Քրեական գործ՝ Հանրայինում չարաշահումների գործով

04.07.2018, Նյուսրում

Լրագրող

Գլխավոր դատախազությունը 2017թ-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում ֆինանսների նախարարության իրականացրած ստուգումների և դրանց արդյունքում հայտնաբերված՝ պետբյուջեից 168,5 մլն դրամի չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, ՓԲԸ-ն դրամաշնորհային պայմանագրերով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին 2015-2016 թվականներին տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հետ կնքել է ընդհանուր առմամբ շուրջ 2,4 մլրդ դրամի պայմանագրեր՝ հեռուստահաղորդումների, ֆիլմերի, հաղորդաշարերի ձեռքբերման և այդ հաղորդումների պատրաստման համար տեխնիկական միջոցների վարձակալման համար:

«Ընտրանքային ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆիլմերի կամ հաղորդաշարերի ձեռքբերման նպատակով կնքված ընդհանուր 118,2 մլն դրամի թվով 4 պայմանագրերով կազմվել և օգտագործվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր: Մասնավորապես՝ հաստատվել են աշխատանքներ կատարող կամ ծառայություն մատուցող ընկերությունների բազմաթիվ աշխատակիցների կամ մասնագետների առկայություն և դրանց համար ծախսերի հաշվարկներ: Մինչդեռ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից ստացված տվյալների համադրությամբ պարզվել է, որ նշված տնտեսվարող սուբյեկտները կամ ընդհանրապես գրանցված աշխատակիցներ չեն ունեցել, կամ դրանց թվաքանակը եղել է զգալիորեն պակաս:

Բացի այդ, հեռուստահաղորդումների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերում, տեխնիկայի տրամադրում չնախատեսելու պայմաններում, ՓԲԸ-ն 2 դեպքում երրորդ անձանց հետ կնքել է տեխնիկայի վարձակալության ընդհանուր 30,5 մլն դրամի պայմանագրեր՝ կատարելով չհիմնավորված, հավելյալ ծախսեր:

Հեռուստաարտադրության և տեխնիկական միջոցների վարձակալության պայմանագրերը կնքվել են չնայած նրան, որ ՓԲԸ-ն ունեցել է ռեժիսորական, հեռուստաօպերատորական, արտատաղավարային նկարահանումների և լուսային ապահովման բաժիններ՝ համալրված 50-ից ավելի մասնագետներով և հարյուրավոր միավորներ տարբեր անվանումների հեռուստաարտադրության տեխնիկական անհրաժեշտ միջոցներով:

Բացի այդ, 2015-2016թթ. թվով 4 շինարարական կազմակերպության հետ կնքվել են ընդհանուր մոտ 471,6 մլն դրամի պայմանագրեր, որոնցով կապալառու կազմակերպությունների և տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց կողմից կազմվել է իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ փաստաթղթեր՝ կատարողական կամ ընդունման ակտեր, որոնցով ցույց են տրվել ընդհանուր 8,8 մլն դրամի շինարարական աշխատանքներ, որոնք վճարվել են, սակայն իրականում չեն կատարվել»:

Ամիսներ առաջ Ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունը  «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր պետական աղբյուրներից հատկացվող գումարների ծախսման ավելի քան 2 մլրդ դրամի խախտման փաստ։ Այս թեմայով մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան:

Հանրային հեռուստաընկերության Խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել էր, որ 2 մլրդ դրամի խախտում չի եղել, եղել են անճշտություններ և անհամապատասխանություններ:

««Խախտում» բառն ընդամենը իրավական ձևակերպում է, որը, սակայն, չի նշանակում հափշտակում կամ յուրացում, ինչպես որ հասկացել է մարդկանց մի մասը»,-նշել էր նա:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ասել էր, որ տարիներ շարունակ նույն տեսքով ընդունվել է իրենց հաշվետվությունը:

«Գումարի հափշտակում, անարդյունավետ վատնում տեղի չի ունեցել, տեղի է ունեցել բյուջեի տողերի ձևակերպման անվանումների տարբերություն, որը հետագայում մեզ ասվել է, որ մենք պարտադիր պետք է դիմեինք Ֆինանսների նախարարությանն այդպիսի փոփոխությունների համար»,- մեկնաբանել է Գրիգորյանը։

Հետքը, հղում տալով ֆինանսների նախարարությանը,  գրում է, որ նշված գումարից վերականգնման ենթակա 183.6 մլն դրամն արդեն մուտքագրվել է պետական բյուջե, 132.6 մլն դրամը արձանագրվել է որպես վերաձևակերպման ենթակա գումար, իսկ 1 մլրդ 692 հազար դրամի մասով ընկերության կողմից շտկվել են արձանագրված թերությունները:

 

Գայանե Ասրյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?