2019.12.13,

Նյուսրում

Հանրայինը լրագրողների օգտին վճիռը կբողոքարկի

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հանրային հեռուստատեսության լրատվական բաժնի նախկին լրագրողներ Լիանա Կարապետյանի և Սիրանուշ Մուրադյանի դատական հայցն ընդդեմ Հանրային հեռուստառադիոխորհրդի (ՀՀՌԽ) և հեռուստաընկերության բավարարվել է: 

Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից media.am-ին հայտնեցին, որ դատական վճռի հետ համաձայն չեն և բողոքարկելու են այն. «Հետագա քայլերը պարզ կլինեն վերաքննիչ դիմելուց հետո»:

Լրագրողների փաստաբան Տիգրան Ղազարյանը Ա1+-ի հետ զրույցում ասել է, որ Երևանի վարչական դատարանը հայցադիմումը բավարարել է ամբողջությամբ: Հիմնական պահանջն ուղղված է եղել հեռուստառադիոխորհրդի դեմ, ածանցյալ պահանջը հեռուստաընկերության դեմ։

Ըստ փաստաբանի, հայցվոր կողմի հիմնական պահանջն է վերականգնվել աշխատանքի, իսկ ածանցյալ պահանջը անվավեր ճանաչել Մարգարիտա Գրիգորյանի հրամանը։   

Լրագրողներն աշխատանքից ազատման մասին իմացել են 2019թ-ի հունվարի 11-ին: 2018թ-ի դեկտեմբերի 25-ին խորհուրդը որոշում է ընդունել, որ Հանրային հեռուստատեսությունը կարող է կադրային փոփոխություններ անել: 

Բացի Լիանայից և Սիրանուշից աշխատանքից կրճատվեցին ևս երեք լրագրողներ, սակայն դատարանի միջոցով իրենց իրավունքը պաշտպանել ցանկացան միայն նրանք:

Աշխատանքից ազատումը, նրանց խոսքով, չի հիմնավորվել, այլ եղել է կամայական: Լրագրողները պնդում են, որ իրենց հետ դեռ աշխատանքային պայմանագիրը չլուծարած, հեռուստաընկերությունը նոր լրագրողների է աշխատանքի ընդունել:

Հեռուստառադիոխորհրդի տնօրեն Արա Շիրինյանն ասում է, որ լրագրողների հայցը հեռուստաընկերության դեմ է և պարզ չէ, թե ինչու է այդ գործընթացը կապվել խորհրդի հետ:

«Խորհուրդը չի կարող մասնակից լինել այս դատական գործընթացին, քանի որ մենք լիազորություններ չունենք հեռուստաընկերությունում աշխատողներ կրճատելու կամ ընդունելու: Խորհուրդը կարող է նշանակել կամ ազատել միայն հեռուստաընկերության գործադիր տնօրենին և տեղակալներին»,-բացատրում է Արա Շիրինյանը։

Նրա խոսքով, հեռուստաընկերությունն իր որոշումը հիմնավորում է խորհրդի կողմից ստացած թույլտվությամբ, միայն այդքանով իրենք կարող են կապ ունենալ դատական գործի հետ։

Աշխատանքային իրավունքի մասնագետ Գևորգ Սլոյանն ասում է, որ օրինական հիմքերով այսօր դժվար է հաստիքացուցակ կրճատել, քանի որ գործատուն պետք է ապացուցի, թե ինչու է փոփոխություններ անում:

«Եթե դատարանը բավարարել է լրագրողների հայցը, ուրեմն ազատման հիմքերը գրագետ չեն ձևակերպվել կամ բացակայել են: Աշխատանքից ազատման հիմքերը պետք է երկու կողմի համար պարզ լինեն և երբեք պայմանավորված չլինեն խտրական վերաբերունքով, ասենք հին աշխատող կամ նոր կամ այս կամ այն կրոնական և քաղաքական հայացքի պատճառով»,-ասում է փաստաբանը:

Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածն ասում է, որ  կրճատումները պետք է պայմանավորված լինեն արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ:

Ազատման հիմք կարող են լինել աշխատողի հանդեպ վստահության կորուստը, պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որակավորումը և այլն: Դրանք գործատուի կողմից հիմնավորելը բավականին բարդ է: Պարզ հիմքեր կարող են լինել առողջական խնդիրները, աշխատանքից բացակայությունների քանակը, ընկերության լուծարումը և այլն:

Սլոյանն ասում է, որ վերջերս աշխատանքային օրենսգրքում փոփոխություն է եղել և հստակ ամրագրվել է խտրականության արգելքը:

«Դեռ վաղ է գնահատական տալ, թե Վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում ինչ ընթացք կունենա այս գործը, սակայն եթե այնտեղ էլ խախտված համարեն լրագրողների իրավունքը, ապա նրանք կվերականգնվեն աշխատանքի և կփոխահատուցվեն հարկադիր պարապուրդում եղած ամիսների համար»,-ասում է նա:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *