2012.03.16,

Մեդիագլոբ

Ինքնասպանություն լուսաբանելիս

Ինքնասպանությունը, որ մահվան հիմնական պատճառներից է, զգալիորեն ավելի շատ է տարածված, քան դիտավորյալ սպանությունները: Ամեն տարի ԱՄՆ-ում շուրջ 30,000 մարդ ինքնասպան է լինում և կես միլիոնից ավելին էլ հայտնվում են հիվանդասենյակներում ինքնասպանության փորձից հետ:

Արդյո՞ք լրատվամիջոցների լուսաբանումն արտացոլում է այս իրականությունը: Հիմնականում` ոչ: Փոխարենը լուսաբանումը միտումներ ունի կենտրոնանալու ինչ-որ համալսարանում ինքասպանությունների շարքի,  մի ուսումնասիրության, որն ընտանիքում ինքնասպանության միտումների մասին փաստեր է վերհանում, կամ էլ ներկայացնում է հայտնի, հաջողակ բժիշկների, դերասանների, գրողների, գործարարների, ովքեր ինքնասպան են լինում:

և որոշ դեպքերում, մենք ստեղծում ենք ինքնասպանությունը չլուսաբանելու համար գրված կամ չգրված օրենքներ` մտավախություն ունենալով, որ այն ոգեշնչող օրինակ կդառնա: Կրկնօրինակվող ինքնասպանություններն իրական խնդիր են ներկայացնում իրենցից, սակայն ինքնասպանությունների հարցերով փորձագետները հիմնականում համաձայնում են, որ խնդիրն այն չէ` արդյոք լրատվամիջոցները պետք է լուսաբանեն ինքնասպանությունները, թե ոչ, այլ այն, թե ինչպես պետք է լուսաբանեն:

Դատելով նորություններից` հեշտությամբ կարելի է եզրակացնել, որ ինքնասպանությունները հազվադեպ են, քան լայն տարածում ունեցող և շարունակական բնույթի հանրային առողջապահական խնդիրները: Իբրև լրագրող, մենք սիրում ենք քննադատել ինքներս մեզ սպանությունների գերլուսաբանման համար: Իսկ ինչո՞ւ մենք չենք կարողանում լուծել մեր իսկ կողմից ինքասպանությունները թերլուսաբանելու խնդիրը:

1999-ին նախկին վիրաբույժ գեներալ Դավիթ Սեթչերը «Կոչ արեց գործողություններ իրականացնել ինքնասպանությունները կանխարգելու» համար: Դա մասն էր այն աննախադեպ ջանքերի, որոնք նա գործադրում է հոգեկան հիվանդությունների և ԱՄՆ-ի վրա դրանց ունեցած ազդեցության շուրջ ուշադրություն հրավիրելու նպատակով:

Հետևել ենք մենք, թե արդյո՞ք և որքանո՞վ են մեր ամբողջ երկրում ուշադրություն դարձնում Դավիթ Սեթչերի կոչին: Արդյո՞ք մենք մտածել ենք ինքնասպանությունը կանխելու ծրագրերի ֆինանսավորման և այդ ֆինանսավորման բացակայության մասին: Նշե՞լ ենք դեպրեսիայի և ինքնասպանության միջև կապը: Ուսումնասիրե՞լ ենք արդյոք փաստը, որ տարեց տղամարդիկ ավելի քան այլ թիրախային խումբ, ավելի շատ են հակված  ինքնասպանության: Արդյո՞ք մենք հաշվի ենք առել հնարավոր հետևանքներն այն փաստի, որ միջին հաշվով ինքնասպանության յուրաքանչյուր 25 փորձից մեկն ավարտվում է մահով։

Կարծում եմ, որ ինքնասպանությունը պետք է լուսաբանվի հոգեկան հիվանդությունների և առողջապահական ապահովագրության մեջ հավասարության բացակայության համատեքստոմ: Ինչու՞:

Յուրաքանչյուր ինքնասպանության դեպքում գրեթե միշտ առկա է հոգեկան հիվանդություն: Ինքնասպանության լուսաբանումն առանց քննարկելու դրանում հոգեկան հիվանդության ունեցած դերը նույնն է, ինչ հաղորդել փոթորիկի մասին` առանց նշելու դրա հիմքում ընկած եղանակային պայմանները: Փոթորիկները, ինչպես նաև ինքնասպանությունները, օդից չեն առաջանում:

Ինչ վերաբերում է խայտառակության դրոշմին, ապա մեզնից շատերն առայսօր մտավոր հիվանդությունը համարում են անձնական թուլության նշան, քան ուղեղի խանգարում, որն ինչպես ժամանակակից գիտությունն է ապացուցում, հենց ուղեղի խանգարում է։

և սա կարող է  պատճառներից մեկը լինել լայն տարածված և լավ հիմնավորված հավասարության բացակայությանը, կապված այն հարցի հետ, թե որքանով է ապահովագրությունը ծածկում «հոգեկան» և «ֆիզիկական» հիվանդությունները: Չնայած այն փաստին, որ հոգեկան հիվանդությունները հաղթահարելի են, շատերն իրենց ճանապարհի ամեն քայլափոխի բազմաթիվ խնդիրների են առերեսվում. բժիշկներ, ովքեր չեն ընդունում իրենց ապահովագրությունը, ապահովագրական ընկերություններ, որոնք խստորեն սահմանափակում են հոգեկան առողջության խնամքի ապահովագրումը, դեղամիջոցներ, որոնք իրենք դժվար թե հնարավորություն ունենան իրենց թույլ տալ և այլն:

Մտքում պահելով այս ամենը, ահա մի քանի սզկզբունքներ, որոնք պետք է նկատի ունենալ ինքնասպանությունների լուսաբանման համար: Դրանք ընտրվել են ինքնասպանությունների լուսաբանման տարբեր մեդիա ուղեցույցներից, հատկապես այս մեկը` «Ինքնասպանությունների կանխարգելում. Ձեռնարկ մեդիա մասնագետների համար»` կազմված Առողջության համաշխարհային կազմակերպության կողմից:

  • Ինքնասպանությունը երբեք մեկ պատահարի արդյունք չէ.  Այսպիսով, երբ լրատվամիջոցը հիմնականում կենտրոնանում է միայն մի վատ քննադատական հոդվածի վրա, որը եվրոպացի ինչ-որ հայտնի խոհարար ստացել է իր ինքնասպանությունից առաջ, մենք չենք նկատում լուրջ դեպրեսիան, որը նա ունեցել է երկար ժամանակ նախքան իր մահը, և շռայլում ենք հնարավորությունը` խոսելու  դեպրեսիայի և ինքնասպանության գործում դրա ունեցած հնարավոր դերի մասին: Ինքնասպանության համար մեղադրել լրատվամիջոցին կամ ինչ-որ մեկին անօգտակար գործ է:
  • Ինքնասպանության զոհի կիրառած մեթոդների և վայրի մանրամասն նկարագրությունը կարող է կրկնօրինակման առարկա դառնալ: Այսպիսով քաղաքային համալսարանում տեղի ունեցած ինքնասպանության լուսաբանման ժամանակ լրագրողի օգտագործած յուրահատուկ ինֆորմացիան, թե ինչպես է զոհը բազմաբնակարան շենքի պատուհանից իրեն նետելով ինքնասպան եղել, պարզապես ավելի սենսացիոն է դարձնում պատահարը: Լրագրողը պետք է զգույշ լինի, որպեսզի ինքնասպանություն գործելու մանրամասները չտրամադրի մարդու, ով մտադիր է ինքնասպան լինել։
  • Անհրաժեշտ է շատ զգուշորեն օգտագործել վիճակագրությունը և հոգեկան առողջության մասին ինֆորմացիան: Երբ թերթի լրագրողը գրում է, որ բացի նրանից, որ երիտասարդների շրջանում ինքնասպանությունը մահվան հիմնական պատճառներից է, շիզոֆրենիան ևս առաջանում է կյանքի այդ հատվածում, նա տալիս է ճշգրիտ տեղեկատվություն, սակայն մոլորեցնում է ընթերցողներին: Շիզոֆրենիան կործանարար հիվանդություն է և այդ հիվանդությամբ տառապող մարդիկ երբեմն ինքնասպանություն են գործում, սակայն, եթե մասնավոր դեպքում առկա չէ շիզոֆրենիա, ապա ինչու՞ հիշատակել այդ մասին: Հավանաբար ավելի օգտակար է նշել, որ հոգեկան հիվանդությունները (մասնավորապես դեպրեսիան) սովորաբար ասոցացվում է ինքնասպանության հետ, և հոգեկան հիվանդությունը բուժելի է:
  • Ինքնասպանության լուսաբանումը հնարավորություն է հանրությանն ապահովելու այնպիսի տեղեկությամբ և աղբյուրներով, որոնք կարող են մարդկային կյանքեր փրկել: Լրագրողներին հաճախ չի հաջողվում անել սա, թեև ակնհայտ ներուժ կա լավ անելու: Մարդիկ, ովքեր ինքնասպանություն են գործում, դա հանկարծակիորեն չեն անում, նույնիսկ եթե առաջին հայացքից կարող է այդպես թվալ: Կան նախազգուշացնող ազդանշաներ և ես կարծում եմ, որ ինքնասպանության ցանկացած լուսաբանման մեջ պետք է ներկայացված լինեն դրանք:

Կարևոր է խուսափել ինքնասպանությունը ռոմանտիկացնելուց կամ այն որպես խնդրի «լուծում» ներկայացնելուց: Երբ սպանությամբ ավարտվող ինքնասպանության մասին թերթի հոդվածն առանց անունները նշելու մեջբերում է ընտանիքի անդամների խոսքերը, ովքեր ասում են, որ զույգը կարող է ներգրավված լինել «գթասրտության ակտում» հիմնված իրենց թույլ առողջության վրա, հարց է առաջանում. Կարո՞ղ է դա այլ լրջորեն հիվանդ կամ մահամերձ մարդկանց համար ռացիոնալ դիտարկվել ինքնասպանություն գործելու համար:

Լրագրողները բազմաթիվ դժվարությունների են հանդիպում ինքնասպանությունները լուսաբանելիս: Ինչպես վերը նշված դեպքում, ընտանիքի անդամները կարող են լույս սփռել դրդապատճառների վրա, որոնք մղել են սիրելիներին ինքնասպանություն գործելու:

Այնուամենայնիվ նման մտորումները կարող են ունենալ պարզ բացատրություն, ինչն էլ իր հերթին կարող է առաջարկել տրամաբանական պատճառ:

Ի՞նչն է սխալ այդ դեպքում:

Այն ջնջում է դրդապատճառների և ռացիոնալության միջև եղած գիծը` դարձնելով ինքնասպանությունը ընկալելի, եթե ոչ անխուսափելի, մարդու կոնկրետ փորձության կուլմինացիան: Ինքնասպանությունը ռացիոնալ գործողություն չէ: Այն դեպրեսիայի ընթացքում կատարված գործողություն է, որը կատարվում է երկար պայքարից հետո:

Ես հասկանում եմ, որ ինքնասպանությունը համընդհանուր կերպով չի ընկալվում որպես սխալ բոլոր այսպիսի դեպքերում: Անշուշտ շատերը կարող են ասել, որ մարդուն, ով իր անբուժելի հիվանդության վերջին փուլում անտանելի ցավեր է ունենում, պետք է թույլ տան մեռնել ավելի վաղ, քան` ուշ: Եվ կարող են պնդել, որ «Հարություն մի տվեք» կարգադրություններն ընդգրկվում են ինքնասպանության կատեգորիայի մեջ: Այս խնդիրների հետ գործ ունենալը որոշ դեպքերում կարող է կենսական լինել: Սակայն ինքնասպանությունների մեծ մասը անբուժելի հիվանդություն ունեցող մարդկանց կողմից չէ, որ իրականացվում է:

Ավելի վաղ ես նշեցի, որ չպետք է գրել, թե ինչպես է մարդն ինքնասպան եղել: Սա հավանաբար միակ բան է, որ փորձագետները զգուշացնում են,  բայց լրագրողները, գրեթե բոլոր դեպքերի ժամանակ հիշատակում են այն: Միանգամայն տեղին է. մենք սովոր ենք մանրամասներ ներկայացնել: Սակայն մտածեք, արդյո՞ք մենք այս կարգի մանրամասների կարիք ունենք, թե դա ծառայում է լրագրողական հետաքրքրասիրությանը հագուրդ տալուն:

Փոխարենը կենտրոնանալու ինքնասպանության իրականացման մանրամասների վրա, ավելի ուսանելի ու օգտակար կլինի քննարկել ինքնասպանության փորձերի ազդեցությունը, ֆիզիկական հետևանքները, զղջումը և այն, թե ինչպես է տվյալ մարդու կյանքն ընթացել ինքնասպանությունից փրկելուց հետո:

Ես կողմնակից չեմ, որ մենք ինքնասպանությունների լուսաբանման մասին ուղեցույցները փակցնենք մեր պատերին և անմտորեն հետևենք ամեն կետի: Հնարավոր է լինեն դեպքեր, երբ ուղեցույցին չհետևելը ավելի ճիշտ լինի:

Ենթադրենք` քաղաքի կամուրջը դարձել է ինքնասպանությունների իրականացման հիմնական վայրը: Օրինակի համար, հնարավոր է, որ չլուսաբանելով այս զարգացումը, քաղաքականություն մշակողներին, իրավապահներին, կամ նույնիսկ «շարքային» քաղաքացիներին հետ պահենք ինքնասպանության կանխարգելման կարևոր մի ծրագիր կյանքի կոչելուց: Նաև, մեղադրանք վերագրելու վտանգի հաշվին, ես համոզված եմ, որ մեր պարտավորությունն է պատասխանատու պահել առողջապահական ապահովագրման ընկերություններին, գործակալություններին և ինքներս մեզ (որպես քաղաքացիներ, հարկատուներ, ընտրողներ և այլն) այն դեպքերում, երբ դեպի ինքնասպանության տանող պահվածքի ազդանշանները  անտեսված էին կամ սխալ մոտեցման են արժանացել:

և ամենակարևորը, մենք պետք է գիտակցենք, որ ինքնասպանությունը միջադեպային պատմություն չէ, այլ հասարակական առողջության քրոնիկ պրոբլեմ իր անձնական և հասարակական հետևանքներով:

Բնօրինակը հրապարակվել է Poynter.org-ում

Հեղինակ՝ Սինդի Դոչման-Ռույզ,

Թարգմանությունը՝ Նվարդ Հովհաննիսյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *