Մեր մասին հազվադեպ են հիշում. փախստականներ Աբխազիայից

11.12.2014, Խաչմերուկ

Մեդիա մենեջերները հաճախ են ասում, որ կոնֆլիկտը, կրիմինալն ու սեքսը հանրությանն ամենից շատ հետաքրքրող թեմաներն են: Դրանք լավ են վաճառվում, բարձրացնում են լրատվամիջոցի վարկանիշը:

Վրացական և միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում հաճախ են հայտնվում Վրաստանի տարածքային երկու հակամարտությունները: Տեղական լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում հակամարտություններին, օկուպացված տարածքներին, փշալարերի անցկացման աշխատանքներին, պայմանական սահմանների մոտ տեղի ունեցող կողոպուտներին ու ձերբակալություններին:

Փախստականների խնդիրներին վրացական մեդիան օպերատիվ կերպով անդրադառնում է ժամանակավոր կացարաններից նրանց վտարելու կամ քաղաքական գործչի՝ նրանց բնակավայր կատարած այցի դեպքում:

Վրաստանում քիչ լրատվամիջոցներ են անդրադառնում փախստականների առօրյա խնդիրներին ու ապագայի վերաբերյալ նրանց պատկերացումներին: Քչերին է հետաքրքրում հենց փախստականների կարծիքը, երբ թեման անմիջականորեն կապված է օկուպացված տարածքներին և այնտեղից վտարվածներին:

Վերջին շրջանում պարբերաբար լուսաբանվում է Ռուսաստանի և դե ֆակտո անկախ Աբխազիայի հանրապետության միջև ստորագրված «Համագործակցության և ռազմավարական գործակցության» մասին պայմանագրի թեման: Հնարավոր է, որ սա շատ կարևոր քաղաքական գործընթացների սկիզբ է, և բնական է, որ մեդիան պետք է պատշաճ կերպով լուսաբանի հարցը: Եվ իհարկե անհրաժեշտ էր ուշադրություն դարձնել Ռուսթավելիի պողոտայում հազարավոր մարդկանց մասնակցությամբ «Ոչ անեքսիային» նշանաբանով բողոքի ակցիային, որի քննարկումը տեղափոխվեց նաև սոցիալական ցանցեր: Բայց այդ ակտիվության ֆոնին՝ գրեթե անտեսվեցին մարդիկ, ում վրա անեքսիան անմիջական ազդեցություն ունի. գրեթե 20 տարի շարունակ նրանք ապրում են վտարված ու սոցիալապես անապահով պայմաններում:

Վրացական հեռուստաընկերությունների մեծ մասն իրենց քաղաքական թոք-շոուներում անդրադարձան այս ակցիային և Աբխազիայի հարցին, հրավիրեցին փորձագետների ու քաղաքագետների, մինչդեռ ոչ ոք չհնչեցրեց հասարակ փախստականի ձայնը: Ոչ մի լրագրողի չհետաքրքրեց այն հարցը, թե այս գործընթացն ինչ անմիջական ազդեցություն է թողնում փախստականների վրա:

Թբիլիսյան ծովի փախստականները
Վերջերս եղա Թբիլիսյան ծովի (արվարձան Թբիլիսիում) տարածքում տեղակայված հին շենքերում՝ բնակեցված Աբխազիայից եկած փախստականներով: Այնպիսի տպավորություն էր, որ այս մարդկանց գոյության մասին մոռացել են բոլորը, ու իրենք էլ, կարծես, հարմարվել են իրավիճակին:

Այս տեղանքը զարմանալի կերպով հակադրվում է Թբիլիսիի մյուս հատվածներին: Այն ոչ մի կերպ չի կարող փախստականների համար Սուխումիի պատրանք ստեղծել:
Թբիլիսին զարգանում ու ավելի է նմանվում արդի եվրոպական քաղաքի, մինչդեռ Թբիլիսյան ծովում դեռ 90-ականներն են. մութ ու կեղտոտ շքամուտքեր, վթարված կոյուղու համակարգ, իսկ գազի բացակայության պայմաններում մարդիկ ցախով են տաքանում: Տախտակներով ծածկված շենքերի ճակատները քսան տարի հետ են տանում՝ հիշեցնելով հավերժական խոնավությամբ ու ծխով պատված անցյալի մասին: 

Թբիլիսյան ծովի տարածքում տեղակայված 6 շենքում Աբխազիայից եկած փախստականների մոտ 150 ընտանիք է ապրում: Պետական սեփականություն հանդիսացող կացարանների մեծ մասը բնակության համար նույնիսկ նվազագույն պայմաններին չի համապատասխանում:

Տեղացիներն ասում են, որ 2008 թվականի պատերազմից հետո մեդիայի, իշխանությունների ու միջազգային կազմակերպությունների ուշադրությունը սևեռվեց Սամաճաբլոյից եկած փախստականների վրա: Մի քանի ամիս առաջ նրանց մոտ խնդիրներ առաջացան, հարցը լուսաբանելու ակնկալիքով դիմեցին հեռուստաընկերություններին, մինչդեռ ոչ ոք չարձագանքեց:

«Առաջին դեպքն է, երբ ինձ լրագրող է մոտենում, մինչ օրս ոչ ոքի չեմ տեսել: Մի անգամ կասկածում էինք, որ կոյուղու ու խմելու ջրերը խառնվել են, մի քանի հեռուստաընկերություն զագեցինք, ասացին, որ խնդրի մասին կտեղեկացնեն  համապատասխան մարմիններին, բայց ոչ մեկն արձագանքեց, ոչ մյուսը»,- ասում է Աբխազիայից եկած Ժաննա Թորիան:

Դալի Չոլոկայան, ով նույնպես Աբխազիայից է, ասաց, որ փախստականների խնդիրների կարգավորումը ոչ ոքի չի անհանգստացնում, և որ իշխանություններն ու մեդիան իրենց գոյության մասին հիշում են միայն ընտրություններից առաջ:

Մարդկանց անհրաժեշտ կենսապայմաններով ապահովելու համար հավանաբար ոչ միայն քաղաքական որոշումներ են անհրաժեշտ, այլ նաև հասարակության ներգրավվածությունն ու մեդիայի ակտիվ աշխատանքը, որպեսզի այս մարդիկ կարողանան խոսել իրենց խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ իրենց առաջարկների մասին:

Մի քանի լրատվամիջոց եմ մտաբերում, որոնք հակամարտություններ լուսաբանելիս ուշադրություն են դարձնում նաև փախստականների խնդիրներին: Դրանց թվում հիմնականում մարզային մեդիան է ու մեկ-երկու առցանց լրատվամիջոցներ:

Վրացական հայտնի ԶԼՄ-ների արխիվն աչքի անցկացնելիս տպավորությունն այնպիսին է, որ տարիների ընթացքում փախստականների գլխավոր խնդիրը արդեն իսկ լքված շենքերից նրանց վտարումն է: Նման դեպքերին լրատվամիջոցները սովորաբար արձագանքում են: Չեն զլանում նաև նոստալգիկ թոք-շոուներ կազմակերպել՝ Սուխումիի անկման տարելիցների կապակցությամբ:


Հեղինակ՝ Թամար Սվանիձե
Բնօրինակը հրապարակվել է media.ge կայքում

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?