Չորս հարց Նիկոլ Փաշինյանին

19.06.2018, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրած մեդիան Ֆեյսբուք լայվն է։ Այս գործիքը էֆեկտիվ էր թավշյա հեղափոխության օրերին ու էլ ավելի ազդեցիկ դարձավ հեղափոխությունից հետո։ Հայաստանի վարչապետի ֆեյսբուքի էջի լսարանը այդ ամիսներին տասնապատկվեց։

Երեկ Նիկոլ Փաշինյանը չընտրեց Ֆեյսբուքում հաղորդակցվելու վիդեո տարբերակը։ Նախընտրեց գրառում անել, ստացավ հազարավոր մեկնաբանություններ, որոնք ի տարբերություն վարչապետի նախորդ՝ լայվ-ասուլիսից, մնացին անպատասխան։

Գրառումը հեռուստատեսությունների աշխատանքի մասին էր։

«Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից, որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։

Սա թերևս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք»:

Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը media.am-ին ասում է․ «Վարչապետի գրառումը քաղաքացիների հետ ամենօրյա կապ հաստատելու կոնտեսքստում է: Կոչ է և ոչ որևէ գործողություն: Կոչն արդեն հասել է իր հասցեատիրոջը կամ հասցեատերերին»:

Մամուլի խոսնակը վարչապետի ֆեյսբուքյան գրառման մասին էական մեկնաբանություն չի տալիս։

Եթե Նիկոլ Փաշինյանն այս խոսքերն ասեր Ֆեյսբուքի լայվի ժամանակ, գուցե կպատասխաներ մի քանի հարցերի, որոնք կօգնեին հասկանալ, թե հատկապես ում և ինչ նկատի ունի նա։

Այլապես ստացվում է, որ կոչ է արվում չանել մի բան, որը հասկանալի չէ:

ա) Ո՞ր հեռուստաընկերությունների մասին է խոսքը։ Երբ չես մասնավորեցնում ու դիմում ես բոլորին, նշանակում է ուզում ես, որ ասածիցդ հետևություններ անեն անխտիր բոլորը։ Դե, որ հաջորդ անգամ նորից ասելու կարիք չլինի։

բ) Ի՞նչ է նշանակում հակապետական քարոզչություն։ Որտե՞ղ է սահմանված, թե ինչ է հակապետական քարոզչությունը։ Ո՞վ է որոշում, թե որն է հակապետականը, որն է մերձպետականը ու որն է պետականամերձը։ «Հակա» նախածանցը ինքն իրենով տհաճ պատմական հիշողությունների հետ է ասոցացվում։

գ) Ի՞նչ է «Մի' արեք։ Պարզապես մի' արեք»-ը։ Սիրելով մատ թափ տալու փո՞րձ, վերջին նախազգուշացու՞մ, սպառնալի՞ք։

դ) Իսկ ի՞նչ կլինի, եթե անեն, պարզապես անեն։ Թեև հստակ չէ, թե ով ու ինչ, բայց վարչապետի ձևակերպումներին ու կարծիքին համապատասխան գործողություններ անեն։ Ի՞նչ է անելու վարչապետը։

Գեղամ Վարդանյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?