Պարադոքս. Lոռեցիները թերթ քիչ են կարդում, բայց տեղական թերթերը եկամուտով են աշխատում

16.12.2011, Նյուսրում

Վանաձորում երկու հիմնական տեղական լրատվական թերթ կա` «Վանաձորյան խճանկար» եւ «Լոռու մարզ»: Լրատվական թերթերի խմբագիրները գոհ են թերթի վաճառքից, սակայն պատահական հարցումները ցույց են տալիս, որ լոռեցիներն այնքան էլ չեն սիրում թերթ ընթերցել:

Վանաձորաբնակ Մարիա Իվանովնա Տերեշենկոն առհասարակ հայկական թերթեր չի գնում: Պատճառը ռուսական կրթությունը չէ. ուկրաինուհին կարողանում է հայերեն կարդալ: Պարզապես նա չի վստահում թերթերին: «Թերթերում միայն խոսում են, իրականում ճշմարտություն չկա: Իսկ ես ճշմարտություն եմ սիրում»,- ասում է Մարիա Իվանովնան:

Վանաձորցի Ալեքսան Բուլղադարյանը վերջին անգամ «Լոռու մարզ» թերթ գնել է խմբագրի` իր ընկեր Մանվել Միկոյանի ծննդյան օրվա առթիվ: Աշխատանք չունեցող ինժեներ-մեխանիկի կարծիքով`մարդիկ թերթերում պատասխան են փնտրում, թե երբ վերջապես աշխատատեղեր կբացվեն: «Մարդիկ թերթ առնում են ինչ-որ մի նորություն կարդան, նորություն իմանան, բայց էսօր հետաքրքրող ոչ մի բան չկա, թերթերում էլ չկա»,-իր մտահոգությունն է հայտնում Ալեքսան Բուլղադարյանը:[[wysiwyg_imageupload:142:]]

Սարամեջ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը կարդում է տեղական «Վանաձորյան խճանկար» եւ «Լոռու մարզ» թերթերը: «Խճանկարում» նրան հետաքրքրողը առքուվաճառքն է, հումորը, դերասանների կյանքը: Սարամեջում «Վանաձորյան խճանակարը» վաճառվում է, իսկ «Լոռու մարզը» ստացվում է բաժանորդագրությամբ: Թերթի յուրաքանչյուր համարից գյուղապետարանը 5 օրինակ է ստանում: «Մեր աշխատողներին ենք տալիս, մենք ենք կարդում: Համայնքի բնակիչներից որոշ մարդիկ կարդում են. գալիս են, ասում ենք` թերթ ա ընդեղ դրած, հետաքրքիր ա, նստի կարդա»,- ասում է գյուղապետը:

«Վանաձորյան խճանկարը» բիզնես-ծրագիր է 

«Վանաձորյան խճանկար» թերթի տնօրեն Հայկազ Սիմիկյանի համոզմամբ` լրագրությունը «բիզնես» է: Պետք է այնպիսի լրատվական արտադրանք տալ, որի համար ընթերցողը պատրաստ լինի վճարել: Նրա կարծիքով`լրատվական դաշտում այսօր պակասում է որակյալ արտադրանքը, ինչն առաջ է բերում «չկարդացվածության» խնդիր:

«Արտադրանք տալիս ընթերցողի պահանջը պետք է հաշվի առնել»,-ասում է Հայկազ Սիմիկյանը:

«Վանաձորյան խճանկարն» էլ այդ սկզբունքով է հիմնադրել. «Ենթադրում էի, որ փոքր քաղաքում չի կարող լինել թերթ, որ բազմաժանր չլինի, միայն լրատվական լինի կամ ինչ-որ ուղղվածության: Մտածեցի, որ այն պետք է լինի «խառը» թերթ, այսպես ասած, «տան» թերթ, որպեսզի տուն մտնելով`ապահովի բազմակողմանի տեղեկատվություն»,-ասում է թերթի հիմնադիրը:

«Խճանկարը» բազմաժանր է`խաչբառ, հեռուստածրագիր, հումոր, ֆուտբոլ, մանկական էջ, իրավաբանի, հոգեբանի անկյուն, բիզնես: 24 էջից 4-ը հատկացվում է լրատվությանը, 10-ը`հայտարարությանը, վերջին 1 էջը` գովազդին:

Հայկազ Սիմիկյանի կարծիքով` գովազդն ու հայտարարությունը պակաս կարեւոր տեղեկատվություն չեն քաղաքի մասին: «Ով է ասում, որ հայտարարությունը ինֆորմացիա չէ,-ասում է,- Դա էլ է լուր, մարդիկ բավականին շատ հետաքրքրվում են, 143կարդում: Մարդը առնել-ծախելու բան չունի, բայց ինֆորմացիա է ստանում, թե քաղաքում ով ինչ է վաճառում, մոտավորապես ինչ կարգի գներ են»:

«Վանաձորյան խճանկարի» առավելություններից մեկն էլ այն է, որ այն տպագրվում է Հայկազ Սիմիկյանի սեփական տպարանում: Սա հնարավորություն է տալիս ավելի անկախ լինել:

«Վանաձորյան խճանկար»-ում գրում են ամեն ինչի մասին, բացի քաղաքականությունից:  Հայկազ Սիմիկյանի կարծիքով`դեռ քաղաքականությանն անդրադառնալու ժամանակը չէ: Նրա կարծիքով Վանաձորում ընդհանրապես քաղաքականություն չկա. «Չի կարող լինել, որովհետեւ քաղաքականությունը Երեւանում է ձեւավորվում: Վանաձոր կարող է գան ինչ-որ հանձնարարություն կատարեն, բայց դրանով վերջանում է»:

«Լոռու մարզը» գրեթե վերադարձ չունի

«Մարզերում շատ դժվար է մամուլ պահելը»,-ասում է «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանը:

«Լոռու մարզը» լույս է տեսնում շաբաթը 2 անգամ` 1000 տպաքանակով: Այն հիմնադրվել է  Լոռու մարզպետարանի կողմից: Սկզբում պաշտոնաթերթ է եղել: Այժմ կիսով չափ է պատկանում մարզպետարանին. 49%-ի բաժնետերն է խմբագիր Մանվել Միկոյանը:

«Լոռու մարզ»-ն ամբողջությամբ հոգում է իր ծախսը: Իհարկե, թերթը տարեկան մինչեւ մեկ միլիոն դրամի ֆինանսական աջակցություն է ստանում  պետական եւ տեղական բյուջեներից: Լոռու մարզպետարանի կողմից ոչ պետական մամուլի համար նախատեսված աջակցություն է, իսկ Վանաձորի քաղաքապետարանը թերթին աջակցում է սեփական` համայնքային միջոցներից,[[wysiwyg_imageupload:144:]] որի դիմաց թերթն անվճար տպագրում է քաղաքապետարանի հայտարարությունները:

«Լոռու մարզ»-ի տպաքանակն ամբողջությամբ սպառվում է: Վերադարձ գրեթե չկա` 5-10 օրինակ: Ընդ որում`70%-ով թերթն իրացվում է բաժանորդագրության, մնացածը`հատավաճառքի միջոցով: Թերթը տարածվում է Լոռու մարզի բոլոր 113 համայնքներում անհավասար քանակությամբ: Ստեփանավանի տարածաշրջանի եւ Ալավերդու բոլոր դպրոցները, ինչպես նաեւ մեծ թվով հիմնարկ-ձեռնարկություններ բաժանորդագրվում են «Լոռու մարզին»:

145Բաժանորդագրությունից ու հատավաճառքից բացի թերթը եկամուտ է ստանում հայտարարություններից: «Լոռու մարզ» թերթի 4 էջերից կեսում հայտարարություններն են: Նույնիսկ լուրերի առատության դեպքում էլ թերթի նման կառուցվածքը պահպանվում է: Եթե հայտարարությունները շատ են լինում, թերթի ծավալը կրկնապատկվում է:

«Լոռու մարզը» մեկ հաստիքային լրագրող ունի: Խմբագրի ասելով` վարձատրվում է նվազագույն աշխատավարձի չափով: Արտահաստիքային թղթակիցներն աշխատում են հոնորարով:

Մանվել Միկոյանն ասում է, որ իրենց թերթը քննադատում է կոնկրետ խնդիրները:: Նա  պատմում է, որ երբ Վանաձոր գետի վրա ՀԷԿ էր կառուցվում, 20-ից ավելի հրապարակումներ եղան «Լոռու մարզում», 5-6 հրապարկում`«Ազգում», ծավալվեց քննադատական քարոզարշավ, եւ նախաձեռնությունը խափանվեց:

«Մարզերում չկան այն մեծ խնդիրները, որ կան մայրաքաղաքում»,-եզրափակում է խմբագիրը: Հանրապետական նշանակության խնդիրների մասին Միկոյանը  նախընտրում է գրել «Ազգ»-ում:

Ադրինե Թորոսյան, Վանաձոր

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?