«Լուրը մեկ օրվա է, լուսանկարը՝ բոլոր ժամանակների»

01.12.2017, Նյուսրում

Լրագրող

Հայաստանի բարեգործական ընդհանուր միության շենքում բացվեց «Ֆոտոլուր» գործակալության 15-ամյակին նվիրված ցուցահանդեսը։ «Ակնթարթ» խորագրով ֆոտոցուցահանդեսում ներկայացված են գործակալության 125 լուսանկարներ։

«Ֆոտոլուրի» տնօրեն և գլխավոր խմբագիր Մելիք Բաղդասարյանն ասում է, որ որ ցուցահանդեսի նյութերն ընտրել են մեծ դժվարությամբ։

«Սկզբում մտադիր էինք յուրաքանչյուր տարվա լավագույն լուսանկարները ընտրել, բայց բոլոր տարիներն իրադարձությունների նշանակությամբ իրար նման չեն։ Էլի ընդգրկված են 15 տարվա լուսանկարներ, բայց ընտրել ենք արդեն ըստ թեմաների՝ մշակույթ, սպորտ, քաղաքական իրադարձություններ, միտինգներ, բանակ, եկեղեցի, Երևան և այլն»,- ասում է Բաղդասարյանը, ապա մեկնաբանում ցուցահանդեսի խորագիրը։ Լուսանկարչության հիմքը ակնթարթը որսալն է, վայրկյանի մեկ-հազարերորդական պահը ֆիքսելը։

Գործակալության տնօրենն ասում է՝ լուրը մեկ օրվա կյանք ունի, իսկ լուսանկարը բոլոր ժամանակների համար է։

Լուսանկարը՝ Գագիկ Աղբալյանի

Նա պատմում է, որ գործակալությունը կայացել է շատ կարճ ժամանակում, քանի որ ստեղծվել է պրոֆեսիոնալ հիմքով. «Ֆոտոլուրն իմ հարազատ ընտանիքն է։ Խմբագրությունում ես ավելի շատ եմ լինում, քան ընտանիքում, հատկապես, որ որդիներս էլ են ինձ հետ աշխատում։ Եղբայրս՝ Հերբերտ Բաղդասարյանն այնպիսի չափանիշներով է ստեղծել գործակալությունը, որ այն միանգամից է կայացել։ Շուկա մտնելը շատ ավելի դյուրին էր։ Հիմա «Ֆոտոլուրը» կայացած է, երիտասարդ ու արհեստավարժ կոլեկտիվ ունի։ Միակ խնդիրը լուրերի բացակայությունն է։ Լուրեր չկան»։

Այլ էր 15 տարի առաջ, բայց հիմա գրեթե յուրաքանչյուր լրատվամիջոց իր լուսանկարիչն ունի՝ փորձառու, կամ ոչ այնքան։ Մյուս կողմից՝ յուրաքանչյուր լրագրող նաև լուսանկարչի աշխատանք է կատարում։ «Ֆոտոլուրի» գործընկերների թիվը, նրանց, ովքեր գործակալությունից լուսանկար են գնում, որոշակիորեն նվազել է։ Մելիք Բաղդասարյանի խոսքով՝ քաղաքական-հասարակական կյանքի ակտիվ շրջաններում «Ֆոտոլուրի» աշխատանքի պահանջարկը մեծանում է, քանի որ շատ ԶԼՄ-ներ ամենակարեւոր իրադարձությունների վերաբերյալ ձգտում են պրոֆեսիոնալ կադրեր հրապարակելու։

«Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոքրոնիկայի լուսանկարիչ Ֆելիքս Առուստամյանը խոսելով ցուցահանդեսի մասին, ասում է. «Հոյակապ նկարներ են։ Ես նայեցի «Ռոյթերզի»՝ տարվա 100 լավագույն լուսանկարները, և թույլ տվեք ասեմ, «Ֆոտոլուրը» չի զիջում։ Մեկ տարբերություն կարող եմ նշել։ Մեր արտասահմանյան գործընկերները թեժ կետերում շատ են աշխատում»։

Լուսանկարը՝ Գագիկ Աղբալյանի

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն ասում է, որ «Ֆոտոլուրի» լուսանկարիչների աշխատանքը նման է քանդակագործի աշխատանքի, նրանց նկարները որոշ դեպքերում ասես կերտած արձան լինեն։

«Ֆոտոլուր» գործակալության 15-ամյակին նվիրված «Ակնթարթ» ցուցահանդեսը ՀԲԸՄ դահլիճում ներկայացված կլինի մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ։

Գագիկ Աղբալյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?