Մարկոսից մինչև Սալդանյա. բրազիլա-հայկական ֆուտբոլ

10.10.2017, Քննադատ

Լրագրող

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վերջին՝ Ղազախստան–Հայաստան հանդիպման ավարտից հետո Հայաստանի հավաքականի անդամ Մարկոս Պիզելլին իր կարծիքն էր ներկայացրել մեր ֆուտբոլում առկա խնդիրների մասին: Հարցազրույցը հրապարակեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները, ընդ որում մեծամասամբ՝ խմբագրված, ինչից հետո Մարկոսը ստիպված էր պարզաբանում ներկայացնել: «Բոլորս ենք մեղավոր՝ Ռուբեն Հայրապետյանը (ՀՖՖ նախագահ), Վարուժան Սուքիասյանը (հավաքականի նախկին մարզիչ), ֆուտբոլիստները, բոլորը»՝ մասնավորապես ասել էր Մարկոսը, ինչը լրատվամիջոցների մեծամասնության համար վերածվեց «Մարկոսը անհաջողությունների համար մեղադրում է ֆեդերացիայի նախագահին» վերնագրով առանձին նյութի: Պարզաբանման մեջ Մարկոսը գրեթե կրկնում է իր խոսքերը այլ տեքստով՝ «Չի կարելի մեղադրել միայն ֆեդերացիայի նախագահին՝ բոլորս ենք մեղավոր»:

Մեծ հաշվով Մարկոսի խոսքերի շուրջ իրարանցումը շատ նման է ուղղագրության դասական օրինակին. «Ներել չի կարելի գնդակահարել» նախադասության մեջ կարելի է ստորակետը դնել առաջին բառից հետո կամ վերջին բառից առաջ և կստացվի 2 ամբողջապես տարբեր մտքեր, ձևակերպումներ: Բրազիլացի Մարկոսը հայերենով կարողանում է մոտավորապես բացատրել իր մտքերը և պետք է փորձել հասկանալ նրան, վերլուծել խոսքերը, օգուտ քաղել և ոչ թե ուղղակի մեջբերել, դեռ ավելին՝ խմբագրել: Բացառիկ դեպքերում են մեր ֆուտբոլիստները, մասնագետները վերլուծում հանդիպումները, խոսում խնդիրներից և այս առումով Մարկոսը հաճելի բացառություն է: Բայց վստահ եմ, որ հետագայում շատ ավելի դժվար է լինելու մեր ֆուտբոլիստներից, մասնագետներից կարծիքներ ստանալ, քանի որ նրանք կհիշեն, թե ինչպես աղավաղվեցին Մարկոսի մտքերը:

Իսկ ընդհանուր առմամբ հայկական սպորտում, ֆուտբոլում աշխատած մասնագետները, մարզիկները հետագայում չեն ցանկանում մեկնաբանել տեղի ունեցող իրադարձությունները, չեն ցանկանում ներկայացնել վերլուծություններ, և այս պարագայում հասարակությունը ստանում է հիմնականում լրագրողների վերծությունները, որոնք մեծամասամբ սիրողական մակարդակի են կամ՝ անձնավորված:   

Այնինչ հենց նման մատուցմամբ են մարզական լրագրողները, հասարակությունը շատ ավելի լավ հասկանում ֆուտբոլը, ընկալում նրբությունները: Համաշխարհային սպորտում էլ շատ ավելի արժեքավոր են համարվում նախկին մարզիչների, մարզիկների կարծիքիները և պատահական չէ, որ ամենահեղինակավոր հեռուստաալիքները, լրատվամիջոցները աստղաբաշխական հոնորարներով իրենց մոտ փորձագետի կարգավիճակով աշխատանքի են ընդունում համաշխարհային աստղերի՝ Թիերի Անրի, Հարի Լինեկեր, Մայքլ Օուեն և այլն:

Հայ մարզասերների շրջանում մեծ հարգանք վայելող ռուսաստացի մարզական մեկնաբաններից Կոնստանտին Գենիչն էլ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել, թենիսի զարգացման և մասսայականացման գործում անգնահատելի է նախկինում հայտնի թենիսիստներ Ալեքսանդր Մետրևելու, Աննա Դմիտրիևայի ներդրումը. ցանկը կարելի է շարունակել: Հայկական սպորտում չկան նման օրինակներ:

Համաշխարհային ֆուտբոլում կան դեպքեր, երբ լրագրողն է վերածվում մասնագետի և գրանցում հաջողություններ: Ամենավառ օրինակը բրազիլացի Ժոաո Սալդանյան է:

Գաղափարներով՝ կոմունիստ, բնավորությամբ՝ կռվարար, Սալդանյան անցյալ դարի 50-60-ական թվականներին համարվում էր Բրազիլիայի ամենասկանդալային լրագրողներից մեկը, որը լրջագույն վերլուծությունների հետ միասին հայտնվում էր քրեական խրոնիկայում: Սալդանյան փայլուն ձևով վերլուծում էր ֆուտբոլը, Բրազիլիայի հավաքականի խաղերը, աչքի էր ընկնում ոչ ստանդարտ մտածողությամբ, լուծումներով, առաջարկներով: Ընդ որում Սալդանյան իր մտքերը ներկայացնում էր ոչ միայն բառերով. Ժոաոն մի անգամ ատրճանակով հետապնդել է բրազիլական թիմերից մեկի նախագահին՝ ապացուցելու նրա թիմի խաղային թերությունների մասին իր կարծիքը:

1957 թվականին բրազիլական «Բոտաֆոգո» ակումբը ֆինանսական ծանրագույն վիճակում էր և չէր կարողանում պրոֆեսիոնալ մարզիչ վարձել: Այդ ժամանակ օգնության է հասնում լրագրող Սալդանյան, առաջարկում իր ծառայությունները՝ առանց վարձատրության և նշանակվում գլխավոր մարզիչ: Արդյունքներն ուղղակի ապշեցուցիչ էին. «Բոտաֆոգոն» նույն մրցաշրջանում դառնում է չեմպիոն ցուցադրելով դիտարժան, արդյունավետ ֆուտբոլ, իսկ թիմի կազմում ուղղակի փայլում է անզուգական Գարինչան: Մեկ տարի անց Սալդանյան հեռանում է թիմից և կրկին զբաղվում է լրագրությամբ:

1969 թվականին Բրազիլիան ազգային հավաքական էր՝ կանգնած իսկական աղետի առաջ. չկար հիմնական կազմ, մարզիչ, նպատակ: Թերթերը հեղեղված էին Բրազիլիայի հավաքականի, ֆեդերացիայի նախագահի վերաբերյալ անխնա քննադատություններով, որոնց մեջ աչքի էր ընկնում Ժոաո Աալդանյայի նյութերը: Այդ ժամանակ էլ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ժոաո Ավելանժը որոշում է հավաքականի մարզչի պաշտոնում նշանակել Սալդանյային ասելով մոտավորապես՝ «եթե ավելի լավ գիտես, դու էլ մարզիր»:

Իհարկե լրագրողի նշանակումը իսկական շոկ առաջացրեց Բրազիլիայում, և բոլորը սկսեցին իրենց խորհուրդները տալ նորանշանակ մարզչին, անգամ՝ Բրազիլիայի նախագահ Էմիլիո Գարաստազուն: Օրեր անց Սալդանյան հանդես եկավ հատուկ ուղերձով. «Բրազիլիայում ապրում է 80 միլիոն մարդ, որոնք կարող են ներկայացնել հավաքականի կազմի 80 միլիոն տարբերակ: Բայց խաղադաշտ է դուրս գալու այն կազմը, որը կընտրեմ ես: Ինչ վերաբերվում է երկրի նախագահի կարծիքին. երբ նա նշանակում էր նախարարներ՝ չէր հարցնում իմ կարծիքը»:

Մարզչական աշխատանքի ընդամենը 1 տարվա փորձ ունեցող Սալդանյան ոչ ստանդարտ լուծումների շնորհիվ կարողանում է ստեղծել միգուցե ֆուտբոլի պատմության ամենաուժեղ թիմերից մեկը: «Սալդանյայի գիշատիչներ»՝ այսպես էին անվանում Բրազիլիայի հավաքականին այդ տարիներին, որը ընտրական մրցաշարում տոնեց 6 անընդմեջ հաղթանակներ, գնդակների 23-2 տարբերությամբ: Սալդանյային է պատկանում ֆուտբում հայտնի դարձած մարզչական դրույթը. «եթե խաղի ընթացքում զգում եք, որ իմ ասածները արդյունք չեն տալիս, փոխեք խաղը»: Պատմում են, որ ընտրական փուլի նախավերջին՝ Վենեսուելայի հետ խաղի ընդմիջմանը (1-ին կեսն ավարտվել էր 0-0 հաշվով) Սալդանյան փակել է հանդերձարանի դուռը և ֆուտբոլիստներին թույլ չի տվել մտնել հանդերձարան: «Դուք զբոսաշրջիկներ ե՞ք, թե՞ ֆուտբոլիստներ: Եկել եք այստեղ ման գալո՞ւ, թե՞ գոլեր խփելու: Վերադարձեք դաշտ և մինչև գոլեր չխփեք՝ չվերադառնաք» հայտարարել է Սալդանյան: Ի զարմանս ստադիոնում ներկա հանդիսականների ընդմիջմանը բրազիլացի ֆուտբոլիստները վերադարձել են խաղադաշտ և 15 րոպե սպասել, իսկ 2-րդ կեսում փայլուն խաղ ցուցադրել, խփել 2 գոլ և հաղթել 2-0 հաշվով:

Ամեն դեպքում սուր մտքերը, «երկար լեզուն» թույլ չտվեցին Սալդանյային երկար մնալ հավաքականի ղեկին. 1970 թվականի աշխարհի առաջնության մեկնարկից ընդամենը 2 ամիս առաջ Սալդանյան հեռացվեց պաշտոնից, և թիմը գլխավորեց Մարիո Զագալոն, որը հետագայում բազմիցս նշել է, որ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Սալդանյայի ստեղծած թիմով: Իսկ Ժոաո Սալդանյան կրկին վերադարձավ լրագրություն և մահացավ 1990 թվականին Հռոմում՝ աշխարհի հերթական առաջնության խաղերի լուսաբանման ժամանակ:

Արմեն Նիկողոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?