Ի՞նչ պետք է իմանալ կոռուպցիա լուսաբանելիս

1

Կոռուպցիայի ի՞նչ դրսևորումներ կան

Կոռուպցիայի հիմնական դրսևորումներն են՝

  • «ատկատ» (откат, kickback)
  • ապօրինի հարստացում
  • արտասահմանյան պաշտոնյաներին կաշառում

2

Ի՞նչ է «ատկատ»-ը

«Ատկատը» կոռուպցիայի տեսակ է, որի դեպքում բարձրաստիճան պաշտոնատար անձը ապրանք կամ ծառայություն մատուցող ընկերություններից ընտրում է կոնկրետ ընկերություն՝ դրա դիմաց այդ ընկերությունից ստանալով ֆիքսված գումար կամ որոշակի տոկոս գործարքից:

 

«Ատկատներ» լինում են հիմնականում գերատեսչությունների գնումների ժամանակ: Ենթադրենք՝ գերատեսչություններից որևէ մեկը կահույքի գնման հայտարարություն է տվել, մասնակցել են երեք ընկերություն, հաղթել է մեկը: Դուք ինֆորմացիա ունեք, որ հաղթող ընկերությունը պատկանում է գերատեսչության ղեկավարի եղբորը: Ինչպե՞ս ապացուցել դա:

3

Ինչպե՞ս պարզել «ատկատը»

  • Պետք է հարցումով դիմել գերատեսչությանը և խնդրել տրամադրել գնման հետ կապված բոլոր փաստաթղթերը՝ ով է մասնակցել, ինչ պայմաններ են առաջարկել:
    Թեև այս ինֆորմացիան տեղադրվում է նաև գերատեսչության կայքում, այնուամենայնիվ, ճիշտ կլինի առանձին հարցմամբ դիմել:
     
  • Հարցման պատասխանը ստանալուց հետո պետք է պարզել, թե իրականում ովքեր են կանգնած ընկերության հետևում:
    Նման դեպքերում ընկերությունները սովորաբար ձևական տնօրեններ են ունենում: Ընկերության իրական տերը, որպես կանոն, լինում է գերատեսչության ղեկավարը, բայց ընկերությունը գրանցված է լինում մեկ այլ անձի անունով՝ հետքերը կորցնելու նպատակով:
    Լրագրողի հիմնական խնդիրը դա ապացուցելն է:
     
  • Պետք է ֆինանսական հետաքննություն սկսել:
    Պաշտոնյայի և ծառայությունը մատուցող ընկերության տնօրենի միջև կապը հաստատելուց հետո պետք է պարզել, թե ինչ մեխանիզմով է ընկերությունից գումարը փոխանցվում պաշտոնյային:
     
  • Պարզել «ատկատի» չափը:
    «Ատկատի չափը պարզելու համար պետք է ապրանքի կամ ծառայության դիմաց առաջարկված գինը համեմատել շուկայական գների հետ և հաշվել դրանց տարբերությունը: Կարելի է դիմել նաև անկախ փորձագետների և մասնագետների, ովքեր կօգնեն հաշվել «ատկատի» չափը:

4

Ի՞նչ է ապօրինի հարստացումը

Եթե կասկած է առաջանում անձի օրինական եկամուտների ու նրա ապրելակերպի համապատասխանության վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, դա վկայում է անձի ապօրինի հարստացման մասին: Եթե տեսնում եք, որ պաշտոնատար անձը օրենքի համաձայն՝ ստանում է 300-400 հազար դրամ, բայց, օրինակ, կրում է 2 միլիոն արժողությամբ կոստյում, ամենայն հավանականությամբ, դա ապօրինի հարստացման հետևանք է:

 

5

Ի՞նչ անել ապօրինի հարստացումը պարզելու համար

  • Երբ նման բան նկատեք որևէ պաշտոնատար անձի հետ կապված, բացեք օրենքը, կարդացեք, թե որքան աշխատավարձ է ստանում այդ պաշտոնյան: Եթե տեսնեք, որ առավելագույնը 300-400 հազար դրամն է, իսկ հագուստը, աքսեսուարները, ավտոմեքենան՝ ավելի թանկ, սկսեք խոսել այդ մասին:
     
  • Հարցում ուղարկեք պաշտոնյային, խնդրեք բացատրել, թե ինչպես և որտեղից ունի թանկարժեք ժամացույց, կոստյում, մեքենա՝ 300-400 հազար դրամ աշխատավարձի պարագայում: Ձեր հարցման մեջ նախապես նշեք, որ նրա ներկայացրած հայտարարագրերերում չի երևում թանկարժեք իրերի աղբյուրը: Նա պարտավոր է ասել:
     
  • Եթե պատասխանի, թե ընտանիքի անդամների նվերն է, շարունակեք հարցնել, թե ընտանիքի անդամներին այդ գումարը որտեղից:
     
  • Եթե պատասխանի, թե ընտանիքի անդամը զբաղվում է բիզնեսով ու նա է գնել, սկսեք հետաքննել ընտանիքի անդամի բիզնեսը: Պետռեգիստրին հարցումով դիմեք՝ պարզելու, թե ովքեր են հիմնադիրները, ինչով են զբաղվում, ինչ գնումների է մասնակցել ընկերությունը, ինչ առևտուր է անում: Հարցում ուղարկեք ՀՀ Մաքսային ծառայություն՝ պարզելու համար՝ արդյոք ընկերության հանդեպ կիրառվել են բոլոր մաքսատուրքերը:
     
  • Եթե պատասխանի, թե նվեր է ստացել ընկերոջից, իմացեք, որ հանրային ծառայության մասին օրենքը կարգավորում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ նվեր ստանալու հարցը. նվերը կարող է արժենալ առավելագույնը 100 հազար դրամ: Եթե պաշտոնատար անձը դրանից բարձր արժողությամբ նվեր է ստանում, այդ մասին պետք է հայտնի հրապարակավ: Այդ նվերը կհամարվի այն կառույցի սեփականությունը, որտեղ աշխատում է պաշտոնյան: Բայց ստացած նվերը պետք է կապված լինի նրա լիազորությունների/պաշտոնի հետ:

6

Ի՞նչ է արտասահմանյան պաշտոնյաներին կաշառումը

Դա որոշակի ֆինանսական միջոցների, գույքի կամ այլ ծառայությունների տրամադրումն է արտասահմանյան պաշտոնյային՝ որոշակի գործողությունների կատարման համար: Օրինակ՝ արտասահմանյան պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի հանգստի ապահովումը Մալդիվյան կղզիներում նրա կողմից որոշակի գործողություններ կատարելու կամ չկատարելու դիմաց:

7

Ինչպե՞ս պարզել դա

  • Առաջին հերթին՝ կախված պաշտոնյայի երկրից և պաշտոնից՝ պետք է պարզել, թե եկամուտների հայտարարագրեր ներկայացնում է, թե ոչ: Եթե այո, ապա փորձել ձեռք բերել դրանք: Եթե համացանցում հասանելի չեն, բայց հնարավոր է պարզել, ապա կա՛մ դիմեք անմիջապես իրավասու մարմնին, կա՛մ գտեք գործընկերներ այդ երկրում, ովքեր կդիմեն այդ խնդրանքով և ձեռք կբերեն այդ հայտարարագրերը:
     
  • Հայտարարագրերը պարզելուց հետո փորձեք ձեռք բերել ապացույցներ նրա կողմից կաշառք ստանալու փաստի վերաբերյալ: Այնուհետև եթե գիտեք, թե որ ՀՀ քաղաքացին է կաշառք տվել, գտեք նույնաբովանդակ ապացույցներ, որոնք ցույց կտան քաղաքացու գույքի պակասը՝ կաշառքի չափին համապատասխան:

8

Ի՞նչ պետք է հաշվի առնել նյութը հրապարակելուց առաջ

  • Անմեղության կանխավարկածը:
  • Այլ անձանց իրավունքները՝ անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը:
  • Հանրային շահը:
  • Օրենքով պաշտպանվող գաղտնիքը (նախաքննության գաղտնիք, պետական և ծառայողական գաղտնիք, առևտրային գաղտնիք):
  • Ապացույցների թույլատրելիությունը:

2016.10.04

1

Կոռուպցիայի ի՞նչ դրսևորումներ կան

2

Ի՞նչ է «ատկատ»-ը

3

Ինչպե՞ս պարզել «ատկատը»

4

Ի՞նչ է ապօրինի հարստացումը

5

Ի՞նչ անել ապօրինի հարստացումը պարզելու համար

6

Ի՞նչ է արտասահմանյան պաշտոնյաներին կաշառումը

7

Ինչպե՞ս պարզել դա

8

Ի՞նչ պետք է հաշվի առնել նյութը հրապարակելուց առաջ