2013.10.31,

Խաչմերուկ

«Մեդիան հաճախ քաղաքականության պատանդն է դառնում»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

 

 

Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ:

Պարոն Կիրակոսյան, Լեռնային Ղարաբաղի խնդիրը միշտ ակտուալ է: Որքանո՞վ է այդ խնդրի լուսաբանումը մեդիայում արտացոլում իրական պատկերը:

Լեռնային Ղարաբաղի խնդրի լուսաբանումը մեդիայում երկու տարբեր շրջաններ է անցել: Պատերազմի տարիներին հասկացվածության եւ ինֆորմացիայի պակաս կար: Դա կապված էր կոնֆլիկտի ինտենսիվության եւ նոր կոնֆլիկտների ծագման վտանգի հետ, եւ դժբախտաբար, մեծամասամբ կառուցված էր նացիոնալիզմի՝ ազգայնականության վրա: Եվ այդ պատճառով էլ դեբատները պայմանավորված էին երկու կողմից բխող բացասական դինամիկայով:

Իսկ 1994 թվականից հետո, երբ զինադադար հայտարարվեց եւ Ղարաբաղը սառեցված կոնֆլիկտ դարձավ, փոխվեց նաեւ մեդիայի լուսաբանումը: Հայկական կողմի դիրքերն ամրապնդվեցին, եւ դրա շնորհիվ՝ ազգայնականությունը հիմնական գործոն այլեւս չէր հանդիսանում: Հայաստանի մեդիայում առաջընթաց նկատվեց՝ կոնֆլիկտի հասկացվածության եւ լուսաբանման առումով:

Եվ միեւնույն ժամանակ ադրբեջանական մեդիայում, դժբախտաբար, տեղի ունեցավ հակառակ պրոցեսը:

Իսկ հիմա՞:

Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մեդիան հիմնականում սկսեց արտացոլել հայաստանյան քաղաքական եւ հասարակական խնդիրները: Եվ ստացվեց այնպես, որ բարեփոխիչ ձայներն ու անձիք փոխարինվեցին զինվորական, ազգայնական տարրերով: Բանավեճը, դիսկուրսը եւ կարծիքների զանազանությունը պակասեցին: Ցավոք, շատ բան չի արվում տաբուներն ու արգելքները հաղթահարելու համար:

Մեկ կոնկրետ օրինակով խոսեմ. Ղարաբաղը ներկայացնելիս հաճախ օգտագործվում է «օկուպացված տարածքներ», այլ ոչ թե «ազատագրված տարածքներ» տերմինը:

Մեդիան հասարակության արտացոլումն է եւ դժբախտաբար, հաճախ քաղաքականության պատանդն է դառնում: Մեդիան այն նույն ճնշումներին է ենթարկվում, ինչ քաղաքացիական հասարակությունը: Եվ դրա արդյունքում՝ լրատվամիջոցներում պրոֆեսիոնալիզմի եւ պատրաստվածության պակաս է նկատվում: Ընդ որում՝ այդ պակասը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի լուսաբանմանն է վերաբերում, այլեւ հանդիպում է բոլոր ոլորտներում:

Բայց միաժամանկ պետք է նշեմ, որ հայաստանյան լրատվամիջոցներն ավելի մեծ առաջընթաց ունեցան, քան ադրբեջական լրատվամիջոցները: Լուսաբանումը եւ մեկնաբանություններն արդեն իսկ ավելի որակյալ են, իսկ հայկական կարծիքները լսելի են դառնում եւ տպագրվում են ադրբեջանական մեդիայում:

Իսկ հակառակը՞:

Եթե հնարավորություն լինում է, նման օրինակներ հայտնվում են, եւ հայկական լրատվամիջոցներում ներկայացվում է ադրբեջանական կարծիքը: Բայց,

Կոնֆլիկտի վերլուծությանն առնչվող վտանգը առաջին հերթին կապվում է ֆիզիկայի հետ: Ֆիզիկայի օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր ակցիա իր ռեակցիան է ունենում: Վտանգավոր է, երբ մեղքի ողջ ծանրությունը միայն մի կողմի վրա է դրվում:

հստակորեն կարող եմ ասել, որ այս գործում շատ անելիքներ կան:

Խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող խաղաղության գործընթացն է, որն անմիջականորեն ազդեց լրատվամիջոցների լուսաբանման վրա:

Դիվանագիտության եւ քաղաքականության, նաեւ Մինսկի խմբի գործունեության «փակ» լինելը առաջ քաշեց մի լուրջ խնդիր. ինֆորմացիայի պակասը առաջ մղեց ապատեղեկատվությունը:

Հաճախ տեսնում ենք, որ ինֆորմացիան (հատկապես հեռուստադաշտում հայտնվող) հիմնականում պրոպագանդա է: Բավականին պրիմիտիվ պրոպագանդա:

