Ոստիկանությունը համահայկական արժեքներն է պաշտպանում

06.02.2012, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորմանը հատուկ ռեպորտաժով արձագանքեց Հայաստանի Ոստիկանությունը: Օպերատիվ եղանակով պատրաստած վիդեո-աուդիո նյութը տեղադրվել էր police. аm կայքում ու ըստ կալանքը (նաեւ դրան նախորդող հետախուզումը) իրականացրած գերատեսչության՝ պետք է ուշքի բերեր լրագրողին ներկայացված մեղադրանքները կասկածի տակ առնողներին:

Այդ ենթատեքստը (ուշքի բերելը) շեշտվեց առաջին իսկ բառից ու  առոգանությամբ: Խրոխտ, արդարացի զայրույթից դողդողացող, բայց միեւնույն ժամանակ՝ վստահությամբ տոգորված ձայնը միանշանակ պնդում էր, որ Հայկ Գեւորգյանը հանցագործ է, ով վրաերթի է ենթարկել շարքային անցորդին ու «ճաղոպրել» (Ոստիկանության ձեւակերպումն է) դեպքի վայրից: Եվ դրանով իսկ խախտել է ոչ միայն օրենսգիրքը, այլեւ բարոյական նորմերը:

Կարելի է, իհարկե, շեշտել, որ մինչ մեղադրանքի հաստատումը կասկածյալը դեռ հանցագործ չէ (անմեղության կանխավարկածը ոչ ոք դեռ չի բացառել), սակայն այս ռեպորտաժը դիտելիս ուզում ենք ոչ թե բովանդակության, այլ այդ բովանդակության մատուցման ձեւի մասին խոսել:

Ոստիկանության պաշտոնական տեսակետն արտահայտող ռեպորտաժը հիշեցնում է վատ ագիտացիոն պլակատները, որոնք ընթերցվում են դրամատիկ ձայնով ու բարձր տոնայնությամբ՝ առավել տպավորիչ ու աներկբա տպավորություն թողնելու համար: Սակայն, ի վերջո, հանգեցնում են հակառակ էֆեկտի՝ ծաղրապատում են դառնում, քանի որ դրաման անխուսափելիորեն ֆարսի է վերածվում, երբ խելքից դուրս արհեստական  շեշտադրումներ ու պաթետիկ բառեր են օգտագործվում:

Ռեպորտաժում նշվում է. «Ոչ Հայկ Գեւորգյանը, ոչ էլ նրա մասնագիտական գործունեությունը ոչ մեկին չեն հետաքրքրում: Միգուցե նա արժեք է իր գործատուի համար, բայց ոչ համահայկական արժեք է»:

Այդ զարմանալի միտքը ճյուղավորվում է: Խոսնակը հռետորական ելեւէջներով խորհուրդ է տալիս «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին հումանիստ լինել ու հետաքրքրվել  տուժածի որպիսությամբ (ո՞ղջ է, հաշմանդա՞մ է, մեռա՞վ): Ի դեպ, «ձախ ստորին վերջույթի պճեղի ոչ լրիվ կոտրվածք ու ուղեղի ցնցում» ստացած տուժածն, իր ասելով, բանվոր է, իսկ լրագրողների պնդմամբ՝ գործազուրկ:

Ոստիկանությանը իրականում չի ներկայացրել տուժածի գործատուի տեսակետը, սակայն նշել է, որ ոստիկանը միշտ մարդու կողքին է: Անգամ գործազուրկի, քանի որ նրա համար արժեքը (թերեւս համահայկական) մարդն է:

Ռեպորտաժում շատ կոնկրետ թվեր էլ նշվեցին: Հիշատակվեց, որ այս պահի դրությամբ Ոստիկանության կենտրոնական բաժնում 600 հետախուզվողներ կան (որոնցից 6-ը մարդասպաններ են): Եվ նրանք որոնվում են ընդամենը 4 աշխատակցի ուժերով: Ստացվում է, որ մեր Ոստիկանությունը շատ անհամաչափ ու շատ ծանրաբեռնված է աշխատում: Հետն էլ՝ համահայկական արժեքներն է պաշտպանում նաեւ հետախուզվողների ցուցակում:

Նունե Հախվերդյան

Հ.Գ. Ուշագրավ է, թե ինչո՞ւ է Ոստիկանությունն իր պաշտոնական տեսակետն արտահայտող նյութում տեղադրել նաեւ վրաերթից տուժած անձի հետեւյալ սպառնալիքները. «Որ տղես իմանա իմ հետ ինչ ա եղել, «Նիվի» շոֆեռի գլուխը կջարդի»: Արդյոք բարոյակա՞ն է մահացու սպառնալիքների, վրեժխնդրության կոչերի ու փոխադարձ անվստահության մթնոլորտի տարածումը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?