Ի՞նչ պետք է իմանա լրագրողը հակամարտության գոտի մեկնելիս

1

Զինվորական համազգեստ կամ զենք պե՞տք է ստանա պատերազմական թեժ գոտում աշխատող լրագրողը

Ո՛չ: Պատերազմական գոտում զինվորական համազգեստով աշխատելը կամ զենք կրելը լրագրողին կարող է հակառակորդի թիրախ դարձնել: Բացի այդ՝ լրագրողն այդ դեպքում կզրկվի որպես քաղաքացիական անձ՝ միջազգային նորմերով իր համար նախատեսված պաշտպանությունից:

 

Չարժե նաև, որ լրագրողը երբևէ լուսանկարվի զինվորական հագուստով կամ զենքով: Դա կարող է օգտագործվել նրա դեմ՝ ապացուցելու համար, թե նա պատերազմական գոտում է եղել ոչ որպես քաղաքացիական անձ:

2

Զրահաբաճկոնը կամ սաղավարտը պարտադի՞ր են պատերազմական գոտում աշխատող լրագրողի համար

Այո՛: Դրանք 100 տոկոսով չեն կարող նրան պաշտպանել բոլոր տեսակի զենքերից, բայց նվազագույն պաշտպանվածությունը կապահովեն:

 

Զրահաբաճկոն ու սաղավարտ լրագրողին պետք է տրամադրի նրան թեժ գոտի գործուղող խմբագրատունը: Ցանկալի է, որ դա լինի լրագրողի համար նախատեսված հատուկ սաղավարտ. կապույտ գույնի, վրան՝ Press տարբերանշան: Լրագրողին զրահաբաճկոն և սաղավարտ աշխատանքի պահին կարող են տրամադրել նաև զինվորականները, բայց այդ զրահաբաճկոնի կամ սաղավարտի վրա (և ընդհանրապես, լրագրողի հագուստի որևէ մասում) բանակային որևէ տարբերանշան չպետք է լինի, որպեսզի նա համարվի քաղաքացիական անձ:

 

Լրագրողի հագուստի և սաղավարտի վրա անպայման պետք է լինի լրագրողական տարբերանշան: Ամենաընդունվածն է Press-ը: Խստորեն արգելվում է կրել մարդասիրական, միջազգային որևէ չեզոք կազմակերպության համազգեստ, տարբերանշան կամ հոգևորականի հանդերձներ: Լրագրողը պետք է կրի միմիայն լրագրողի տարբերանշան:

 

3

Ի՞նչ տեսակի հագուստն է պատերազմական գոտում աշխատող լրագրողի համար ամենահարմարը

Ոչ վառ գույների, բանակի համազգեստի գույներից բավական տարբերվող՝ տվյալ գոտում տվյալ պահի եղանակային պայմաններին համահունչ հագուստ: Երբեմն նախընտրելի է հագուստի գույնը հարմարեցնել տեղանքին՝ հողի գույն, ծառերի կանաչի գույն և այլն: Տաբատն առնվազն պետք է լինի ձիգ, կոպիտ գործվածքից (քաթանը, օրինակ՝ ջինսը, նախընտրելի է): Անջրանցիկ բաճկոնը պարտադիր է:

4

Ի՞նչ տեսակի կոշիկներ կարելի է հագնել

Ամուր, դիմացկուն, փակ կոշիկները պարտադիր են: Ոչ մի դեպքում չի կարելի հագնել նոր կամ մեկնելուց նույնիսկ 2-3 շաբաթ առաջ գնած կոշիկներ: Դրանք պետք է լինեն բացարձակապես անջրանցիկ, հարմար և չպետք է սեղմեն ոտքերը:

5

Ի՞նչ պետք է լրագրողը տեղավորի պատերազմական գոտի տանելիք ուսապարկում

Առաջին հերթին պետք է ընտրել ճիշտ ուսապարկ. այն պետք է լինի հնարավորինս լայն ուսագոտիներով՝ երկար քայլքը շատ չդժվարացնելու համար: Իսկ ցանցկեն գործվածքից կարված ուսապարկը քիչ է քրտնեցնում:

 

Պետք է վերցնել աշխատանքային սարքերի լիցքավորված մարտկոցների հնարավորինս մեծ պաշար: Դեղարկղ, որում կլինեն տարբեր չափսերի վիրակապեր, կպչուն ժապավեններ, եռակի հակաբիոտիկով քսուք, գնդասեղներ (բուլավկա տեսակի), մկրատ: Խմելու ջուր: Եթե նույնիսկ տեղանքում աղբյուր լինի, այն կարող է առնվազն անընդունելի լինել որևէ մեկի օրգանիզմի համար: Ուտելիքը պետք է լինի չփչացող կամ ուշ փչացող: Պետք է անպայման ունենալ նաև տեղագրական քարտեզ:

6

Ի՞նչ փաստաթղթեր պետք է իր հետ վերցնի լրագրողը

Անձնագիր, լրագրողի վկայական, առողջապահական ապահովագրության մասին վկայող փաստաթղթեր: Գործուղումից առաջ գործատուն պետք է հոգա, որպեսզի լրագրողը թեժ գոտի մեկնի՝ առողջապահական ապահովագրության փաստաթղթով: Լրագրողն իր հետ պետք է ունենա նաև տվյալ գոտի գործուղման թերթիկը, իշխանական համապատասխան մարմնի թույլտվությունը՝ այդ գոտում աշխատելու: Եթե նրա հետ գերժամանակակից տեսանկարահանող սարքեր կան՝ դրանք գործածելու թույլտվությունն ու սարքերի տեխնիկական բնութագիրը վկայող փաստաթղթերը ևս անհրաժեշտ են:

7

Առողջապահական ի՞նչ անձնական տվյալներ պետք է լինեն լրագրողի թղթերում կամ իր հետ

Արյան խմբի մասին վկայող տարբերանշանը նախընտրելի է լրագրողի հագուստի վրա: Չեն խանգարի գրավոր տվյալները, թե արդյո՞ք դեղորայքի որևէ տեսակի հանդեպ անձի օրգանիզմն ալերգիա ունի:

8

Արժե՞ բանակայինների համար փոքրիկ նվերներ վերցնել

Ցանկալի կլինի զինվորականների համար ծխախոտ, պահածո և քաղցրավենիք վերցնել: Բացի բարի գործից, կհեշտացնի նաև շփումները նրանց հետ:

 

9

Դեպքի վայրում աշխատելիս անվտանգության ի՞նչ կանոններ պետք է պահպանի լրագրողը

Նախ, լրագրողը երեք հնարավորություն ունի՝ ինքնուրույն աշխատել, ռազմաջոկատայինների հետ աշխատել և՝ հրամանատարների: Զինվորականների հետ ոտքով տեղափոխվելիս պետք է գնալ միմիայն նրանց հետևից: Ոչ մի դեպքում չի կարելի գնալ նրանց կողքից կամ առջևից՝ անվտանգության նկատառումներով: Պատերազմական գոտում աշխատող լրագրողի անվտանգության թիվ մեկ կանոնը հարձակման վտանգը կանխազգալն է և երբեք չմտնելը անծանոթ տարածք (կարող է ականապատ լինել). եթե կանխավ զգալը չեղավ, փրկության շանսերը մոտենում են զրոյի:

Դա նշանակում է, որ ականջներն ու աչքերը պետք է լարված պահել. պետք է անընդհատ նայել ոչ միայն 360 աստիճանով՝ կողքերը, այլև վերև:

10

Ի՞նչ պետք է անել, եթե մոտեցող ռազմական ինքնաթիռի ձայն է լսվում կամ արդեն երևում է հեռվում

Շատ արագ պետք է թաքստոց գտնել: Եթե ստորգետնյա թաքստոց չկա մոտերքում, կարելի է թաքնվել բլուրների, մեծ քարերի հետևում:

Իսկ եթե շատ է մոտեցել, և թաքնվելու ժամանակ չկա, բոլոր դեպքերում՝ ոտքի վրա մնալ չի կարելի: Պետք է պառկել գետնին, գլուխը՝ դեպի եկող հարվածի հակառակ կողմը և ականջները՝ ձեռքի ափերով սեղմած (հարվածային ալիքի հնարավոր ներգործության հետևանքները մեղմացնելու համար):

11

Հնարավո՞ր է զգալ, որ անօդաչու սարք է մոտենում

Այդ սարքերն իրենց բնորոշ ձայն են արձակում թռիչքի ժամանակ, մոտավորապես վժժոցի է նման: Եթե նման սարք է մոտենում, և շուրջը մարդկանց կուտակում կա (այդ սարքի որոշ տեսակներ ծրագրված են հնարավորինս մեծաքանակ մարդկային կորուստ պատճառելու համար), պետք է փախչել տարբեր կողմեր՝ մյուսներին էլ խորհուրդ տալով ցրվելով փախչել: Մեքենայի մեջ եղած մարդիկ պետք է դուրս գան նրանից ու տարբեր կողմեր փախչեն: Եթե մոտակայքում ստորգետնյա թաքստոց չկա, կարելի է թեկուզ ծառերի մեջ թաքնվել. 100 տոկոսով չի երաշխավորում ապահովությունը, բայց որոշակի աստիճանի օգնում է:

Մարդկանց կուտակումը հնարավոր է որոշել նաև այդ մարդկանց մոտ եղած հեռախոսների ազդանշաններով. ահա թե ինչու է կարևոր նման գոտիներում բջջային հեռախոսներն անջատելը կամ գոնե անվտանգ ռեժիմով (Airplane mode) գործածելը: Իսկ ամենաապահովն այդ վայրեր կապի նման միջոցներ չտանելն է:

Մարդկային կուտակումները միայն անօդաչու սարքերի դեպքում չէ, որ կարող են թիրախ դառնալ: Պատերազմական գոտում միշտ պետք է հնարավորինս խուսափել մեծ խմբերով հավաքվելուց:

 

12

Ո՞ր տեսակի մեքենան է քիչ թե շատ նախընտրելի պատերազմական գոտում

Մեքենան առնվազն 4 դուռ պետք է ունենա՝ կրակոցների ժամանակ նրա միջից արագ դուրս թռչելու և փախչելու համար: Այս առումով, օրինակ, երկդռնանի «Նիվաները» այնքան էլ հարմար չեն:

13

Լրագրողը կարո՞ղ է միջամտել բանակի գործողություններին

Ո՚չ մի դեպքում: Նա հնարավորինս պետք է զերծ մնա ինքնագործունեությունից. նպատակը չխանգարելն է և «ոտքի տակ չընկնելը»: Իսկ եթե լրագրողի միջամտությունը կարող է մարդու կյանք փրկել, նա այդ մասին անպայման պետք է խորհրդակցի հրամանատարների հետ:

 

14

Պատերազմական գոտում լրագրողը կարո՞ղ է օգտվել իր բջջային հեռախոսից

Ցանկալի չէ: Հեռախոսը կարող է գաղտնալսել հակառակորդը: Դիպուկահարն այդ կապի միջոցով կարող է տեղորոշել նրա գտնվելու վայրը: Նման գոտիներում անվտանգ է հեռախոսը կամ կապի միջոց ապահովող այլ սարքը «ավիա ռեժիմով» (Airplane mode)-ով գործածելը, եթե դրանցով լուսանկարում կամ տեսանկարահանում է իրականացվում:

Խոսելը կամ զանգ ստանալը ոչ միայն տեխնոլոգիապես է հնարավոր դարձնում տվյալ մարդու գտնվելու վայրը որոշելը, այլև ձայնը կարող է նրան թիրախ դարձնել: Ուրեմն, արժե տեսանկարահանումներն անել անձայն, հնարավորինս զսպելով նաև ակամա բացականչությունները՝ հակառակորդի դիպուկահարի ուշադրությունը չգրավելու համար: Ճիշտ կլինի հեռախոսային և ինտերնետ կապի որևէ տեսակով առաջնագծից ուղիղ եթեր դուրս չգալ. երկրի, անձնական անվտանգությունը պետք է գերադասել ուղիղ եթերի ընձեռած բոլոր տեսակի առավելություններից:

 

15

Բացահայտ տեսալուսանկարելն անվտա՞նգ է

Ո՛չ: Հակառակորդը սարքի օբյեկտիվը կարող է շփոթել վտանգի աղբյուրի հետ և թիրախավորել: Ճիշտը որևէ թաքստոցից տեսալուսանկարելն է: Դիրքերում աշխատելիս առավելագույնս շրջահայաց պետք է աշխատել: Իսկ հենց սկսում է երեկոյանալ՝ մինչև մութն ընկնելը, լրագրողը պետք է հեռանա դիրքերից:

16

Ինչպե՞ս պաշտպանվել ականներից

Անծանոթ ու կասկածելի տարածք ոչ մի դեպքում չի կարելի մտնել: Չի կարելի քայլել կամ ձեռք տալ կամ որևէ բան նետել գետնին ընկած որևէ իրի վրա (փամփուշտներից, շշերից, ամենատարբեր իրերի կտորտանքից մինչև երեխայի խաղալիք):

2016.04.22

1

Զինվորական համազգեստ կամ զենք պե՞տք է ստանա պատերազմական թեժ գոտում աշխատող լրագրողը

2

Զրահաբաճկոնը կամ սաղավարտը պարտադի՞ր են պատերազմական գոտում աշխատող լրագրողի համար

3

Ի՞նչ տեսակի հագուստն է պատերազմական գոտում աշխատող լրագրողի համար ամենահարմարը

4

Ի՞նչ տեսակի կոշիկներ կարելի է հագնել

5

Ի՞նչ պետք է լրագրողը տեղավորի պատերազմական գոտի տանելիք ուսապարկում

6

Ի՞նչ փաստաթղթեր պետք է իր հետ վերցնի լրագրողը

7

Առողջապահական ի՞նչ անձնական տվյալներ պետք է լինեն լրագրողի թղթերում կամ իր հետ

8

Արժե՞ բանակայինների համար փոքրիկ նվերներ վերցնել

9

Դեպքի վայրում աշխատելիս անվտանգության ի՞նչ կանոններ պետք է պահպանի լրագրողը

10

Ի՞նչ պետք է անել, եթե մոտեցող ռազմական ինքնաթիռի ձայն է լսվում կամ արդեն երևում է հեռվում

11

Հնարավո՞ր է զգալ, որ անօդաչու սարք է մոտենում

12

Ո՞ր տեսակի մեքենան է քիչ թե շատ նախընտրելի պատերազմական գոտում

13

Լրագրողը կարո՞ղ է միջամտել բանակի գործողություններին

14

Պատերազմական գոտում լրագրողը կարո՞ղ է օգտվել իր բջջային հեռախոսից

15

Բացահայտ տեսալուսանկարելն անվտա՞նգ է

16

Ինչպե՞ս պաշտպանվել ականներից