքագիծ ունեն մի իրավիճակում, մյուսում՝ բոլորովին այլ:

Հասկանալի է, որ հիմա Հայաստանում շատ մեդիա հարթակներ, այդ թվում նաև վերգետնյա սփռում ունեցողներ, միայն երջանիկ են թունավոր միջավայր տեսնելով:

Եվ շատերի լրահոսի ոճն ու որակը միայն մեկ նպատակ ունի՝ ապականել ցանկացած դետոքսիկացիայի փորձ ու ավելացնել թույնի չափաբաժինը: 

Բայց խնդիրը թավիշն է, ավելի ճիշտ՝ թավշյա մեթոդները այն մեդիա հարթակներում, որոնք կարծում են, թե տոքսիկին պատասխանելու ձևը միայն փիառն է ու իդեալական աշխարհի վերստեղծումը: 

Պատրանք է, որ մեդիա թույնը ուղեղից (սրտից, թոքերից, լյարդից) դուրս է մղվում հակաթույնով:

Ատելության, չարության ու կողմնակալության ներարկումները չեն մաքրվում հակառակ նշանով ատելությամբ, չարությամբ ու վեհ փիառով:

Տոքսիկը հաղթահարվում է միայն որակյալ բովանդակությամբ՝ ներառյալ նաև այդ բովանդակության մեկնաբանությունները, վերարտադրությունները, ճյուղավորումները, որոնք ունակ են փոխելու ընդհանուր բնակլիմայական պայմանները:

Բավարար չէ ասել, որ այլանդակ մեկնաբանությունները հանրային տարածքներում խոսքի ազատության նշան են:

Ի վերջո, մեդիան նաև իր մեկնաբանությունների որակի կրողն է, այլ ոչ թե օբյեկտիվություն խաղացող անմեղսունակ տարածք ու չեզոք գոտի:

Իհարկե, տոքսիկ մեկնաբանություններ գրողները դա անում են նաև գիտակցաբար ու վճարի դիմաց կամ պարզապես սրտի ու ինտելեկտի թելադրանքով: Երկու դեպքում էլ պատասխանատուն լրատվամիջոցն է, որի շուրջ ձևավորվում է աղտոտված էկոհամակարգ:

Հետաքրքիր է, որ 2019-ի տավա բառերը մի քանիսն էին, բայց բոլորը կապ ունեին էկոլոգիայի հետ: Լավը upcycling բառն է, անօգուտից մի նոր օգտակար բան ստեղծելու պրոցեսը:

Օրինակ, կիլոմետրերով ու տոննաներով ատելության խոսքից ու հայհոյանքներից մի կաթիլ միտք քամելու փուլային աշխատանքը:

Իսկ լրատվամիջոցին պե՞տք է այդ աշխատանքը: Հիմա, ոչ, բայց վաղը պետք կգա:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *