Ի՞նչ պետք է անի լրագրողը, եթե ուզում է լուսաբանել ընտրությունները

Ի՞նչ պետք է անի լրագրողը, եթե ուզում է լուսաբանել ընտրությունները

Ի՞նչ է պատահել:

2017 թվականի ապրիլի 2-ին սպասվում են ԱԺ ընտրություններ, որոնց լուսաբանման հավատարմագրման կարգը մի շարք փոփոխությունների է ենթարկվել: Մենք կներկայացնենք հիմնական քայլերը, որոնք պետք է կատարեն ընտրությունները լուսաբանել ցանկացող լրագրողները:

Ո՞րն է առաջին քայլը:

Լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունը (լրատվամիջոցը) պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնի գրավոր դիմում: Մերժման հիմքերի դեպքում լրատվամիջոցը 5-օրյա ժամկետում ծանուցվում է այդ մասին։

Ո՞վ ունի հավատարմագրվելու իրավունք:

Հավատարմագրվել կարող են միայն այն ընկերությունները, որոնք առնվազն մեկ տարի լրատվություն են տարածում:

Մեկ տարվա սահմանափակումը կիրառելի չէ վերգետնյա եթերային հեռարձակող լրատվամիջոցների՝ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների համար:

Քանի՞ ԶԼՄ և ներկայացուցիչ կարող է հավատարմագրել լրատվական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ:

Մեկ ԶԼՄ և այդ լրատվամիջոցի ոչ ավելի, քան 50 լրագրող/օպերատոր: Օրինակ, եթե որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձ թողարկում է մի քանի թերթ կամ կայք, ապա ընտրությունները լուսաբանելու իրավունք կտրվի դրանցից միայն մեկի մինչև 50 լրագրող/օպերատորի:

Հավատարմագրման դիմումին կից ցուցակը ներկայացվում է թղթային և էլեկտրոնային տարբերակով: Ցուցակի էլեկտրոնային տարբերակի ձևաթուղթը կարելի է ներբեռնել:

Վերջնաժամկետներ սահմանվա՞ծ են:

Այո: Հավատարմագրման դիմումը և ԶԼՄ ներկայացուցիչների ցուցակը ԿԸՀ են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, ոչ ուշ, քան քվեարկությունից 15 օր առաջ:

Ապրիլի 2-ի ընտրությունների դեպքում՝ մինչև 2017 թվականի մարտի 18-ը:

ԿԸՀ գործունեությունը մեկ տարով լուսաբանելու համար վերջնաժամկետ սահմանված չէ։

Ե՞րբ է տրվում հավատարմագրման վկայականը:

Մերժման հիմքերի բացակայության պարագայում՝ դիմումը ստանալուց հետո 12 օրվա ընթացքում:

Ո՞ր դեպքում է հավատարմագրումը պարտադիր:

Այն պարտադիր է, եթե պետք է լուսաբանել ԿԸՀ-ում հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև քվեարկության գործընթացը տեղամասերում:

Ո՞ր դեպքում հավատարմագրումը պարտադիր չէ:

Այն պարտադիր չէ, եթե ընտրական գործընթացի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը ԶԼՄ-ն ստանալու է այլ աղբյուրներից, և ոչ՝ ԿԸՀ, տարածքային կամ տեղամասային հանձնաժողովների տարածքից:

Բոլոր այլ դեպքերում լրագրողի աշխատանքը կարգավորվում է «Ինֆորմացիայի ազատության մասին» և «Զանգվածային լրատվության մասին» օրենքներով:

Ի՞նչ պետք է անի օտարերկրյա լրագրողը հավատարմագրում ստանալու համար:

ԿԸՀ գործունեությունը լուսաբանել ցանկացող օտարերկրյա լրագրողը հավատարմագրման դիմումին կից պետք է ներկայացնի նաև Հայաստանում լրագրողի հավատարմագրման` ՀՀ ԱԳՆ կողմից տրված վկայականի պատճենը, իսկ վկայականի բնօրինակը պետք է ներկայացնի ԿԸՀ մուտք գործելիս:

ԱԺ ընտրությունների լուսաբանման պարագայում՝ օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողը հավատարմագրվելու մասին դիմումը պետք է ներկայացնի ՀՀ ԱԳՆ:

Ինչպե՞ս ստանալ ԿԸՀ գործունեությունը լուսաբանելու հավատարմագրում:

Հավատարմագրվելու և հանձնաժողովի գործունեությունը լուսաբանելու իրավունք ստանալու համար նախ և առաջ պետք է գրավոր դիմում ներկայացնել ԿԸՀ: Դիմումի ձևը կարելի է ստանալ անմիջապես հանձնաժողովում:

Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ/օպերատոր: