Հայաստանում մամուլի ակումբները դեռեւեւս նախնական վիճակում են

03.10.2012, Նյուսրում

Զարգացած մեդիա ունեցող երկրներում մամուլի ակումբներն իրենց շուրջն են համախմբում որոշակի գաղափարներ ու սկզբունքներ ունեցող լրագրողների, փորձագետների, որոնք անդամագրվում են այդ ակումբին, անդամավճար են վճարում եւ դառնում այդ գաղափարների կրողն ու մեկնաբանողը:

Մամուլի ակումբներն ուղենշում են նաեւ մեդիայի հետագա զարգացման ուղիները: Իսկ ի՞նչ գործառույթներ ունեն մեզանում գործող մոտ երկու տասնյակ մամուլի ակումբները, որքանո՞վ են նպաստում մեր մեդիա դաշտի զարգացմանը։ Եւ առհասարակ, ի՞նչ խնդիրներ են լուծում:

Ակումբների հիմնադիրները հայտնում են, որ Հայաստանում մամուլի ակումբների ստեղծման պատճառ դարձավ լրատվամիջոցներում ոչ բավարար չափով առանձնակի կարեւորություն ունեցող թեմաների լուսաբանումը, երբեմն էլ՝ դրանց ընդհանրապես չանդրադառանալը: Ակումբները նպաստեցին մեդիա դաշտն առավել ակտիվ ու բազմազան դարձնելուն: Իհարկե, կան նաեւ այնպիսիները, որոնք ավելի շուտ շահույթ հետապնդելուն են միտված:

«Արմատ» ակումբի ղեկավար Վահրամ Միրաքյանի կարծիքով՝ մամուլի ասուլիսները` հպանցիկ եւ ոչ խորքային մեկնաբանություններով, հարցադրումներով կարծես սպառել էին իրենց, եւ առավել լուրջ, մասնագիտական մոտեցման անհրաժեշտություն էր առաջացել:

Այս հանգամանքն էլ պատճառ դարձավ, որպեսզի որոշակի գաղափարներ ու սկզբունքներ հետապնդող մամուլի ակումբներն իրենց շուրջը համախմբեն փորձագետների ու բանախոսների իրենց շրջանակը։ Երբեմն այդ շրջանակը շատ նեղ է լինում։

«Օրինակ՝ մի քաղաքական գործիչ գնում է մի մամուլի ակումբ, որովհետեւ ճանաչում է վարողին, գիտի այդ ակումբի միջավայրը, եւ նրան մի այլ ակումբ տանելը շատ դժվար է: Ըստ այդ շրջանակի էլ ձեւավորվում են լրագրողները»,- ասում է Վահրամ Միրաքյանը:

«Times.am» մամուլի ակումբի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը նույնպես համոզված է, որ մամուլի ասուլիսներն այսօր սպառել են իրենց, եւ թե՛ մեդիային, թե՛ հասարակությանն անհրաժեշտ են առավել խորքային վերլուծություններ, որոնք ճիշտ պատկերացում կտան մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

«Հիմնական լրահոսը, որ գոյություն ուներ լրատվական կայքերում, ինչպես նաեւ մեր կայքում, գոհացնող չէր։ Այն ավելի շատ բամբասանքների կամ փոքրիկ քաղաքական դիվիդենտներ ստանալու վրա էր կառուցված: Մենք փորձեցինք քննարկումները մի քիչ ավելի էքսպերտային ու բովանդակային դարձնել»,- ասում է նա:

Ի վերջո, մամուլի ակումբը պիտի դիտարկվի որպես տեղեկատվական ռեսուրս, որը հնարավորություն է տալիս փորձագետներին եւ բանախոսներին առավել խորքային ներկայացնել իրենց գաղափարներն ու մտքերը, դրանք դարձնել քննարկման նյութ ոչ միայն մամուլի, այլեւ հասարակության համար: Նկատելի է, որ երբ ակումբներում օրվա կարեւոր թեմայով թեժ քննարկում, տեսակետների բախում է տեղի ունեում, որին մասնակցում են նաեւ լրագրողները, ակումբների հավաք-քննարկումների արձագանքը մեծ է լինում։

Մեդիա դաշտում կարծիքներ կան, որ մամուլի ակումբներն սպանում են իրական լրագրությունը, լրագրողը դառնում է սոսկ բանախոսի մտքերի արձանագրողը: Այս տեսակետի հետ, սակայն, համաձայն չեն մամուլի ակումբների ղեկավարները, որոնց կարծիքով՝ դա ավելի շուտ պայմանավորված է լրագրողի ոչ բավարար պատրաստվածությամբ, որն իր նյութը կառուցում է միայն բանախոսի արտահայտած մտքերի ու կարծիքի հիման վրա՝ չփնտրելով տեղեկատվության այլ աղբյուրներ:

«Գրեթե բոլոր լրատվամիջոցներն օգտվում են մամուլի ակումբներից: Դա խնայում է լրագրողի ժամանակը՝ մանավանդ, որ «թրաֆիկ» կոչվող հասկացություն կա, որը ստիպում է հնարավորինս արագ պատրաստել նյութը, քանի որ արագությունն է ապահովում գովազդ, գումարներ եւ այլն: Եվ լրագրողն այլեւս ոչ թե իր պրոֆեսիոնալիզմի վրա է աշխատում, այլ քանակի` արագ-արագ եւ շատ նյութ: Արդյունքում ստացվում է մամուլի ակումբային ժուռնալիստիկա: Ես այստեղ մեր մեղքը չեմ տեսնում»,- նկատում է Վահրամ Միրաքյանը:

Իհարկե, մամուլի ակումբները նույնպես աշխատում են գովազդի շուկայի օրենքներով: Շատ ակումբներ իրենց գործունեությունը պատկերացնում են հենց այդ ձեւաչափում. հնարավորինս շատ ասուլիսներ ու բանախոսներ՝ գովազդատուի պահանջը բավարարելու համար, քանի որ դրանով է պայմանավորված իրենց շահույթը:

Եթե ակումբը կոմերցիոն նպատակներ չի հետապնդում եւ ստիպված չէ ամեն օր կամ շաբաթը մի քանի անգամ ասուլիսներ կազմակերպել, այն ավելի ինքնուրույն գործելու հնարավորություն է ստանում, քանի որ իր հովանավորների առջեւ պարտավորվածություն չունի:

Մամուլի ակումբների ղեկավարներից շատերը ընդգծում են լրագրողների ոչ բավարար պատրաստվածությունը նյութը լուսաբանելու գործում, անգամ ասում են, որ լրագրողների չիմացության մակարդակը երբեմն աղաղակող է` տարրական գրագիտություն չունենալու աստիճան:

«Լրագրողների մասնագիտական պատրաստվածության մակարդակը ոչ միշտ է բավարարում: Գուցե չի բավարարում այն կրթությունը, որ տրվում է մեր բուհերում, կամ այդ կրթությունը չի բավարարում մեր շուկայի պահանջները։ Լրագրողների աշխատանքի որակի բարձրացումը բխում է մամուլի ակումբների շահերից, որովհետեւ լրագրողներն են ստեղծում մեդիա մթնոլորտը, իսկ դրանից շատ բան է կախված»,- ասում է Վահրամ Միրաքյանը՝ նշելով, որ մամուլի ակումբները նաեւ լրագրողների համար նախատեսված մասնագիտական դասընթացներ են անցկացնում։

Նույն մտահոգությունը կիսում է նաեւ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Անհրաժեշտ է բարձրացնել մեդիա գրագիտությունը, ուշադրություն դարձնել տեղեկատվական անվտանգության խնդիրներին»:

Չնայած մամուլի ակումբները մեր երկրում ավելի, քան մեկ տասնամյակի կենսագրություն ունեն՝ ակումբների հիմնադիրները համոզված են, որ դրանք դեռեւս շատ հեռու են արեւմտյան մամուլի ակումբների որակական ցուցանիշները դրսեւորելուց:

Ոմանք ակումբը հիմնել են «առանց սահմանների ու սահմանափակումների» մամուլի ասուլիսներ կազմակերպելու նպատակով (ինչպես մեր հարցադրումներին պատասխանելով ասաց «Ելակետ» ակումբի ղեկավարը):

Ոմանք այն ստեղծել են որոշակի գաղափարական հենքի վրա, ոմանք էլ (ինչպես, օրինակ, «Ուրբաթ» ակումբը) ուզում են ազատ ամբիոն լինել «քաղաքական գործիչների, մտավորականների, արվեստագետների եւ պարզապես մարդկանց համար, ովքեր կարծիք ունեն հասարակական հնչեղություն ունեցող այս կամ այն իրադարձության վերաբերյալ, միաժամանակ հետամուտ են, որպեսզի ակումբում չքննարկվեն ապազգային ու հակամարդկային թեմաներ»։

Այդուհանդերձ, Հայաստանում «մամուլի ակումբ» հասկացությունը շատ նեղ է, դեռեւս նախնական վիճակում:

Մետաքսե Պետրոսյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?