«Ծածուկ» թեմաները՝ հարյուր տարի առաջ

08.05.2019, Քննադատ

Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Առավոտ» օրաթերթում, թղթակցել «Ազատություն» ռադիոկայանին: 2006-ից 2015 թթ․աշխատել է «168 Ժամ» թերթում։ Վարում է «Վէմ» ռադիոկայանի «Հայելի» հեղինակային հաղորդաշարը: «Հայկական ժամանակ» օրաթերթի հեղինակներից է։

Սեռական խնդիրներին 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի մամուլն անդրադարձել է մանրամասնորեն, մատչելի տեքստով ու առանց   ամոթխածության:

Առողջական, հոգեբանական խնդիրներին անծանոթ մարդկանց հասցեին որևէ գնահատակ չկա՝ տգետ, պահպանողական, հետամնաց: Կա հստակ միտում՝ բարձրացնել խնդիրն ու առաջարկել լուծումներ:

Այս առումով օգնում էր «թիրախային» մամուլը՝ առողջապահության հարցերով մասնագիտացած թերթերը, մանկական ամսագրերը, կանանց նվիրված հանդեսները: Խորհուրդներ, առաջարկներ, գնահատականներ հնչեցնում էին  մասնագետները՝ բժիշկները, հոգեբանները, մանկավարժները, ինչը ասելիքը դարձնում էր վստահելի:

«Օնանականութեան մասին» հոդվածում հեղինակը ձեռնաշարժությամբ զբաղող պատանու ծնողներին խորհուրդ է տալիս նրան չհամարել «անբարոյական». «Մարմնաշարժութեան ախտը նկատուած է նաեւ ծծկեր մանուկների վրայ կամ փոքրահասակ երեխաների վրայ», հետևաբար չի կարելի այդ երևույթին «անբարոյականություն» պիտակը կպցնել: «Օնանիստ պատանիներին պետք է նայել ոչ թե խրատատու, վախեցնող մանկավարժի աչքերով, այլ խնայող, ցաւի հիմքը հասկացող բժշկի աչքերով»:

Ի՞նչ պետք է անեն գերդաստանի անդամները. «Ամեն հասակավոր պետք է խնայե երեխայի, պատանու անմեղութիւնը: Այսինքն՝ երեխաների կամ պատանիների ներկայութեամբ չթույլ տալ խօսելու այն անառակ բաները, որոնք զարթնեցնում են սեռական յարաբերութեան գաղափարը կամ բնազդումը: Թող չկարծեն ծնողները եւ հասակաւորները, թե երեխաները այդ տեսակ խօսակցութիւններից ոչինչ չեն հասկանալ» («Առողջապահական թերթ», 1883, N 10-11, Երևան):

Հասարակությունը բոլոր ժամանակներում ունի կաղապարներ, մարդիկ վախենում և ամաչում են խոսել կոնկրետ խնդիրներից:

Դեռևս նախորդ դարասկզբին հոգեբաններն ու բժիշկներն ահազանգում էին՝ յուրաքանչյուր խնդրի դեմ ամենաարդյունավետ պայքարը դրա մասին բարձրաձայնելն է.

«Անհրաժեշտ է, որ մենք դուրս գանք նախապաշարումներից, սկսենք ազատ ձևով խոսել ու գրել սիֆիլիսի մասին… Անհրաժեշտ է, որ առհասարակ վեներական հիվանդությունները և, մասնավորապես, սիֆիլիսը, դուրս գան իրենց թաքուն, ծածուկ դրությունից, և սկսենք խոսել ու կռվել նրանց դեմ այնքան ազատորեն, որքան այլ հիվանդությունների վերաբերմամբ: Դա է յաջող ելքի միակ գրաւականը» («Առողջ կեանք», 1917, N 1, Բաքու):


Օրերս աղմուկ հանած «Իմ մարմինն անձնական է» խորագրով գրքի բովանդակությանը 20-րդ դարի սկզբի անգլիացի բուրժուաներն, անկասկած, ծանոթ չէին, սակայն նրանք «իրենց զաւակները հանրային պարտէզները ղրկած ատեննին, անոնց վիզերեն կը կախեին «Մի համբուրէք զիս» վերտառութիւնով տոմսեր» («Դարման», 1920, N 3-4, Կ.Պոլիս):

Մանուկներին ուղղված զանազան գրքույկների մասին ևս մամուլում փորձագիտական կարծիքներ էին տպվում:

«Մայիսյան տոնը Ֆինլանդիայում» գրքույկը Մայիսի 1-ին նվիրված մանկական տանահանդեսի մասին է, որտեղ ներկայացված են նաև զանազան խաղեր. «Սա խա՞ղ է»-զարմանում է հոդվածագիրը.

