Պատկերների խնդիրը լրատվական կայքերում եւ ինչ անել դրա հետ

24.06.2014, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Ինտերնետային լրատվական կայքերում լուսանկարը շատ կարեւոր է: Կայքի գլխավոր էջի ազդեցիկ ու հաջողված լուսանկարները օգնում են, որ ընթերցողը ավելի շատ էջեր այցելի, քան գուցե նախատեսել էր անել:

Լուսանկարը հատկապես օգնում է սոցիալական մեդիայում նյութերը տարածելու ժամանակ: Օգտատերերը սովորաբար «քլիք» անելու որոշումը կայացնում են հոդվածի նկարի կամ/եւ վերնագրի շնորհիվ: Հաջող ընտրված նկարը լրացուցիչ այցելություններ է երաշխավորում:

Լուսանկարի պարագայում կա եւս մեկ պարտադիր հանգամանք: Ժամանակակից լրատվական կայքերում հոդվածների հետ պատկերները պարտադիր են: Եվ սա հաճախ խնդիր է դառնում: Լրատվական կայքեր կան, որոնք օրական մոտ հարյուր հոդված են հրապարակում: Այդ քանակի օրինական լուսանկար ապահովելը բարդ է: Օրինական ասելով՝ նկատի ունեմ լուսանկար կամ պատկեր, որն օգտագործելու համար խմբագրությունը հեղինակային իրավունքներ ունի:

Հատուկենտ խմբագրություններ ունեն սեփական լուսանկարիչներ: Կան լրատվական կայքեր, որ ֆոտոլրատվական գործակալությունների հետ պայմանագրեր ունեն: 

Լրագրողներն իրենք իրենց լուսանկարչական սարքերով եւ սմարթֆոններով ամեն օր լուսանկարներ են անում եւ հարստացնում են խմբագրության ֆոտո արխիվը: Սակայն լրատվական կայքերը պարբերաբար լուսանկարների հետ կապված խնդիրներ են ունենում: 

Այդպիսի խնդիրներից ամենաթարմը 1in.am-ի դեպքն է, երբ, որպես զինվորի ինքնասպանության փորձի մասին մի դատական գործի գլխավոր նկար, տեղադրել էին բոլորովին այլ մարդու լուսանկար, ով վաղուց հաջողությամբ կատարել է իր զինվորական պարտքը հայրենիքի առջեւ: 1in.am-ն ուղղեց սխալը, ներողություն խնդրեց, բայց դրանով խնդիրը չվերացավ:

Սա եզակի դեպք չէ: Նման դեպքերը պարբերական բնույթ են կրում: 

Օրինակ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս հոդվածը՝ «Զինծառայողները համախմբվել եւ ծեծել են հրամանատարին», նույնպես բանակի թեմայով է: Այստեղ էլ զորամասում ուրախ միջոցառումից մի դրվագ է պատկերված: Երգ ու պար, քեֆ-ուրախություն:

Ես Facebook-ի «Հանուն բարեխիղճ լրագրության» խմբում հարցրի նկարի ու հոդվածի կապի մասին: Ինձ պատասխանեցին, որ ծեծի պահի նկարը պարզապես չեն ունեցել:

Չգիտեմ: Տպավորություն կա, որ ինչ-որ դեպքերում ուղղակի google-ի նկարների՝ տեքստին համապատասխան բառերով որոնման առաջին էջում պատահած հարմար նկարը վերցնում եւ տեղափոխում են իրենց կայք:

Նմանատիպ այլ օրինակների համար առաջարկում եմ կարդալ գործընկերոջս՝ Արմեն Սարգսյանի հոդվածը, որտեղ նա պատմում է Տամպիկո ծովածոցի սեկվոյաները Գուգարաց անտառներ ներկայացնելու եւ «Լողավազաններում հայտնվել են կղանքի մանրէներ» վերնագրով հոդվածին կցված՝ ամառանոցային լողավազանում շամպայն խմող լողազգեստով աղջիկների նկարի մասին:

Իսկ ի՞նչ անել լրատվական կայքերում պատկերների խնդիրը լուծելու համար: Կետերով գրեմ, թե ինչ եմ առաջարկում՝

  • Ունենալ սեփական լուսանկարների գրագետ դասավորված եւ որոնելի արխիվ:
  • Ամեն օր հարստացնել սեփական լուսանկարների արխիվը:
  • Google-ում կամ Flickr-ում լուսանկարներ որոնելիս ուշադրություն դարձնել դրանց հեղինակային իրավունքներին: Անհրաժեշտության դեպքում ուղղակի կարելի է հեռախոսով, էլեկտրոնային փոտով կամ սոցիալական մեդիայի օգնությամբ կապվել նկարի հեղինակի հետ եւ այն օգտագործելու թույլատվություն ստանալ:
  • Դիտարկել ազատ օգտագործման համար նախատեսված լուսանկարների պաշարներից օգտվելու հնարավորություն: Կարելի է օգտվել նաեւUnsplash-ից (որակյալ լուսանկարներ), Pixabay-ից եւ Picjumbo-ից կամ ուղղակի Wikimedia Commons-ից: Շատ օգտակար ռեսուրս է նաեւ Publicdomainarchive-ը: Նշածս բոլոր դեպքերում լուսանկարի հեղինակին նշելն ու հղում տալը պարտադիր պայման է: Նմանատիպ՝ ազատ օգտագործման լուսանկարներով կայքերը բազմաթիվ են, ես ներկայացրել եմ մի քանիսը:
  • Ստեղծել եւ օգտագործել սեփական պատկերները կամ ֆոտոկոլաժները:
  • Ստեղծել եւ օգտագործել բառամպերի պատկերներ:
  • Ստուգել լուսանկարների հավաստիությունը, հատկապես եթե դրանք վերցված են սոցիալական մեդիայից:

Այս առաջարկների ցանկը վերջնական չէ, այն կարելի է լրացնել՝ կայքի «Մեկնաբանել» դաշտն օգտագործելով:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?