2011.04.09,

Նյուսրում

«Ինքնագրաքննությունը լրատվամիջոցներում շարունակվել է ամբողջ տարվա ընթացքում»

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքները 2010. Հայաստան» ամենամյա տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձել է նաեւ Հայաստանում խոսքի եւ մամուլի ազատությանը:

Զեկույցում նշված է, որ Սահմանադրությունը երաշխավորում է խոսքի եւ մամուլի ազատությունը, այդուամենայնիվ, կառավարությունը գործնականում ոչ միշտ է պահպանում այդ իրավունքները: Մամուլի նկատմամբ  բռնության եւ ահաբեկման դեպքերը, ինչպես նաեւ ինքնագրաքննությունը մամուլում շարունակվել է ամբողջ տարվա ընթացքում: Լրատվամիջոցներում, հատկապես հեռուստատեսությունում, շարունակվել է բազմակարծության եւ օբյեկտիվ լուսաբանման բացակայությունը:

Տեղացի եւ միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնել, որ տարվա ընթացքում ընդունված լրատվամիջոցների մասին օրենքի էական փոփոխությունները՝ կապված երկրում թվային հեռարձակմանն անցնելու հետ, կարող են նվազեցնել լրատվամիջոցների բազմակարծությունը եւ քաղաքացիների՝ բազմազան տեղեկատվություն եւ կարծիքներ ստանալու մատչելիությունը:

Անհատները առհասարակ կարողացել են հրապարակայնորեն քննադատել կառավարությանը առանց վրեժի վախի, սակայն լրատվամիջոցները, մասնավորապես հեռուստաընկերությունները, վախեցել են պատժվել՝ կառավարության մասին քննադատություն հեռարձակելու դեպքում: Պատիժը ներառել է հեռարձակման արտոնագիրը կորցնելու կամ հարկային մարմինների կողմից հետաքննություն անցկացնելու սպառնալիքներ, ինչպես նաեւ եկամուտների կորուստ, երբ  գովազդատուները տեղեկացել են, որ լրատվամիջոցը կառավարությանը հաճո չէ: Պատժվելու վախը հանգեցրել է հեռուստաընկերություններում ինքնագրաքննության բարձր աստիճանի:

Տպագիր մամուլը, ընդհանուր առմամբ, առանց սահմանափակումների արտահայտել է տարբեր հայացքներ, բայց մնացել է տնտեսական կամ քաղաքական շահեր ունեցող խմբերի կամ անհատների ազդեցության տակ:

Կարծիքների մեծ բազմազանություն է եղել օնլայն հրապարակումներում, թեեւ օնլայն լրատվամիջոցների ընթերցողների թիվը մնացել է սահմանափակ, հատկապես Երեւանից դուրս:

Թերթի տպաքանակը մնացել է խիստ սահմանափակ, ինչպես երկրի 20 ռադիոկայանների լսարանը, որից երեքը եղել են հանրային, իսկ երկուսը հեռարձակվել են արտասահմանից:

Պաշտոնական տվյալներով՝ տարվա ընթացքում գործել է 82 հեռուստաընկերություն, որից 3-ը եղել են հանրային, իսկ 4-ը հեռարձակվել են արտասահմանից: 3 հանրային հեռուստաընկերություններից բացի՝ բոլորը սեփականաշնորհված են եւ երկրում գործող հեռուստաընկերությունների կեսը փոքր հեռարձակողներ են, որոնք հիմնված են երկրի հեռավոր շրջաններում:

Միայն պետական ​​սեփականություն համարվող Հանրային հեռուստատեսությունն (Հ1) է ունեցել համապետական հեռարձակում, թեեւ մի շարք այլ հեռուստակայաններ կարող էին հեռարձակվել իրենց շրջաններից դուրս: Հեռուստակայանների մեծ մասը  պատկանել են իշխանամետ քաղաքական գործիչներին կամ լավ կապեր ունեցող  գործարարներին, գործոններ, որոնք նրանց համար աշխատող լրագրողներին հուշել են ինքնագրաքննություն կիրառել: Հեռարձակողների մեծ մասն, ընդհանուր առմամբ, արտահայտել է իշխանամետ տեսակետներ եւ խուսափել է խմբագրական մեկնաբանություններից կամ կառավարությանը քննադատող տեղեկատվություն հեռարձակելուց:​​

Լրագրողների վրա հարձակվող շատ հանցագործներ մնացել են անհայտ: Տարվա ընթացքում իրավապահ մարմինների ներկայացուցիչները նույնպես ժամանակ առ ժամանակ հետապնդել են լրագրողներին: Հետաքննության ոչ մի զարգացումներ չեն եղել լրագրողների վրա հարձակվելու դեպքերի վերաբերյալ, որոնք արձանագրվել են նախորդ տարիներին:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *