2019.11.11,

Քննադատ

Պետությունն իրավունք ունի՞ արգելափակել օգտատիրոջը սոցցանցում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Այս թեմային պարբերաբար ցանկացել եմ անդրադառնալ։ Հայաստանում ինտերնետի ազատության մասին Freedom House-ի զեկույցը թեմայի մասին գրելու առիթ դարձավ։

Ֆեյսբուքի իմ էջում զեկույցի քննարկման ժամանակ Տիգրանյան Հայկ անունով օգտատերն այսպիսի մեկնաբանություն արեց․ «Դեռ պետքա ավելի բարելավենք։ Էնպես չի որ խնդիրները քիչ են։ Պետական կառույցները մարդկանց բլոկում են իրենց ղեկավարի հասցեին թեթև քննադատական խոսքի համար։ Անձամբ ինձ ԱԱԾ ֆբ էջը բլոկել էր միայն էն պատճառով, որ գրել էի «Պարոն Վանեցյանը թող իր գործը լավ անի ու շրջանակներից դուրս չգա»։

Ահա քննարկվող հարցը․ արդյոք պետությունը կամ պետպաշտոնյան սոցցանցում իր պաշտոնական էջում իրավունք ունի արգելափակել օգտատիրոջը։

Հայաստանում այս թեման բազմիցս քննարկվել է, բայց զուտ սոցցանցային մեկնաբանությունների մակարդակով։ Սակայն, եթե գնանք ԱՄՆ, ապա այնտեղ գոյություն ունի նույնիսկ դատական որոշում տվյալ հարցով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես հայտնի է, ահավոր սիրում է օգտվել Թվիթերից (ասեմ ավելին, Թվիթերն էլ է շատ սիրում Թրամփի այդ բնավորությունը, քանի որ դա կտրուկ բարձրացնում է սոցցանցի այցելությունները և, բնականաբար, եկամուտները)։

Թրամփն իր էջում պարբերաբար արգելափակում է  ընդդիմախոս թվիթերցիներին։ Յոթ հոգի այս հիմքով դատի էին տվել ԱՄՆ նախագահին և գործը շահել դատարանում։ Պարզվում է խոսքի ազատության ոտնահարում է, երբ քննադատներին արգելափակում ես սոցցանցում։

Սա Ամերիկայում։ Ինչպե՞ս է իրավիճակը Հայաստանում։ Պարզ չէ։

Բայց եկեք տրամաբանենք. խոսքի ազատության տեսանկյունից մենք նույնպես ունենք խնդիր, երբ մարդուն արգելափակում են սոցիալական ցանցի պաշտոնական էջում։ Ամերիկյան խոսքի ազատությունը ինչո՞վ է ավելի խոսքի ազատություն, քան մեր խոսքի ազատությունը։

Սահմանադրության մեջ խոսքի ազատության մասին հատուկ հոդված կա։

Սահմանադրություն, Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:

Գոյություն ունի նաև Տեղեկատվության ազատության մասին օրենք։ Այսպես, օրինակ․

Հոդված 12.
Տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողների պարտականությունները

Տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով՝
1) ապահովել տեղեկությունների մատչելիությունը և հրապարակայնությունը.

Կամ, վերցնենք այլ հատված․

Հոդված 7.
Տեղեկությունների մատչելիության և հրապարակայնության ապահովումը

2. Տեղեկատվություն տնօրինողն անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձևով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը։

 

Օրենքի այս կետերի հիման վրա կարելի է գալ եզրակացության, որ մարդուն արգելափակելը սոցցանցային էջից, որը այսօր շատերի համար հիմնական տեղեկատվության աղբյուր է, ինչ֊որ առումով անհամապատասխան է տեղեկատվության ազատության վերոնշյալ և մի շարք այլ դրույթների հետ։

Իհարկե, պետական մարմինների էջերի մոդերատորները կարող են հակաճառել, որ բազմաթիվ հայհոյախառը մեկնաբանություններ անողներ կան, դրանց ինչպե՞ս չարգելափակես և այլն։

Անկասկած, կարևոր է, որպեսզի մեկնաբանություններում չհայտնվեն գռեհիկ կամ նույնիսկ Քրեական օրենսգրքին հակասող գրառումներ։ Բայց այս ամենը պետք է կարգավորվի։

Օրինակ, Միացյալ թագավորության վարչապետի ֆեյսբուքյան էջում հստակ գրված է․ եթե դուք մեկնաբանելու եք այս էջը, ընթերցեք մեր մոդերացիոն քաղաքականությունը։

Հղումով մանրամասն ներկայացված է, թե որ  սոցցանցում որ տիպի մեկնաբանությունները կարող են հեռացվել, իսկ մեկնաբանողները նաև արգելափակվել։

Կգտնե՞ք նման զգուշացումներ մեր պաշտոնյաների կամ պետական կառույցների էջերում։ Ես որ չգտա։ Այսինքն, ստացվում է, որ խաղի կանոններ չկան։ Ինչը ոգեշնչող չէ։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *