2014.11.05,

Քննադատ

Նոր հեռուստատեսային ժանր՝ հաշվեհարդար

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Մոտ մեկ տարի առաջ ուկրաինական ժողովուրդը սկսեց պայքարել հանուն եվրաասոցացման իր իրավունքի, և ծավալվեց ռուս-ուկրաինական… ապա ռուս-համաշխարհային քարոզչական պատերազմը. ռուսական տեսակետները հակադրվում էին մնացած բոլորին։

Ճիշտ է, մեր հեռուստաեթերում հակառակ իրավիճակն է. ռուսական կենտրոնական ալիքներն ազատ սփռվում են, հայկականներն էլ մեծ մասամբ վերարտադրում են նրանց տեղեկատվությունը, և մարդիկ առօրյա խոսակցություններում հաճախ կրկնում են նույն բանները։

Նույնքան հաճախ լրագրողական շրջանակներում կարելի է կարծիքներ լսել, թե ռուսական TV-ները լրագրողական էթիկայի բոլոր կանոնները ոտնահարում են, բայց մասնագիտորեն իրենց գործն անում են փայլուն։

Շատ ուրիշ «ֆեյսբուքահայերի» պես ես TV համարյա չեմ նայում, ու երբ մի քանի օր առաջ «Ռոսիա-1» ալիքը միացրի հենց էն պահին, երբ սկսվում էր «Հատուկ ռեպորտաժ» հաղորդումը, նայեցի մինչև վերջ, որպեսզի իմ սեփական պատկերացումն ունենամ։

Տաղավարում հանդիպակաց երկար սեղանների մոտ կանգնած էին 5-ական մարդ, մեջտեղում՝ վարողը, Եվգենի Պոպովը. մտածեցի, որ հիմա թունդ բանավեճ է լինելու։

Պոպովի առաջին հարցերը հետևյալն էին. ինչո՞վ է պայմանավորված Արևմտյան տեղեկատվական հարձակումը, որը հասել է իր գագաթնակետին, և ինչու՞ է ամերիկյան քարոզչությունը Ռուսաստանից «թշնամու կերպար» ստեղծում։

Հաղորդման մասնակից, ամերիկացի լրագրող Մայքլ Բոմը պատասխանեց, թե մինչև Ղրիմն ու «դոնբասյան ներխուժումը» ռուսական թեմա չի եղել ամերիկյան մեդիայում։

Վարողը երևի չէր սպասում, որ Ռուսաստանի կարող էր էդքան անտեսված լինել, ու օգնություն հայցող հայացքով շուրջը նայեց։ Ամերիկացուն հակադարձնելու պատասխանատվությունը ստանձնեց ՌԴ Պետդումայի փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը. «Մենք հիանալի հասկանում ենք, որ միակ բանը, որ Ռուսաստանն արել է, դա հարգանքով վերաբերելն է ղրիմցիների կամարտահայտությանը, հանրաքվեից հետո (ծափեր դահլիճում), որն իրականացվեց, և այսօր էլ խաղաղարար ձևով օգնում է Դոնբասի բնակչությանը չկործանվել»։

Վարողի համար դա «թշնամու կերպարի» մասին հարցից շեղում չէր, նա պարզապես ամփոփեց հաղորդման մուտքը. «Մենք այսօր մանրամասն կքննարկենք, թե ինչի է հանգեցնելու համաշխարհային տիրապետության ամերիկյան փափագը»։

Հետո հերթով խոսեցին մյուս մասնակիցները. Վիկտոր Բարանեց, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հատուկ թղթակից, գնդապետ, Անդրեյ Կլինցևիչ, ռազմական փորձագետ, Վլադիմիր Ժիրինովսկի՝ ներկայացնելու կարիք չկա, Մարիա Զախարովա, ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եև տպագրության բաժանմունքի փոխտնօրեն, Վադիմ Կոլեսնիչենկո, Ուկրաինայի Գերագույն ռադայի V-VII գումարման պատգամավոր, Ուկրաինայի Գերագույն ռադայի VII գումարման պատգամավոր Սերգեյ Գորոխով, Անդրանիկ Միհրանյան, քաղաքականագետ, Վլադիմիր Սկաչկո, «Կիևսկի տելեգրաֆ» հրատարակչության գլխավոր խմբագիր, հրապարակախոս, Կոնստանտին Դոլգով, Նովոռուսիայի Ազգային ճակատի համանախագահ, Ալեքսանդր Ռոգատկին, «Ռոսիա-1» հեռուստաալիքի լրագրող, որը պատրաստել էր «Դոնբասյան կաթսա» հատուկ ռեպորտաժը։

Թվարկված ԲՈԼՈՐ մասնակիցները պաշտպանում էին մեկ՝ ռուսական տեսակետը… ընդհատելով ամերիկացի լրագրողին, ինչքան ուժները պատեր։ Բայց նրանցից բացի, դահլիճից ձայն տվեցին նաև Յուրի Սերգեևին՝ գերությունից ազատված «աշխարհազորայինի», և «Դոնի [մեկ անթարգմանելի բառ] զորքի» («Всевеликоe войскo Донскоe») զորամիավորման հրամանատար Նիկոլայ Պաչկովսկուն, որոնք մյուսներից ավելի կոպիտ էին խոսում Մայքլ Բոմի հետ։  

Ժամուկեսանոց հաղորդման միայն 56-րդ րոպեին պարզվեց, որ ամերիկացին, այնուամենայնիվ, մենակ չէ։ Խոսք տրվեց նաև «Մոսկովյան ուկրաինացիներ» հ/կ փոխնախագահ Վալերի Սեմենենկոյին, որին անմիջապես սկսեց հակաճառել վարողը, իսկ Ժելեզնյակը կոչեց «պարոն սադրիչ»։

Սեմենենկոն՝ ազգությամբ ուկրաինացի, որ ամուսնացած է ռուս կնոջ հետ, աննախանձելի դրության մեջ էր արդեն էնքանով, որ, դուրս գալով հեռուստատեսային տաղավարից, հայտնվելու էր Մոսկվայի փողոցներում։ Բայց նրան սպառնում էին նաև հենց տաղավարում։ «Ընկեր դավաճան… ես հաղորդումից հետո ձեզ կգցեմ իմ մեքենայի բեռնախցիկն ու կտանեմ Նովոռուսիա»։ Եթե ուկրաինական ընտրությունները մաքուր են անցել, ինչի՞ վեր չես կենում գնաս։  Մենակ քթներդ խոթեք Նովոռուսիա, կտեսնեք ձեր օրը։ «Եթե նույնիսկ գնաս քո էդ Կոլոմոյսկու մոտ, գնդակը կհասնի ու վերջ կդնի ողորմելի գոյությանդ»։ Ահա թե ինչպես էին խոսում նրա հետ հաղորդման ռուս մասնակիցները, առանց վարողի կողմից դիտողության արժանանալու։

Իսկ «Դոնի [մեկ անթարգմանելի բառ] զորքի» զորամիավորման հրամանատար Պաչկովսկին միայն ուկրաինացի մասնակցին չէ, որ սպառնաց, Մայքլ Բոմին էլ զգուշացրեց, թե ուկրաինացիներին հաղթելուց հետո հերթը կհասնի ձեզ (ծափահարություններ դահլիճում):

Սրանց կողքին անմեղ հրեշտակ էին թվում Վլադիմիր Ժիրինովսկին իր ամբոխավարական ձեռնածություններով, և Միհրանյանը, որը վերջերս ներկայանում է որպես Նյու Յորքի «Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի» տնօրեն. երևի շտապ Նյու Յորքից ներկայացող է պետք եղել իր քաղաքական պատվիրատուներին։
Միհրանյանը պնդեց, թե Օբամայի կամ ԱՄՆ փոխնախագահ Բայդենի մի զանգը բավական է, որ Կիևն իր քաղաքականությունը փոխի… անտեսելով ոչ միայն ուկրաինական ժողովրդի պայքարը, այլև նրա ընտրական կամարտահայտությունը, որոնց արդյունքները ճանաչել է նույնիսկ Ռուսաստանը։

Վերջում իմաստ ունի թերևս լսարանն էլ հիշատակել։ Հավաքվածները ծափերով ողջունում էին յուրայինների ամեն մի խոսքը՝ ինչքան կոպիտ, էնքան՝ բարձր, իսկ ամերիկացի լրագրողին, հակառակը, ծափերով լռեցրին, երբ նրան հաջողվեց ընդհատումները հաղթահարելով իրար հետևից մի քանի նախադասություն ասել։ Օրվելի «Անասնաֆերմայի» հայտնի կենդանիների ոգով։

Չգիտեմ, իմ գործընկերներից ով ինչ կասեր «Հատուկ ռեպորտաժի» արհեստավարժության մասին, բայց ինձ համար սա բանավիճային հաղորդում չէր և… ընդհանրապես հաղորդում  չէր, այլ՝ շնագայլերի հաշվեհարդար տասն անգամ թվով իրենց զիջող «հակառակորդի» հետ։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *