Հանրայինից հեռացան ղեկավարության հորդորով

20.06.2018, Նյուսրում

Լրագրող, արվեստի քննադատ

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը հունիսի 19-ից աշխատում է առանց ղեկավար կազմի: Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել լրատվական ծառայության տնօրեն Հարություն Հարությունյանը և «Օրակարգ» լրատվական ծրագրի ղեկավար Արտակ Հերիքյանը:

Նրանց հետ միասին հեռացել են նաև հաղորդավար–լրագրողներ Տարոն Կոխլիկյանը և Լարա Առաքելյանը։

Հանրայինի լրատվական բաժինը վերջին ամիսներին բավականին հաճախ էր քննադատվում «Իմ քայլը» շարժման ընթացքը ոչ համաչափ լուսաբանելու համար:

Լուրերի թողարկումների պատասխանատուներին աշխատանքից ազատման մասին լուրը համընկավ նաև «Իմ քայլը» շարժան առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան կոչի հետ, որտեղ նա գրել էր.

«Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել»։

Անորոշ հասցեատեր ունեցող այս գրառումից անմիջապես հետո Հանրային հեռուստաընկերության ղեկավարի առաջարկով Արտակ Հերիքյանն ու Հարություն Հարությունյանը հեռացել են հեռուստաընկերությունից:

Արտակ Հերիքյանը media.am-ին ասաց. «Իմ դիմումը ոչ մի դեպքում կապված չէ Նիկոլ Փաշինյանի գրառման հետո, որն, իմ կարծիքով, բնավ էլ խոսքի ազատության ճնշման փորձ չէ, այլ ընդամենը վտանգի մասին ակնարկում ու նախկին գործընկերոջ մտահոգություն: Ես ազատման դիմում եմ ներկայացրել Հանրայինի ղեկավարության հորդորով»:

Հարություն Հարությունյանը մի քանի օր առաջ media.am-ին տված հարցազրույցում ասել էր. «Ես իմ աշխատանքը սիրում եմ, իսկ սիրելի աշխատանքից որպես կանոն չեն ուզում ազատվել…  Իհարկե, ես պատրաստ էի աշխատել, քանի որ հանրային հեռուստաընկերություն էի գնացել իմ պատկերացրած հեռուստատեսությունն ունենալու նպատակով»:

Արտակ Հերիքյանը պատմում է, որ «Իմ քայլը» շարժման առաջին օրերը տեղ չեն գտել եթերում, քանի որ շարժումը դեռ չէր ստացել հանրային հնչեղություն: «Այո, Գյումրիից սկած քայլարշավը մենք չենք լուսաբանել, բայց Երևանում թափ ստացած հենց առաջին հավաքները տեղ ունեին մեր եթերում: Ընդունում եմ, որ մենք համաչափ չենք արձագանքել: Բայց, կարծում եմ, որ շատ քչերն էին կարծում, որ շարժումը կհանգեցնի լուրջ հանրային փոփոխությունների: Դա ասում եմ ոչ թե արդարանալու համար, այլ որպես փաստ»:

Հարություն Հարությունյանն ասել էր, որ հիմա «բացառիկ լավ պայմաններ են լրագրությամբ զբաղվելու համար, որ վաղուց խաթարված էր մեր երկրում»:

Արտակ Հերիքյանի համար էլ այս երկու ամիսը «լրագրողական պոռթկում» էր, երբ հնարավորություն կար հիշելու մասնագիտական կարևոր հատկանիշների մասին:

«Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հեռուստատեսությունը երբեք լիակատար անկախություն չի ունեցել»,- ասում է նա:

Եվ պատմում է, որ իր սերունդը գնաց հեռուստատեսություն՝ սովետական կարծրատիպերը կոտրելու համար: «Միգուցե չկարողացանք կամ չուզեցինք պայքարել ու դիմադրել՝ ընտրելով փոխզիջման ճանապարհները: Եվ ինքներս էլ չհասկացանք, որ ընդհուպ մոտեցանք նույն այդ սովետական ոճին»:

Հանրային հեռուստաընկերության քաղաքականությունը, աշխատաոճը, հեռանկարներն ու հաշվետվողականությունը առավել մանրազննին է դիտարկվում հանրության կողմից:

Մեդիա դաշտի խնդիրների բաց քննարկումները առավել քան արդիական են:


Նունե Հախվերդյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?