Ռուբիկ Հակոբյանի գոհունակությունն ու անպատժելիության զգացումը

08.12.2016, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը թեև պարզ չի ասում, բայց նրա խոսքերից կարելի է հասկանալ, որ, այո, նա հարվածել է «Հրապարակ»-ի լրագրող Վահե Մակարյանին ու, այո, գոհ է իր արարքից:

Պատգամավորն իր պահվածքը «հիմնավորել է Վահե Մակարյանի հանդուգն վարքով»:

«Միջադեպի մյուս կողմը լրագրող չի եղել, եղել է խուլիգան, որի հետագա գործունեությունը փորձել եմ կանխել»,- ԱԺ-ում էլ հայտարարել է Հակոբյանը:

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտած պատգամավորն անցել է հակագրոհի:

Երբ գրում էի այս հոդվածը, նա «Ազատության» ուղիղ եթերում քննարկում էր, թե ով է լրագրողը ու ով կարող է զբաղվել լրագրությամբ: Ասում էր, որ քաղաքացին կարող է հրաժարվել լրագրողի հարցին պատասխանելուց: Իրականում պատգամավորն էլ կարող է հրաժարվել հարցազրույցից՝ հստակ գիտակցելով, սակայն, որ ինքը շարքային քաղաքացի չէ: Բայց ԱԺ միջանցքում Հակոբյանն իր ազատ կամքով էր պատասխանում լրագրողների հարցերին:

Հարցազրույց տալու կամ չտալու, լրագրող լինելու կամ չլինելու մասին խոսելիս կարևոր է հիշել, որ.

  • ԱԺ պատգամավորը սովորական քաղաքացի չէ ու պետք է պատրաստ լինի, որ լրագրողներն իրեն հարցեր են տալու, նույնիսկ եթե դրանք անցանկալի, տհաճ ու դժվար հարցեր են, որոնք, հնարավոր է, ազդեն պատգամավորի նյարդերի վրա: Հանրային դեմքը պետք է շարունակի մնալ քաղաքակիրթ ու պատասխանի հարցերին կամ քաղաքակիրթ կերպով հրաժարվի պատասխանելուց:
     
  • Երբ քաղաքական գործիչը կարիերայի ընթացքում քաղաքական թիմեր է փոխում, իր կենսագրության մասին հարցերը բնական են: Դրանք կարող են նյարդայնացնել, բայց տեղին են: Ոչ թե պաշտոնյան է որոշում, թե իրեն ինչ հարցեր տան, այլ լրագրողն ու իր խմբագրությունը:
     
  • Բնական է, որ ԱԺ միջանցքում ճեպազրույց տվող պատգամավորին (իսկ Հակոբյանը հանպատրաստից ճեպազրույց էր տալիս) հնարավոր է ուղղել ցանկացած հարց, հնարավոր է նույն հարցը ուղղել մի քանի անգամ: Եթե պատգամավորը ցանկանում է իրեն ուղղված հարցերը ֆիլտրել, կարող է լրագրողների հարցերին պատասխանելու այլ՝ իր համար ավելի վերահսկելի ֆորմատ ընտրել: Եթե համաձայնել է պատասխանել չմիջնորդավորված հարցերին, թող բարի լինի հանգստություն պահպանել:
     
  • ԱԺ պատգամավորը չի որոշում, թե ով է լրագրող, ով՝ միկրոֆոնի հետևում թաքնված խուլիգան: Լրագրողին աշխատանքի է վերցնում նրա գործատուն, ցանկալի է՝ խմբագրի ընտրությամբ: Եվ խմբագրությունն է որոշում, թե ում գործուղել ԱԺ: Պատգամավորը այս հարցին չի կարող միջամտել: Վահե Մակարյանը ՀՀ Ազգային Ժողովում հավատարմագրված լրագրող է ու այստեղ Ռուբիկ Հակոբյանն անելիք չունի:
     
  • Խմբագրությունն է որոշում իր լրագրողի էթիկայի սահմանները: Խմբագրությունն է պատասխանատու իր լրագրողի պահվածքի համար: Լրագրողին դաստիարակելն ու կրթելը պատգամավորի լիազորությունների մեջ չի մտնում:

Այսօր Ռուբիկ Հակոբյանը զբաղված էր իր պահվածքից գոհունակությունը լրատվական դաշտով տարածելով: Սա միջադեպի ամենավտանգավոր զարգացումն է: Քանի որ ԱԺ պատգամավորի վարքը կարող է օրինակ ծառայել նրա գործընկերների համար: Ու կարող է թվալ, թե պաշտոնյաներն իրենք են որոշում՝ ով է լրագրող ու ով՝ ոչ, ու թվացյալ ազդեցության տակ որոշել՝ ականջ քաշե՞լ, հարվածե՞լ, թե՞ ուղղակի հայհոյել:

Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերի մասին խոսելիս կարելի է մի բառ կիրառել՝ «անպատժելիություն»: Պարզ է, որ Հակոբյանն իրենից գոհ կլինի, քանի որ ո՛չ իրենից առաջ ԱԺ-ում աշխատող լրագրողներին հայհոյած ու սպառնացող պատգամավորները, ո՛չ էլեկտրիկ Երևանի ու Սարի թաղի ցույցերը լուսաբանող լրագրողներին ծեծի ենթարկածները մինչև այսօր չեն պատժվել:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?