Գալիս է ամենաաղմկոտ լռության օրը

04.05.2012, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Ի՞նչ է մեզ ասում ՀՀ Ընտրական օրենսգրքի 5-րդ գլխի 18-րդ հոդվածը։ Այն մեզ ասում է հետեւյալը՝

«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է թեկնածուների, կուսակցություններիընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ շրջանում քարոզչությունը ստորեւ անվանվում է նախընտրական քարոզչություն: Քվեարկության եւ դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է»:

Կարծես թե հայտնի բան է եւ հասկանալի, ընկալելի, տրամաբանական։ Սակայն այս անգամ իրականությունը, շատ հնարավոր է, հակասի օրենքին։ Հասկանալի է, որ հեռուստաընկերությունները կդադարեցնեն քարոզչությունը։ Նույնը կանեն այլ ավանդական ԶԼՄ-ներ եւ նույնիսկ ցանցային լրատվամիջոցների մի մասը՝ հիմնականում նրանք, որոնց խմբագրությունները չեն գործում պարտիզանական մեթոդներով, բաց են եւ թափանցիկ։

Սակայն շատ մեծ է հավանականությունը, որ քարոզչությունը կշարունակվի ցանցային հիմնական հարթակներում: Այդ հավանականությունը ոչ միայն մեծ է, այլեւ հավասար է 1-ի։ Նայենք, թե որ հարթակներն են, որ կշարունակեն օգտագործել այն պահը, որը օրենսդրությունը հստակ չի սահմանում (եւ կարելի է ասել՝ չի էլ կարող այս պատմական ժամանակահատվածում հստակ սահմանել) որպես հարթակներ, ուր քարոզչությունը պետք է դադարի։

Օրինակ՝ բլոգային տիրույթը: Բլոգերները ոչ միայն իրենց որպես ԶԼՄ չեն ընկալում, ավելին՝ պարզ չէ, թե ինչպես դիտարկել հիմնական բլոգային տիրույթների պատկանելիությունը։ Wordpress-ը բաց կոդերով ծրագրայի հարթակ է, որը աշխարհի չորս կողմերից է զարգացվում։ Blogspot-ը Google-ի ծրագրերից մեկն է։ Livejournal-ը պատկանում է ռուսական ընկերությանը, սերվերները գտնվում են ԱՄՆ-ում։ Այսինքն՝ սրանք հարթակներ են, որոնք ղեկավարելի չեն Հայաստանի կողմից։

Այսինք՝ եթե օրենքը, օրինակ, բլոգերներից պահանջեր լռել լռության օրը, ապա Հայաստանը կա՛մ պետք է պաշտոնապես դիմեր մի շարք արտերկրյա կազմակերպություններին՝ պահանջելով փակել տվյալ ցուցակով բլոգերներին, կա՛մ պարտադրեր պրովայդերներին արգելափակել տվյալ հարթակները հայաստանցի օգտվողների համար։ Երկու դեպքում էլ հենց հաջորդ օրը մենք կստանայինք Հայաստանի շատ «գեղեցիկ» միջազգային պատկեր։

Բլոգերների դեպքում ինչ-որ չափով հարցը լուծվում է էթիկայի ոլորտում։ Հիմնականում իրենց հարգող բլոգերները նման դեպքերում հետեւում են նորմերին։ Դիտարկենք այլ ոլորտ․ ցանցային ԶԼՄ-ների բազմազանությունը։ Այստեղ մենք ունենք մոտ հարյուր քիչ թե շատ պարբերաբար թարմացվող կայքեր։ Դրանց զգալի զանգվածը ոչ մի հետադարձ կապի հնարավորություն չունի, խմբագիրը եւ լրագրողներն անհայտ են։ Դրանց մի մասն էլ .am դոմենային տիրույթում չէ եւ տեղակայված է ոչ հայկական սերվերների վրա։ 

Վերոհիշյալ հարթակները դեռ կարելի է ենթարկել մշտադիտարկման։ Իսկ սոցիալական ցանցերում շատ ավելի ծանր իրավիճակ է։ Տեսականորեն հնարավոր չէ վերահսկել բոլոր 300 հազար ֆեյսբուքյան կամ 600 հազար օդնոկլասնիկյան օգտատերերին։ Օրինակ՝ Ֆեյսբուքում տեղադրված քաղաքական գովազդը կարող է երեւալ միայն թիրախավորված օգտատերերին, եւ կուսակցությունները սա կարող են հանգիստ օգտագործել։ 

Այսպես կարելի է անընդհատ շարունակել, քանի որ գոյություն ունեն Youtube-ը, Twitter-ը, Vimeo-ն, Rutube-ը, Vkontakte-ն եւ այլ հարթակներ, որոնք կարող են օգտագործվել քաղաքական ուժերի, դրանց համախոհների եւ թշնամիների կողմից։ 

Լուծումները այստեղ շատ չեն։ Կարելի է Ռուսաստանի պես փորձել օրենքով արգելել բլոգերներին լռության օրը քարոզչական բնույթի գրառումներ կատարել, ինչը շատ վատ եւ անիմաստ տարբերակ է, քանի որ բոլոր հարթակների հետեւից ընկնել չի հաջողվի։

Մյուս տարբերակն է՝ հետեւել այն երկրների օրինակին, ուր լռության օրվա քարոզչությունը ոչ թե օրենքով է կարգավորվում, այլ ելնելով «ջենտլմենային» պայմանավորվածությունից։ Սա ավելի մոտ է իրականացմանը։ Սակայն կդիմանան՞ գայթակղությանը։

Հ.Գ․ Իրականում ցանցային խնդիրները անհամեմատ շատ են։ Միայն մի օրինակ. նույնիսկ եթե ցանցային լրատվամիջոցը հետեւում է օրենքին եւ դադարեցնում է ընտրությունների մասին հրապարակումները, ընթերցողներին հասանելի են մնում կայքի արխիվները։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?