«Մանկական խաղը որևիցե կրթողական նշանակութիւն կունենայ, եթե երեխաները իրենց մեջ, առանց մեծերի խառնուելու խաղային, բայց երբ դա դառնում է հասարակական հիմնարկութիւն, որտեղ փոքրերը մեծերի դերեր պետք է խաղան, ներիր, սառնասիրտ չեմ կարող մնալ: Այն, ինչ կարող են զբաղեցնել Ֆինլանդիայի մեծերին և փոքրերին, այդ դեռ չէ նշանակում, որ մենք ևս պետք է զմայլուենք այդ բոլոր բաներով» («Աղբիւր», 1883, N 2):  

«Որո՞նք են հայ ցեղին ախտերը» վերնագիրը կարդալով՝ պատրաստ էի մտածել ամեն ինչ, բացի նրանից, ինչ կարդացի.

«Համաշխարհային կռիւը իր ահազանգը հազիւ հնչեցուցած էր, և ահա Պոլիս ու կարևոր այլ քաղաքներէն ներս կը խուժեին տեւտոնեան ցեղին ըմբոստ ու անգութ ձագերը, մինչ անդին Հայաստանի ալ ամէն վայրերը առհասարակ մոխիրի ու աւերակոյտի կը վերածուէր, բնակչութիւնը կը բնաջնջուէր, ու մանկամադներն ալ կը առեւանգուեին ու կը լլկուէին անխնայ, բարբարոս ու անօրեն ճիւաղներու ձեռքով: Ահա այսպես հայկական սպանդը իր անհուն զոհերուն հետ, վերապրողներուն ու խլեակներուն վրայ կը ցանէր ու կը տնկէր անբարոյութեան ու այլասերումի հունտերը, որոնք պիտի ճիւղավորուին ու ծառանան ցեղին մէջ»:

«Աքսորանքի դժնեայ ճամբուն վրայ, հայ սպան ու զինւորը քանիցս մահը արհամարհելով, ազատագրեցին բազում կիներ ու աղջիկներ: Գտնուեացան, սակայն, ցաւալիորեն, այնպիսիներ, որոնք որդեգրեցին կոյս ու ոչ կոյս աղջիկներ՝ փրկելու պատրուակին տակ», և «կամբարոյացնեին զանոնք ճիշտ այնպէս, ինպէս կը՜ նէին մէր  հարեւաննէրը: Ու որբուկներեն ոմանք զավակներ ծնեցան, մաս մը անխիղճներ ալ վիժեցնել տվին՝ ախտավարակ ընելով պարմանի գեղջկուհիները»:

Խնդիրն այնպիսի մասշտաբներ ուներ, որ այս փակ թեման դարձել էր թերթի առաջնորդող.

«Դա այն ահարկու ախտն է, որ սկսել է ծավալվել մեր իգական սեռի մեջ… Այդ վտանգը բարոյական անկումն է, հիվանդագին այլասերումը հայ կնոջ, հայ աղջկան ու հայ երիտասարդին» («Դարման», 1920, N 3-4):

Բայց խնդիրը բաց նյարդով ներկայացնելուն զուգահեռ՝ հոդվածը գրված է «տառապանքի ու հիւծումի» մեջ գտնվող կանանց ու աղջիկների հանդեպ կարեկցանքով, նրանց մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությամբ, առանց որևէ ագրեսիայի կամ չարախնդության:

Ինչն այսօր այնքան պակասում է «փակ» թեմաների մասին հասարակական բաց քննարկումներին:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?