2018.09.20,

vox populi

Selfie is the message․ Պետական մակարդակով կազմակերպված քաղաքական ներկայացում

Պոստմոդեռնի դարաշրջանում, երբ սմարթֆոնների մասսայական արտադրությունն ու զանգվածային մեդիայի անհատի ինքնության ձևավորման վրա անմիջական ազդեցությունն ուղիղ համեմատական են, քաղաքական հաղորդակցության մեջ սկսում են կիրառվել նոր գործիքներ՝ նոր լսարան գրավելու նպատակով։

Այս առումով սելֆին հիանալի գործիք է, թրենդ, հաղորդակցության նոր միջոց և, ի վերջո, մեդիատեսակ, որը փոխանցում է տարատեսակ հաղորդագրություն․ մնում է միայն այն ապակոդավորելը․․․

Սելֆին քաղաքական գործչի և քաղաքացու միջև ստեղծում է թվացյալ ընկերական հարաբերություն։ Թվացյալ հարաբերություն, որն ըստ էության, ընտրազանգվածի գերակշիռ ձայնն ակնկալող քաղաքական ուժի կամ գործչի համար ավելի ձեռնտու է, քան՝ հենց քաղաքացու։

Հայաստանում մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխության օրերին, սելֆին, ուղիղ եթերին զուգահեռ, ամենաառաջատար հաղորդակցության միջոցն էր։

Սոցիալական ցանցերում հեղափոխության առաջնորդների հետ տարաբնույթ հեշթեգներով ուղեկցվող սելֆիները բացի մտերմության թվացյալ զգացողությունից փոխանցում էին նաև հստակ մեսիջներ, որոնցից կարելի է թեկուզ նշել միասնականության գաղափարը։

Ժամանակները փոխվում են, քաղաքական հաղորդակցության չափանիշները տրանսֆորմացվում այդ ժամանակին համընթաց։

Ասվածի վկայությունը, ՀՀ Անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումների շարքում «Սելֆիի ժամ» միջոցառման անցկացումն է։ Նկատեք, որ նման բովանդակությամբ միջոցառում, Անկախության 26 տարիների ընթացքում, պետական մակարդակով կազմակերպված որևէ միջոցառումների ցանկում երբևէ չեք հանդիպել։

Պատճառներից թերևս կարելի է նշել նախկին իշխանությունների կողմից քաղաքական հաղորդակցության ավանդական միջոցներին նախապատվություն տալը։ Արդյունավետ էր, թե՝ ոչ, լավ էր, թե՝ վատ, սա հարցի մյուս կողմն է, յուրաքանչյուրիս համար սեփական մտորման թեմա․․․

Ամեն դեպքում, ցանկանում եմ ընդգծել այն փաստը, որ արևմուտքում քաղաքական հաղորդակցության մեջ սելֆին որպես գործիք մոտ երկու տասնամյակ է, ինչ ակտիվորեն կիրառվում է։

Քաղաքական campaign-ների անբաժան մաս համարվող այս արարողությունը, արևմտյան քաղգործիչներին հնարավորություն է տալիս պատմել պատմություններ՝ քաղաքացիների օգնությամբ կամ միջոցով, որոնք ավանդական հաղորդակցության ձևերի կիրառման դեպքում կարող էին թվալ ոչ բնական։

Սելֆիի շնորհիվ առաջացած մտերմության հաշվին հանրություն-քաղաքական գործիչ միասնությունը քաղաքական բրենդինգի համար հիանալի տանդեմ է, որը գրեթե միշտ աշխատում է հօգուտ քաղգործչի։

Թեկուզ միայն այն փաստը, որ սելֆիի միջոցով ստացված լուսանկարը կարող է զիջել որակով, լինել լղոզված կամ քաղգործչին ցուցադրել ոչ շահեկան տեսքով, հանրության մոտ գրեթե միշտ առաջացնում է դրական զգացմունքներ, քանի որ ստեղծվել է բնական իրադրությունում, առանց նախնական պայմանավորվածության։

Քաղաքական հաղորդակցության մարտավարության նպատակը քաղաքական դիսկուրսի մանրակրկիտ ձևավորումն է, որը համադրվում է քաղաքական գործչի լավ մշակված կերպարի հետ։

Սելֆին, որպես քաղաքական կերպարի ձևավորման նոր միջոց, հիանալի կերպով կարող է օգնել այդ դիսկուրսի ձևավորմանը, քաղգործչին օգնելով ձեռք բերել ժողովրդավայել կերպար, որը կգրավի նաև լրատվամիջոցներին։

Քաղգործիչների հետ սելֆիներ ունենալու հնարավորությունը հատկապես հավանական է դառնում նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում։

«Սելֆիի ժամ» միջոցառումը համընկնում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածի հետ, ոչ հեռու ապագայում նաև խորհրդարանական ընտրություններն են, որոնց անցկացման հայտը ներկայացրել են ներկա իշխանությունները, որոնք և հենց «Սելֆիի ժամ» միջոցառման կազմակերպիչն է։  

Անկախության տոնի օրակարգը մանրամասնող ասուլիսին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ «Սելֆիի ժամ» միջոցառման ժամանակ քաղաքացիները հնարավորություն կունենան լուսանկարվել հանրային գործունեություն ծավալող գործիչների հետ, իսկ քաղաքական գործիչները հաստատապես դասվում են հանրային գործունեություն ծավալող գործիչների շարքին։

Ներկայիս իշխանությունները շատ լավ գիտեն վիզուալ հաղորդակցության ուժը և հեղինակության ձևավորման գործում կիրառում են հաղորդակցության այդ տեսակը։

Թավշյա հեղափոխությունը ցույց տվեց, թե որքան մեծ դեր կարող է ունենալ սոցիալական ցանցը՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։ «Սելֆիի ժամ» միջոցառման ժամանակ արված սելֆիները բնականաբար հայտնվելու են նույն այդ սոցիալական ցանցերում, այս անգամ արդեն իշխանության եկած քաղաքական գործիչներին օգնելով կառուցել այն քաղաքական դիսկուրսը, որը վերջիններս ցանկանում են։

Բացի դա, «Սելֆիի ժամ» միջոցառումը նաև հետահայացք է թավշյա հեղափոխության օրերին, որի ընթացքում թե՛ հեղափոխության առաջնորդները, թե՛ քաղաքացիները սոցիալական ցանցերն ակտիվորեն լցնում էին տարատեսակ սելֆիներով։

Հեղափոխության օրերի ընթացքում կիրառված քաղաքական հաղորդակցության տարբեր միջոցները, ներկայիս իշխանությունները շարունակում են գործածել, հավանաբար այդկերպ ցույց տալով այն քաղաքականության տրամաբանական շարունակությունը, որը նրանք որդեգրել են իշխանություն գալուց առաջ։   

 

Ալինա Նահապետյան
Լրագրող

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *