2020.04.27,

vox populi

Մեդիապատանդի օրագրից

Երևի մեկ կամ երկու տարի առաջ էր՝ փաստագրական ֆիլմ տեսա, որտեղ պատմում էին Հվ. Կորեայում գործող մի մասնավոր բանտի մասին, որը ցանկացողներին սկսել էր կարճատև կալանավորման ծառայություններ մատուցել: Կարծես խոսքը շաբաթների մասին էր: 

Եվ պարզվել էր, որ ծառայությունը բավականին մեծ պահանջարկ ունի: 

Հիշում եմ, որ մի տեսակ նախանձով մտածեցի, թե ի՞նչ հրաշալի կլիներ՝ Հայաստանում էլ այդ ծառայությունը լիներ. մի քանի անընդհատ հետաձգվող կարդալիք ունեմ, կկարդայի, վերջապես վեպս կավարտեի ու էլի մանր-մունր լիքը բաներ կանեի, որ առօրյա վազքի, անվերջ իրար հաջորդող դեդլայնների ու մաշող կենցաղի պայմաններում, տեղեկատվական սարսափելի փոթորկի մեջ, պետության, հասարակության, հարազատների հսկող հայացքի ներքո ոչ մի կերպ չի ստացվում անել: 

Մի խոսքով, ինքս ինձ հետ մենակ կմնայի ու մի քիչ կզբաղվեի իմ անձով, կպրպտեի ավելի հանգամանալից ու ավելի հիմնավոր, ներհայեցողության՝ ժամեր ձգվող սեանսներին կտրվեի և այլն:

Էն ժամանակ էլ պարզ էր, որ միայն աբսոլյուտի ձգտող մեկուսացումը կարող է մարդուն օգնել՝ մնալ ինքն իր հետ, առանց ցանցին միանալու հնարավորության, արտաքին աշխարհի հետ հարաբերվելու համարյա զրոյական ակտիվությամբ, հակառակ դեպքում որևէ հույս չկա, և մեր այս կարանտինն էլ եկավ ապացուցելու դա:

Եթե մի հիսուն տարի առաջ հանրային դեմքեր էին, այսպես ասած, մատների վրա հաշված մարդիկ, ապա հիմա ցանկացած մարդ այս կամ այն չափով հանրային դեմք է: 

Բավարար է, եթե մարդը գրանցված է որևէ սոցցանցում: Ընդամենը հանրայնության աստիճանն է տարբեր, դա էլ՝ մեկ ժամում լուծելիք հարց է, եթե միայն մարդը ցանկանա մի որևէ հիմարությամբ կամ սկանդալով բարձրացնել իր հանրայնության աստիճանը (լավ բանով մեկ ժամում դժվար թե կարողանա): 

Ուստի հիմա բոլորն այս կամ այն կերպ ինչ-որ օտար հայացքի ներքո են և ինչ-որ օտարի հսկող հայացք են միաժամանակ: 

Մեդիայի ժամանակակից դրսևորումներն իրենց հասանելիությամբ, օպերատիվությամբ ու ինտերակտիվությամբ մեզ վերածել են մեդիապատանդների, իսկ մեր աշխարհը՝ մեդիաբանտի բաց երկնքի տակ՝ փախուստի որևէ տեղ չթողնելով անհատին: 

Թերևս միայն թողնելով իրական բանտում, կամավոր, բայց խիստ կալանքի տակ թաքնվելու ու մենակ մնալու հնարավորությունը, ինչպես «կորեական բանտում»: 

Կարանտինի սկզբի օրերին շատերը ոգևորված գրեցին, որ՝ հրաշք, վերջապես կանենք այն ամենը, ինչը չէինք կարողանում անել, կկարդանք, կգրենք, կսովորենք, բայց ինչ-որ աղոտ զգացողություն ունեմ, որ նրանցից շատ քչերն են կարողացել իրագործել իրենց այդ նպատակները. երևի նրանք, ովքեր ավելի ամուր նյարդային համակարգ ու մեծ կամքի ուժ ունեն և, իհարկե, ավելի թմբլիկ ֆինանսական անվտանգության բարձիկ: 

Ուստի հուսալ, թե ինքնամեկուսացումն այսօր ինչ-որ կերպ կարող է լուրջ օգտակարության գործակից ունենալ շատերի համար, իհարկե, մոլորություն է, բայց մենք սիրում ենք հուսալ: Եվ ես նույնպես հույս ունեի: 

Հույս ունեի մեդիայի կողմից իմ անձի պերմանենտ օբյեկտացումն ինչ-որ կերպ, թեկուզ կարճ ժամանակով հաղթահարել, փորձել զսպել ռեակտիվությունս, ներգրավվածությունս ու կենտրոնանալ բաների վրա, որոնք գուցե միայն ինձ են հետաքրքիր:

Մենք ապրում ենք «Ոչ մի օր առանց սռաչի», հայտնի ցանցային նշանաբանով, ավելին՝ մենք դրա կարիքն ունենք, մենք թմրամոլի պես կախվածություն ունենք դրանից, անմիջապես արձագանքելու ու արձագանքվելու կախվածություն: 

Եվ այդ երկակիությունը, երբ մի կողմից ամեն օր ծամելու նոր թեմայի պահանջ ունենք, բայց նաև հասկանում ենք, որ մեր կյանքի այս կերպը մեզ մաշում է հոգեպես, նույնպես խոսում է այն մասին, որ մենք հիվանդ ենք: 

Առայժմ հիվանդ ենք, քանզի մեր հանրության մի բավականին մեծ մասը դեռ այն սերնդից է, որ այսչափ ագրեսիվ մեդիավիրուսային համաճարակի հետ առաջին անգամ է առնչվում, և նրա առաքելությունը պիտի լինի իր առողջության ու տառապանքների գնով յուրացնել, հաղթահարել ու այդ վիրուսի հանդեպ իմունիտետը փոխանցել հաջորդ սերունդներին, որոնց համար նման տեղեկատվական միջավայրը միանգամայն նորմալ կլինի:

Սակայն եթե վերադառնանք մեր իրականություն, ապա այս պայմաններում կենտրոնանալը դարձել է բանական մարդու համար թիվ մեկ մարտահրավերը: 

Երբեմն տեղեկատվական հոսքերն այն աստիճան ագրեսիվ են ու թիրախային, որ կարող ես առավոտյան արթնանալ սովորականի պես՝ հուսալով, որ գոնե այսօր տեղեկատվական ահաբեկչության զոհ չես լինի ու օրդ կավարտես փոքր-ինչ խնայված նյարդային համակարգով, ու պարզել, որ քեզ ամենաբարձր մակարդակով, որպես տեղեկատվություն սպառող ու արտադրող մեդիա միավորի՝ արդեն տեսակավորել ու տեղավորել են համապատասխան դարակում, կարճ ասած՝ ցույց են տվել տեղդ այս կյանքում: 

Եվ մինչ դու առավոտյան սուրճդ կպատրաստես՝ հընթացս մտորելով, որ՝ բայց դու կարծես այդ տեսակներից որևէ մեկի մեջ չես տեղավորովում, ինչու՞ այլընտրանք չունես, ու մինչ կխմես արդեն հարամված առաջին սուրճդ՝ գլխիդ զոռ տալով՝ իսկ իմ այընտրանք չունենալը տեսակավորողի հուզակա՞ն գործելակերպի արդյունք է, թե՞ այնուամենայնիվ միտումնավոր, որպեսզի իմ ցանկացած հանրայնորեն արտահայտած միտք, առանց մտավոր մեծ ջանք գործադրելու, ի վերուստ տրված կանոնների համաձայն՝ հանրության հսկող հայացքը տեղավորի համապատասխան դարակում ու անցնի առաջ: 

Եվ մինչ դու կտվայտվես հոգեկան ապրումներից, գլխապտույտ ու սրտխառնոց կունենաս արդարության և անարդարության հավերժական ճոճանակի վրա ժամերով տարուբերվելուց, կգա օրվա երկրորդ սուրճի ժամանակը: 

Քեզ կմնա արձանագրել, որ թերևս մի օր էլ կորցրեցիր քո այնքան երազած կարանտինից ու մի գիրք էլ չկարդացիր քո կարդալիք գրքերի անվերջանալի ցանկից: 

Փաստորեն կատարվեց այն, որ կորոնավիրուսից խուսափելու համար ֆիզիկապես մեկուսացանք տանը, սակայն պարզվեց դեմ առ դեմ, բոլորովին մենակ ու անօգնական մնացինք մեդիավիրուսի առջև, առանց պաշտպանիչ որևէ մեխանիզմների, առանց մեդիայից հրաժարվելու կամքի, մտավոր ու հոգեկան ուժերի, հաճախ կրթության ու աշխատանքով պայմանավորված մեկուսանալու անհնարինությամբ: 

Եվ այս պարադոքսալ իրավիճակը, երբ լինելով ակտիվ, բավարար չափով առողջ, շփվող, գրագետ, տեղ-տեղ նախաձեռնող, որոշ եկամուտներ ունեցող անձնավորություն, որը մի հիսուն տարի առաջ կհամարվեր, որ ունի բավարար նախադրյալներ համեմատաբար ազատ ու անկախ մտածելակերպով ու հոգեկերտվածքով անհատ լինելու համար, սակայն այսօր ազատության որոշակի, թեկուզ ժամանակավոր մակարդակի հասնելու համար տենչում է մի քանի շաբաթով «կորեական բանտի» կալանավոր դառնալու մասին, փոքր ինչ հուսահատեցնում է, իհարկե: 

Իսկ ոչ այդքան ծայրահեղ մեթոդներից, թերևս ֆիզիկական աշխատանքը միակ իրական հնարավորությունն է մնացել մեդիապատանդությունից ժամանակ առ ժամանակ դուրս գալու համար:

Եվ գուցե արժե կարանտինից հետո փոքրիկ հողակտոր գնելու կամ որևէ արհեստ սովորելու մասին մտածել, ժամանակակից տարաբնույթ հմտություններ ու մասնագիտություններ սովորելու փոխարեն: 

Եթե, իհարկե, մեզ մեր նպատակից կրկին չշեղի հերթական ծանուցումը:  

Սարգիս Հովսեփյան
գրող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *