2019.12.19,

Ստուգված է

«Регионы России» ամսագիրը Հայաստանում․ կազակների ատամանը և կապը ՌԴ իշխանությունների հետ

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան

Լրագրող, սկսնակ նշանագետ

Դեկտեմբերի 13-ին Media.am-ի խմբագրությունը նամակ ստացավ այն մասին, որ Երևանում կայացել է «Регионы России» մեդիա հոլդինգի անդրկովկասյան մասնաճյուղի բացումը: Բացմանը ներկա էր «Регионы России» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Ռամիլ Լատիպովը։

Այս ամսագիրը պլանավորվում է հրատարակել նաև Հայաստանում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով։ Հայաստանում նախագիծը համակարգում է ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը։ Վերջինս նաև Հայաստանում կազակների գլխավոր ատամանն է։

Media.am-ի ստացած նամակին կցված էր նաև «Մեդիա խաղաղապահության միջազգային շարժման» մանիֆեստը, որտեղ կոչ էր արվում լրագրողներին միանալ շարժմանը, որպեսզի «մեր մասնագիտությունը, համաշխարհային հանրության կարծիքով, այլևս դասակարգված չլինի և կապված չլինի ամենահին մասնագիտության հետ ՝ իր վատագույն դրսևորումներով»:

«Регионы России» մեդիա հոլդինգը կապված է ՌԴ իշխանությունների հետ

Բացի ամսագրից, «Регионы России» մեդիա հոլդինգին են պատկանում «Соль» հեռուստաընկերությունը, «Регионы online» կայքը և մի քանի այլ ԶԼՄ։ Հոլդինգը առաջարկում է նաև գովազդային ծառայություններ։ Օրինակ, դրան պատկանող ԶԼՄ-ներում կարելի է պատվիրել լրագրողական հետաքննություն, փորձագետների ելույթներ և այլն։

«Регионы России» ամսագիրը հիմնվել է Տյումենի շրջանի նախկին ղեկավար Սերգեյ Սոբյանինի օժանդակությամբ, որն այժմ Մոսկվայի քաղաքապետն է։ Սոբյանինը հոլդինգի հոգեբարձուների խորհրդի անդամ է։ Սրանով հոլդինգի կապերը Ռուսաստանի իշխանությունների հետ չեն ավարտվում։

Հոլդինգի հիմնադիր ու «Регионы России» ամսագրի գլխավոր խմբագիր Օլգա Չերնոկոզը աշխատել է որպես ՌԴ իշխող կուսակցության ամսագրերից մեկի՝ «Опорный край Единой России»-ի գլխավոր խմբագիր։ Նա նաև աշխատել է իշխող կուսակցության երեք պատգամավորների հետ՝ որպես օգնական և խորհրդատու։

«Регионы России» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ և հոլդինգի կառավարիչ Մաքսիմ Մոկեևը աշխատել է պետական «Գազպրոմ» ընկերությունում, եղել է իշխող կուսակցության պատգամավոր Յազևի մամուլի գրասենյակի գլխավոր մասնագետ։

Հոլդինգի կայքում նշվում է, որ դրա ԶԼՄ-ները գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների մոտ հայտնի են որպես «հետաքրքրությունները առաջ տանելու էֆեկտիվ գործիք», որը տեղեկություն է հասցնում «Единая Россия»-ի կենտրոնական և մարզային մարմիններին։

Ո՞վ էր ներկայացրել ամսագիրը Հայաստանում

Ռամիլ Լատիպովը, որը ներկայացնում էր ամսագիրը դեկտեմբերի 13-ին կայացած միջոցառմանը, «Ислам и мир» հիմնադրամի նախագահն է և մի շարք ՀԿ-ների տնօրեն, այդ թվում՝ «Ահաբեկչական սպառնալիքների հետազոտությունների կենտրոնի» (ЦАТУ) և «Անդրկովկասյան հետազոտությունների կենտրոնի» (ЦЗИ):

«Ահաբեկչական սպառնալիքների հետազոտությունների կենտրոնը» հրապարակում է տարբեր քաղաքական վերլուծություններ, որոնք հաճախ հակաամերիկյան բնույթ են կրում։ Կայքը վերատպել է հոդված, որտեղ նշվում է, թե Հայաստանի նոր կառավարության անդամներից շատերը կապված են Ջորջ Սորոսի գրասենյակի հետ (Media.am-ը անդրադարձել է Սորոսի մասին դավադրության տեսությանը

Այս կենտրոնի հետ համագործակցել է հայաստանյան «Նորավանք» հիմնադրամը։

Հետաքրքիր է, որ ЦАТУ-ի Կենտրոնական Ասիայի ուղղությամբ նախկին տնօրեն (2012-2015 թթ․) Տոհտար Տուլեշովը մեծահարուստ գործարար է, որը բանտարկված է Ղազախստանում «պետական հեղաշրջման» մեղադրանքով։ Տուլեշովը պաշտոններ է զբաղեցրել ռուսաստանյան շուրջ մեկ տասնյակ ընկերություններում և գրքեր գրել եվրասիական ինտեգրման և դրանում Պուտինի բացառիկ դերի մասին։

Ուշագրավ է, որ «Регионы России» մեդիա հոլդինգի կայքում Ռամիլ Լատիպովի անունը չի հիշատակվում, չնայած մեր ստացած մամուլի հաղորդագրության մեջ նա բնութագրված էր որպես «Регионы России» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *