Հայաստանի մեդիա դաշտի խնդիրները երեկ եւ այսօր

03.05.2011, Նյուսրում

«Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգություն է հայտնել  հայաստանյան թերթերի դեմ հարուցված դատական հայցերի վերաբերյալ:

«Թերթերի դեմ զրպարտության վերաբերյալ դատական հայցերը եւ անհամարժեք վնասի փոխհատուցման պահանջները սպառնում են թերթերի գոյությանն ու ինքնագրաքննության մթնոլորտ են ստեղծում: Դատական հայցերով մեդիային շնչահեղձ անելու այս միտումը պետք է դադարեցվի»,- նշված է կազմակերպության հայտարարության մեջ:

«Լրագրողներն առանց սահմանների» -ն միայն 2011 թվականի առաջին քառորդում մեդիայի դեմ 12 զրպարտության հայց է արձանագրել:

«Վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումը գնահատվեց որպես դեմոկրատական առաջընթաց, սակայն մեդիայի նկատմամբ դատական հետապնդումները շարունակվում են: Անկախ թերթերն առաջնային թիրախն են»,- հայտարարում են  կազմակերպության ներկայացուցիչները:

«Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունն արձանագրել է նաեւ՝ շատ դեպքերում հայցվորները քաղաքական գործիչներ են. նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքն ու ինքը՝ նախկին նախագահը, մեդիային հաճախ դատի տվող հայցվորներից են: Շատ դեպքերում դատարաններն անում են այն, ինչ ցանկանում են հայցվորները՝ պատասխանողներից գանձելով մաքսիմալ փոհատուցում:

Միջազգային լրատվամիջոցների աջակցության կենտրոնը (ՄԼԱԿ)  հրապարակել է «Մամուլի ազատության մակարդակը56 Հայաստանում 2001-2010 թվականների ընթացքում» զեկույցը: Այն հիմնված է տարբեր կազմակերպությունների մեդիա մոնիթորինգի եւ գնահատականների վրա, որոնք կատարվել են աշխարհի տարբեր երկրներում: Երեք հիմնական գնահատողներն են Freedom House-ը (Մամուլի ազատություն), IREX –ը (Մեդիա կայունության ինդեքսը) եւ «Լրագրողներ առանց սահմանների» (Մամուլի ազատության ինդեքս) կազմակերպությունները:

IREX –ի գնահատականն է 2.09  հնարավոր 4 միավորից 
IREX-ի Մեդիա կայունության ինդեքսի իդեալական գնահատականը 4-ն է: Որքան թիվը փոքր է, այնքան երկիրը ոչ բարենպաստ վիճակում է: Գնահատման մեթոդաբանությանը կարելի է ծանոթանալ այստեղ:

2010 թվականին երեք խոշոր զարգացումներ զգալիորեն ազդեցին Հայաստանի մեդիա դաշտի վրա եւ մեծ ուշադրության արժանացան Հայաստանի մեդիա կայունության փորձագետների կողմից՝ զրպարտությունն ապաքերականացվեց, օնլայն մեդիա գործիքների առավել լայն օգտագործման սպասումով՝ 2009 թվականի վերջին Livejournal-ում բլոգ բացեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ արժանանալով բլոգգերների համայնքի ուշադրությանը հաջորդ տարվա ընթացքում, կտրուկ աճեց օնլայն պարբերականների, քաղաքացիական լրագրողների եւ սոցիալական ցանցերի պլատֆորմների քանակն ու ազդեցությունը:

Վերջին զարգացումները մի շարք դեպքերում շոշափելի փոփոխություններ առաջ բերեցին. hետաձգվեց քաղաքի կենտրոնում գտնվող ամառային կինոթատրոնը քանդելու որոշումը, դադարեցվեցին «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծով հղիության եւ հետծննդյան նպաստների սահմանափակումները, մի քանի ուսուցիչներ ստիպված եղան հրաժարական տալ այն բանից հետո, երբ Ինտերնետում լայնորեն տարածվեց աշակերտների ծեծի տեսանյութերը: Թերեւս անցյալ տարվա ամենաանսպասելի իրադարձությունը` Երեւանի քաղաքապետի ստիպողական հրաժարականն այն խոսակցություններից հետո, թե նա ծեծել է նախագահի արարողակարգի բաժնի աշխատակցին, մասամբ կարող է վերագրվել նաեւ օնլայն մեդիային եւ բլոգերների համայնքին, որն ակտիվորեն լուսաբանեց հրաժարականից առաջ տեղի ունեցած միջադեպը:

Freedom House-ի գնահատականն է 66  հնարավոր 100-ից (Ոչ ազատ)
Freedom House-ի գնահատականի դեպքում թիվը որքան մոտ է 0-ին, այնքան վիճակն ավելի բարենպաստ է:

ՀՀ Սահմանադրությունն ու իրավական ակտերը պաշտպանում են մամուլի ազատությունը, սակայն գործնականում այս իրավունքները հաճախ ոտնահարվում են: 2008 թվականի վիճահարույց ընտրությունների արդյունքում 2009 թվականի ընթացքում իշխանությունները շարունակեցին ճնշել եւ հետապնդել մեդիային: Կառավարությունը ձգտում էր սահմանափակել անկախ եւ ընդդիմադիր լրատվամիջոցներին մինչեւ քաղաքապետի մայիսյան ընտրությունները: Չնայած օրենսդրությունն ապահովում է հանրային տեղեկատվության հասանելիությունը՝  այն հաճախ անհասանելի է մնում:

Ապրիլին խորհրդարանը փոփոխություններ մտցրեց Հեռուստառադիոհեռարձակման օրենքում՝ իբրեւ նպատակ ունենալով ավելի թափանցիկ դարձնել հեռարձակման արտոնագրի տրամադրման գործընթացը: Վերանայված օրենքն ավելի արդյունավետորեն է  մանրամասնում չափանիշները, որոնց վրա պետք է հիմնվեն ՀՌԱՀ-ի (Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով) որոշումները: Այնուամենայնիվ այն չկարողացավ բարելավել ՀՌԱՀ-ի անկախությունը, որն ամբողջությամբ կազմված է նախագահի կողմից նշանակված մարդկանցից: ՀՌԱՀ-ը նաեւ իշխող կուսակցության վերահսկողության տակ է, եւ գործընթացի քաղաքականացված լինելն ակնհայտ է 2002 թվականից եթեթրազրկված A1+ անկախ հեռուստաընկերության արտոնագիրը շարունակաբար կասեցնելու գործում: Չնայած բազմաթիվ բողոքներին եւ 2008 թվականին մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշմանը հօգուտ հեռուստաընկերության՝ տարվա վերջում հեռուստաընկերությունը մնաց եթերազրկված:

Հեռուստատեսությունը երկրի գերիշխող լրատվամիջոցն է, եւ Կառավարությունը վերահասկում է հեռարձակվող լրատվամիջոցների գերակշռող մասը: Պետական Հանրային հեռուստատեսությունն ու Հանրային ռադիոն համապետական սփռման միակ կայաններն են: Շատ մասնավոր հեռուստաընկերություններ պատկանում են Կառավարությանը մոտ կանգնած բիզնես էլիտայի ներկայացուցիչներին, եւ հեռարձակողների շրջանում բարձր աստիճանի ինքնագրաքննություն է, քանի որ վախենում են կորցնել հեռարձակման արտոնագիրը:

«Լրագրողներ առանց սահմանների»  գնահատականն է 27.50  հնարավոր 120-ից

Լրագրողների պաշտպանության կոմիտե
Լրագրողների պաշտպանության կոմիտեի մեթոդաբանությանը կարելի է ծանոթանալ այստեղ:

Ինքնագրաքննությունը մնացել է լայնորեն տարածված մեդիայում, քանի որ ապօրինությունները սահմանափակում են լրագրողների, իրավապաշտպանների եւ ընդդիմադիր առաջնորդների գործունեությունը: Ամբողջ տարվա ընթացքում Ոստիկանության աշխատակիցները անընդհատ հետապնդել, ծեծել եւ ձերբակալել են լրագրողներին:

«Ա1+»-ը շարունակում է աշխատել որպես օնլայն ռեսուրս: Կառավարության հավաստմամբ՝ ինտերնետից օգտվում է  երկրի բնակչության գրեթե 50 տոկոսը, թեեւ անկախ փորձագետների գնահատականը շատ ավելի ցածր էր: Տպագիր եւ ինտերնետային լրատվամիջոնցներնում ավելի շատ էր բազմակարծությունը, բայց նրանց լսարանը սահմանափակվում էր հիմնականում քաղաքային եւ կրթված բնակչությամբ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?