2011.11.08,

vox populi

Ճիշտ կազմակերպելով՝ սերիալը կարող է ավելի շատ օգուտ տալ, քան վնաս

Արդեն վաղուց խոսվում, բայց դեռեւս լուծում չի ստանում հայկական սերիալների հարցը: Բազմաթիվ լրատվամիջոցներ տարբեր բացատրություններով փորձում են պարզաբանել դրանց բացասական ազդեցությունը, բայց սերիալները շարունակվում են:

Թե՛ բրազիլիական, թե՛ մեքսիկական եւ թե՛ ամերիկյան սերիալները հետապնդում են որոշակի նպատակ՝ հասարակությանը փոխանցել հաղորդագրություններ, սովորեցնել սոցիալական վարքագիծ:

Մարդն ինչպես ամենօրյա սննդի, այնպես էլ օրվա ընթացքում որոշակի ապրումների կարիք ունի: Սերիալների մեջ այդ ապրումները շատ են, այդ պատճառով էլ դրանք թմրանյութի պես ձգում են մարդուն:

Հեռուստադիտողները՝ հատկապես երեխաները, ապրումակցում են սերիալի հերոսներին, վերապրում են նույն զգացողությունները, ինչն ունենում է իր ազդեցությունը:

Իսկ սերիալների հերոսները մեծ մասամբ ապրում են կենսական կարիքների ցածր մակարդակից բխող զրկանքներ, նվաստացումներ, դավաճանություն, վրեժ, դեպրեսիվ սեր եւ այլն:

Իհարկե նմանատիպ դրվագները կարող են նաեւ թերապեւտիկ ու օգտակար լինել, երբ կարճ են տեւում եւ բազմակողմանի դրական լուծումներ են ստանում: Եվ քանի որ մեր հասարակությունը անցել է  պատերազմի ու անցումային շրջանի միջով, նմանատիպ ապրումներն ու հերոսները կարող են հոգեհարազատ եւ գրավիչ լինել:

Բայց, ինչպես տեսնում ենք, սերիալներ նկարահանողները, ուղղակի բռնելով մեր հասարակության խոցելի կետերից, իրենց համար բիզնես են անում՝ հաշվի չառնելով հեռուստասերիալ-հեռուստադիտող շահավետությունը:

Ուրեմն ի՞նչ նպատակ է հետապնդում սերիալը եւ  ի՞նչ է ուզում տալ հեռուստադիտողին:

Որոշ ժամանակ դպրոցում հոգեբան աշխատելու ընթացքում նկատեցի, որ երեխաները` հատկապես դեռահասության շրջանում գտնվողները, դասերի ժամանակ իրար դիմում են «գողական» մականուններով եւ հենց նույն աշխարհին հատուկ վարք են փորձում ցուցաբերել:

Վստահ կարելի է ասել, որ, սերիալային բիզնեսը գրագետ ու ճիշտ կազմակերպելով, հնարավոր է ավելի շատ օգուտ տալ, քան վնաս:

Բացասական դերեր կատարողների համար պետք է ընտրել տաղանդավոր դերասաններ, ովքեր իրենց տաղանդի շնորհիվ հեռուստադիտողին կկարողանան փոխանցել այդ բացասական կերպարի անխրախուսելի վարք ունենալը:

Անհրաժեշտ է նվազեցնել բացասական դրվագների ու ապրումների քանակը (հարյուր սերիալից իննսունհինգը աչքի են ընկնում  բացասական ապրումների ու դրվագների առատությամբ):

Պետք է ուշադրություն դարձնել սերիալների լեզվին, որի գերակշռող մասը կենցաղային ու ժարգոնային բառապաշար է՝ դրան հատուկ ժեստերով ու միմիկայով, եւ որը ազդում է հատկապես երեխաների լեզվամտածողության ձեւավորման վրա:

Եվ ամենակարեւորը ռեժիսորի վարպետությունն է, ով  ռեժիսորական պատկերային հնարքների շնորհիվ հեռուստադիտողին կարող է փոխանցել այն գաղափարը, որն իր հիմքում դրել է սերիալը:

 

Մարիամ Դիլբանդյան
հոգեբան 

Դպրոցը՝ Երեւանի N124 միջնակարգ դպրոց
Համալսարանը՝ Երեւանի պետական համալսարան
Սիրելի գիրքը՝ Էրիխ Ֆրոմ «Սիրելու արվեստը»
Սիրելի երաժշտությունը՝ գրեթե բոլոր ժանրերը
Սիրելի սպորտաձեւը՝ լատինաամերիկյան պարեր
Սիրելի արտահայտությունը՝ «Ժամանակակից կյանքի ամենահիացնող ֆենոմենը բռնակալների նկատմամաբ հավատն է»  (Էրիխ Ֆրոմ)

Կայքը՝ Դուք եւ աշխարհը

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *