Մեդիադաշտի վերաձևավորումը Հայաստանում

12.06.2018, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Հայաստանում իրականացվող փոփոխությունները կարող են շատ լուրջ ազդեցություն թողել մեդիայի, ընդհանուր տեղեկատվական դաշտի վրա։

Կան փոփոխություններ, որոնք ակնհայտ էին արդեն ապրիլի վերջին ու մայիսի սկզբին, երբ հասկանալի դարձավ, որ սոցիալական ցանցերում ակնկալվում են հետաքրքիր զարգացումներ:

Ֆեյսբուքը ու Ինստագրամը շարունակում են աճել, բայց դիտվում է սեռով պայմանավորված անհավասարակշռություն․ կանայք սկսել են ավելի շատ օգտվել սոցցանցերից, քան տղամարդիկ։ Չնայած, որ տարբերությունը մեծ չէ, սակայն նախկինում այդ միտումը չկար։

Արդեն պարզ է, որ Օդնոկլասնիկին շարունակում է կորցնել իր լսարանը։ Եվ, ամենայն հավանականությամբ, սա արդեն անդառնալի է։  

Եթե դիտարկենք ոչ քանակական տեսանկյունից, ապա սոցցանցերում կատարվում է լսարանների որակական վերաբաշխում․ Օդնոկլասնիկիից կատարվում է ներգաղթ դեպի Ֆեյսբուք և Յություբ։

Մյուս կողմից՝ Ֆեյսբուքից երեք տիպի լսարանների արտահոսք է գնում դեպի Ինստագրամ, Թվիթեր և Լինքդին։ Փաստացի, իրականացվում է լսարանների բաժանում, հարթակների դիվերսիֆիկացում։

Ավելի լուրջ փոփոխություններ կարող է լինեն օնլայն լրատվականների ոլորտում։

Հայաստանում օնլայն գովազդի շուկան և այլ ֆինանսական մոդելները այնքան զարգացած չեն, որ թույլ տան եղած լրատվականներին գոյատևել զուտ բիզնես մրցակցության շնորհիվ։

Հարթակների լուրջ հատվածը գոյություն ուներ միայն շնորհիվ քաղաքական հովանավորչության։ Վերջին մի քանի տարիների ընթացքում քաղաքական հովանավորչությունը ստեղծել էր լրջագույն մեդիա հատված, լրատվական դաշտ էր բերել և այստեղ էր պահում մեծ քանակի կիսակիրթ լրագրողների։

Ընդ որում, եթե դեռ մի տաս տարի առաջ լրատվական դաշտը բաժանված էր իշխանական և ընդդիմադիր հատվածների, ապա 2012-2014 թվականների ընտրական գործընթացների հետևանքով սկսեցին ձևավորվել երկրորդ էշելոնի քաղաքական և պետական գործիչների լրատվականներ։

Հաշվի առնելով, որ անորակ օնլայն լրատվական պահելու ծախսերը նվազագույն էին, իսկ չինովնիկա֊օլիգարխիկ դասի ներկայացուցիչների ճաշակը և սպասումներն իրենց պատկանող կայքերից մեծ չէին, դիտվում էր լրատվականների քանակի աճ և դրան զուգահեռ՝ որակի անկում։

Քանի որ հիմա Հայաստանը մտնում է մի փուլ, երբ քաղաքական պայքարը իրականացվում է խոշոր ֆիգուրներով, մանր և միջին լրատվականները հայտնվում են իրավիճակում, երբ պետք է կա՛մ նոր հովանոց (հովանավոր) գտնեն, կա՛մ անհետանան։

Ամենայն հավանականությամբ, մեծ մասը մոտակա ժամանակներում փակվելու է։

Իսկ եղած օնլայն լրատվամիջոցներում տեղի կունենա և արդեն կատարվում է լսարանների վերաբաշխում։

Քաղաքական իրավիճակի փոփոխությունը, սոցցանցերում կատարվող դեմոգրաֆիկ փոփոխությունները մոտակա ամիսների ընթացքում հանգեցնելու են խոշոր և ազդեցիկ լրատվականների շարքերում տեղերի վերաբաշխմանը։

Եվ վերջապես, լայվերին սովորած հասարակությունը ավելի է մղվում դեպի վիդեո բովանդակություն։

Ինչն իր հերթին կխթանի վլոգերների և կնպաստի վեբ-հեռուստաընկերությունների լսարանների աճին։ Իսկ դա նաև նշանակում է նոր գովազդային շուկայի ձևավորում։

 

Սամվել Մարտիրոսյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?