Եթե ուշադիր նայենք հայաստանյան լրատվամիջոցների բնութագրումներին, եւ հատկապես ամենավատ օրինակին՝ հեռուստատեսությանը, ապա կտեսնենք, որ յուրաքանչյուր հարցի լուսաբանումը (ոչ միայն Լեռնային Ղարաբաղի) պետության ճնշմանն ու վերահսկողությանն է ենթարկվում: Եվ այո, կիրառվում է նաեւ պրիմիտիվ պրոպագանդա:

Միաժամանակ՝ այլընտրանքային, ընդդիմադիր հեռուստատեսության պակասն այդ խնդիրն է՛լ ավելի է խորացնում:

Բայց ուզում եմ նշել, որ սա մեկուսացում չէ, այլ ազատությունների եւ հնարավորությունների պակասից բխող խնդրահարույց հարց: Եվ ինչպես վերջերս ցույց տվեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը, հասարակության մեջ դիսկուրսի շատ ցածր մակարդակ գոյություն ունի:

Այո, Հայաստանում քաղաքական ուժերից շատերն իրականում հենց պրոպագանդա են օգտագործում: Բայց Լեռնային Ղարաբաղի հարցը շատ ավելի լուրջ է, քան այլ խնդիրները, քանի որ թշնամական իրավիճակում առանց մարտահրավերներ նետելու ապրելը, վտանգավոր է: Այս դեպքում դա քայլ առաջ չէ, եւ պատերազմի սպառնալիքը է՛լ ավելի է մեծանում:

Մենք հուսով ենք, որ հայ-թուրքական գործընթացում եղած հաջողությունները կհարմարեցվեն հայ-ադրբեջանական կոնտակտերին եւ փորձ կարվի առաջ մղել այդ գործընթացը:

Շատ բան Հայաստանում հիմնավորվում է ազգային անվտանգությամբ ու կոնֆլիկտային գոտում գտնվելու փաստով: Չե՞ք կարծում, որ դա կարծես թույլ է տալիս ցանկացած (այդ թվում նաեւ ոչ հեռանկարային) որոշում ներկայացնել զուտ քարոզչական լեզվով եւ միայն դրական տեսակետից:

Այո, մենք նման որոգայթն ընկնելու թուլություն ունենք, որովհետեւ ազգային անվտանգության նման փաստարկը անկեղծ չի, այլ պարզապես հիմարություն է: Սա կապված է այն իրողության հետ, որ հասարակությունը հաշվետու չի դարձնում իշխանությանն ու կառավարությանը:

Իշխանությունը հեշտությամբ մերվել է այն մտքի հետ, որ իշխանությունից դուրս գտնվողները ոչինչ չգիտեն այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունենում խաղաղության գործընթացում: Ինչն էլ իհարկե, բարդեցնում է այդ գործընթացը քննադատելը, բայց միեւնույն ժամանակ դժվարեցնում է նաեւ իշխանությանը աջակցություն ցուցաբերելու գործը:

Իսկ որքանո՞վ են հայաստանցիներին հետաքրքրում տարածաշրջանային կոնֆլիկտները:

Այստեղ երկու խնդիր կա: Առաջինը՝ մեդիայի ոլորտում պրոֆեսիոնալիզմի պակասն է, որն անկեղծ ասած ես բնական եմ համարում, քանի որ դա 70 տարի սովետական համակարգում ապրելու արդյունք է: Հայաստանի լրատվամիջոցների զարգացումն իրականում սկսվեց միայն 1990-ականներից:

Երկրորդ խնդիրը՝ սփյուռքի մոտեցումն է: Ես հաճախ քննադատում եմ հայկական սփյուռքին Հայաստանի Հանրապետության ցանկացած նախաձեռնությանը կուրորեն աջակցելու համար:

Յուրաքանչյուր կոնֆլիկտ (Սիրիայում, Աբխազիայում եւ այլուր) մենք դիտարկում ենք միայն Հայաստանի տեսանկյունից, ինչը նեղացնում է հեռանկարը, դարձնում է մեզ կույր ու թույլ չի տալիս ամբողջական պատկերը ըմբռնել:

Պրոֆեսիոնալ վերլուծաբան-լրագրողների պակաս կա՞:

Նայելով մեր մեդիայում տեղ գտած նյութերին, մի շատ հետաքրքիր բացահայտում կանենք. Հայաստանի լրատվամիջոցներում հարյուրավոր էքսպերտներ կան: Մենք չգիտենք, թե նրանք ինչպես են դարձել էքսպերտ:

Հայաստանյան կոնտեքստում փորձագետը մի մարդ է, ով գիտի ամեն ինչ ու նոր բան սովորելու կարիք այլեւս չունի:

Ես ԱՄՆ-ում կրթություն ստացած վերլուծաբան եմ, բայց ինձ փորձագետ չեմ համարում, որովհետեւ դրանք տարբեր հասկացություններն են: Եվ վերլուծություններ անելով՝ ես ամեն օր մի նոր բան եմ սովորում, քանի որ մեզ շրջապատող աշխարհն է ամեն օր փոխվում: Վստահ եմ՝ վերլուծությունը պիտի լինի դինամիկ եւ փոփոխվի ըստ իրավիճակի:

Յուրաքանչյուր կոնֆլիկտ (Սիրիայում, Աբխազիայում եւ այլուր) մենք դիտարկում ենք միայն Հայաստանի տեսանկյունց, ինչը նեղացնում է հեռանկարը, դարձնում է մեզ կույր ու թույլ չի տալիս ամբողջական պատկերը ըմբռնել

Վերլուծության արեւմտյան մոդելը ենթադրում է, որ սկզբում պետք է ինֆորմացիայի եւ տվյալների հավաքագրում կատարվի, եւ միայն դրանից հետո ներկայացվի անալիզը: Հայաստանի կոնտեքստում տեղի է ունենում հակառակը. սկզբում պատրաստվում է վերլուծությունը, եւ հետո փաստերն ու տվյալները ներառվում եմ վերլուծության մեջ ու նախապես արված եզրակացության հիմնավորումը դառնում: Ինտելեկտի առումով դա ծույլ գործ է:

Բայց իհարկե, մենք ունենք նաեւ շատ լավ վերլուծաբաններ (Ալեքսանդր Իսկանդարյանը, Սերգեյ Մինասյանը), որոնք զարգացնում են դաշտը:

Կոնֆլիկտների լուսաբանումը նրբանկատ գործ է: Ձեր կարծիքով՝ վերլուծաբան-լրագրողը հատկապես ո՞ր կետերին պետք է ուշադրություն դարձնի:

Կոնֆլիկտի վերլուծությանն առնչվող վտանգը առաջին հերթին կապվում է ֆիզիկայի հետ: Ֆիզիկայի օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր ակցիա իր ռեակցիան է ունենում: Այսինքն՝ միշտ պետք է հիշել, որ ամեն գործողություն արձագանք է ստանում:

Վտանգավոր է, երբ մեղքի ողջ ծանրությունը միայն մի կողմի վրա է դրվում: Օրինակ, ես մեծ սխալ եմ համարում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն արտահայտությունը, որ հայերն ու ադրբեջանցիները գենետիկորեն անհամատեղելի են եւ չեն կարող հարեւանությամբ ապրել:
Ավելի հասուն մոտեցում կլիներ, եթե հայտարարվեր, որ մենք խնդիր ունենք ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի կառավարությունների հետ, բայց այդ խնդիրը երբեք չանդրադարձնեինք ժողովուրդների վրա:

Սակայն պետք է ասել, որ այս դեպքում ադրբեջանական հռետորաբանությունն այնքան ավելի ագրեսիվ ու վատն է, որ դրա ֆոնին մենք ակամայից ավելի լավն ենք երեւում:

Մտահոգություն է նաեւ սեւի ու սպիտակի հակադրումը, որը կա ե՛ւ քաղաքականության մեջ, ե՛ւ մեդիայում: Աշխարհում չես գտնի որեւէ կառավարություն, որը կամ ամբողջությամբ ճիշտ է, կամ ամբողջությամբ սխալ:

Յուրաքանչյուր քննադատություն, որքան էլ այն կառուցողական եւ տրամաբանական է, միշտ ընկալվում է որպես դավաճանություն կամ բացասական երեւույթ:

Իսկ Հայաստանից դուրս ապրողները՝ ծանոթանալով մեր մեդիայում տեղ գտած վերլուծություններին, կարո՞ղ են ամբողջական պատկերացում կազմել:

Թոմաս դե Վաալն ու նրա նման մարդիկ շատ լավ հասկանում են թե ինչ է կատարավում, բայց իհարկե, ցանկացած մարդ, որ զբաղվում է վերլուծությամբ, իր սեփական կողմնորոշումն ունի:

Օրինակ ես՝ ամերիկյան կրթություն ստացած մարդ լինելով, լավ չեմ կարողանում հասկանալ ռուսական մոդելը:

Իսկ ռուսական մոդելը Հայաստանի ճակատագի՞րն է:

Ոչ միայն հուսով եմ, որ ոչ, այլեւ հստակորեն՝ ոչ: Ռուսական մոդելն ու ռուսական մոտեցումներն առաջին հերթին հենց Ռուսաստանի համար են վատ: Սովետական Միության ժառանգությունը պիտի հաղթահարվի:

Բարեբախտաբար Հայաստանում շատերը հասկանում են, որ մենք ոչ թե ամերիկյան, եվրոպական կամ ռուսական, այլ հենց հայկական մոդելի կարիքն ունենք:

Իրականում Հայաստանում առաջընթաց կա, պարզապես խնդիրն այն է, որ պրոգրսեը դանդաղ է եւ ոչ բավարար:

Բայց ես լավատես եմ եւ չեմ պատրաստվում հանձնվել:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *