«Ռոսկոմնադզոր»-ի խնդրանքն անտրամաբանական է

29.09.2017, Նյուսրում

Լրագրող

Ռուսաստանի Դաշնության Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկման դաշնային ծառայությունը («Роскомнадзор») նամակով դիմել է  Hetq.am-ին` խնդրելով կայքից հեռացնել Ռուբեն Թաթուլյանի Չեխիայում ձերբակալության մասին նյութը: Ավելի վաղ նույն խնդրանքով ծառայությունը դիմել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Armrus.info լրատվական կայքին:

Օտարերկյա ծառայությունը հայաստանյան լրատվամիջոցներին տեղեկացնում է, որ իր երկրի քաղաքացի Ռուբեն Թաթուլյանը դիմել է՝ խնդրելով աջակցել իր անձնական տվյալները հեռացնել նշված ինտերնետային աղբյուրներից:

«Հետք»-ը և Armrus.info-ն` հղում անելով ռուսաստանյան լրատվամիջոցներին, գրել էին, որ Չեխիայում ձերբակալված ռուսաստանաբնակ Ռուբեն Թաթուլյանի մոտ հայտնաբերվել է ՀՀ դիվանագիտական անձնագիր:

Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Թաթուլյանը հայտնի է քրեական աշխարհում և Չեխիայում է եղել «գողական սխոդկա»-ի և օրենքով գողերի թագադրության համար, սակայն ՉՀ ՆԳՆ (Չեխիայի հանրապետության ներքին գործերի նախարարություն) Կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները խափանել են նախատեսված հավաքը:

Թաթուլյանը ծառայության օգնությամբ ցանկանում է մոռացության մատնել Չեխայի սկանդալը: Վերջինս իր իրավունքների պաշտպանությունը սկսել է հայկական լրատվամիջոցներից, մինչդեռ սկզբնաղբյուր ռուսաստանյան կայքերում և Յություբում պահպանվում են նրա չեխական արկածների մասին հրապարակումներն ու տեսանյութերը:

«Անտրամաբանական նամակ ենք ստացել: Ծառայությունը միջպետական հարաբերությունների մասին գաղափար չունի, ինչպես կարող էր նման խնդրանքով դիմել այլ երկրի լրատվամիջոցին: Մեր երկրում համապատասխան կառույց կա, և Թաթուլյանը կարող էր Հայաստանի արդարադատության նախարարության միջոցով լուծել խնդիրը»- իրավիճակը մեկնաբանում է «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, խմբագրությունը նամակ-խնդրանքը ժպիտով է ընդունել և չի պատրաստվում հեռացնել բովանդակությունը կայքից. «Հասկանալի չէ, ինչու պետք է մենք հեռացնենք նյութը, եթե ռուսաստանյան ողջ մամուլը լցված է Թաթուլյանի թեմայով  հրապարակումներով և տեսանյութերով»:

Բաղդասարյանն ասում է, որ իրենք ավելի լուրջ նամակներ ունեն այլ իրավաբանական կազմակերպություններից. «այդ նամակներ են, որ ավելի մտահոգիչ են մեզ համար»:

Այս թեման գուցե հետաքրքրություն չառաջացներ, եթե դիվանագիտական անձնագրի փաստը չլիներ: Ըստ Hetq.am-ի, Ռուբեն Թաթուլյանը ՀՀ ընտրողների ռեգիստրում գրանցված չէ, հետևաբար, չունի Հայաստանի քաղաքացիություն:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը լրատվամիջոցին հայտնել էր, որ դիվանագիտական անձնագիր ունեցողների ցանկը կարգավորվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրեքնով, որտեղ ՀՀ նախագահի թույլտվությամբ կարող է տրվել դիվանագիտական անձնագիր:

Տեղեկատվական իրավունքի փորձագետ Դավիթ Սանդուխչյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ցանկացած մարդ կարող է դիմել լրատվամիջոցին իր իրավունքների պաշտպանության նպատակով պահանջել հեռացնել, հերքել, շտկել տեղեկատվությունը, եթե գտնում է, որ այն չի համապատասխանում իրականությանը և վնասում է իր պատիվն, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար համբավը:

«Սա տարօրինակ դեպք է, որքանով է ռուսական գործակալությունն իրավասու նման հարց կարգավորել իր տարածքից դուրս: Նման պահանջով ՌԴ-ի գերատեսչությունը կարող էր դիմել Ռուսաստանի տարածքում գործող կազմակերպությանը՝ անհատին զրպարտող տեղեկությունները վերացնելու պահանջով»,- ասում է մասնագետը:

Սանդուխչյանը նշում է, որ այս դեպքում ավելի տրամաբանական կլիներ, եթե անձը դիմեր կայքին, խնդրելով հեռացնել նյութը, պատճաբանելով, որ հրապարակման մեջ ներկայացված իր վարքագիծը չի համապաստասխանում իրականությանը:

«Մեր երկրում Զանգվածային լրատվության մասին օրենքը շատ լավ կարգավորում է նման հարցերը: Իսկ եթե լրատվամիջոցը հրաժարվում է հեռացնել նյութը, խնդիրը կարող է լուծվել դատական կարգով»,- հավելում է Դավիթ Սանդուխչյանը:

Ըստ մասնագետի, Հայաստանում և Ռուսաստանում նման հարցերը տարբեր կերպ են կարգավորվում.  «Ռուսաստանը տեղեկատվական աղբյուրների, հեռահաղորդակցության ոլորտում պատմականորեն գերկարգավորված երկիր է: Այնտեղ կան բովանդակությունը վերհսկող գերատեսչություններ, որոնք կարող են լրատվամիջոցից պահանջել հեռացնել նյութը կամ պահանջել օպերատորներից արգելափակել «սև ցուցակում» ներգրավված տեղեկատվական աղբյուրները»:

Հայաստանում, Դավիթի խոսքով, անձի պատվի ու արժանապատվության պաշտպանության համար գործում է այլ համակարգ. «Անձը կամ որևէ գործակալություն չի կարող պահանջել լրատվամիջոցից արգելափակել տեղեկատվությունը: Պահանջի դեպքում էլ լրատվամիջոցը պարտավոր չէ հեռացնել նյութը, սակայն եթե դատարանը գտնի, որ տեղեկությունները իսկապես ունեցել է զրպարտիչ կամ անձին վիրավորող բնույթ, ապա լրատվական միջոցը ստիպված կլինի հատուցել այդ անձին բարոյական վնասը»։

Ինչ վերաբերվում է անձնական տվյալների պաշտպանությանը, ըստ մասնագետի, Հայաստանում գրանցված ու գործող որևէ կազմակերպության Ռուսաստանի գերատեսչությունը  նման պահանջ ներկայացնելու որևէ իրավունք չունի:

«Անձը պետք է դիմեր արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը: Եթե կառույցը գտներ, որ տեղի է ունեցել անձնական տվյալների անօրինական մշակում, ապա կարող էր պահանջել հայկական լրատվամիջոցից վերացնել այն տեղեկությունները, որոնք պարունակում են անձնական տվյալներ»,-ասում է Սանդուխչյանը։  

Նա կարծում է, որ լրատվամիջոցն՝ այս դեպքում Hetq.am-ը, պարտավոր չէ հերքում տարածել, քանի դեռ չկան փաստեր, որ տեղեկատվությունը զրպարտող է կամ լինելով ոչ ճշգրիտ վիրավորական է։

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?