Մեդիան և երեխաների անձնական տվյալները, սմարթֆոններն ու ծնողները

17.03.2017, Նյուսրում

Լրագրող

Երեխաների անձնական տվյալների հրապարակման ցանկացած դեպքում լրատվամիջոցը կամ լրագրողը պետք է զգուշավորություն ցուցաբերի երեխային չվնասելու համար: Պետական մարմինները և կազմակերպությունները, ինչպես նաև ԶԼՄ-ները, երեխայի անձնական կյանքի պաշտպանությանը պետք է առաջնային ուշադրություն դարձնեն և բավարար միջոցներ ձեռնարկեն երեխաների անձնական տվյալների անօրինական մշակումը բացառելու համար:

«Երեխաների պաշտպանության ցանց»-ի կողմից մարտի 16-ին հրավիրված քննարկման ընթացքում, ցանցի նախագահ Արշակ Գասպարյանը նշեց, որ կայքերի պատասխանատուներն անձնական տվյալներ մշակողներ են, ուստի պարտավոր են երեխաների անձնական տվյալները հավաքել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է հետապնդվող նպատակին հասնելու համար: Ոչ ավելին:

Արշակ Գասպարյանի խոսքով՝ մեր ժամանակներում երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն իրականացնելն էլ ավելի է դժվարացել:

Ապանձնավորել երեխաներին

ՀՀ ԱՆ աշխատակազմի Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանն ասում է, որ 2017 թկավանին գործակալությունը մշակել և հրապարակել է համապատասխան ուղեցույց, որն օգտակար կլինի նաև լրագրողներին:

Ընդամենը մեկ տարվա կտրվածքով՝ լրատվամիջոցների կողմից երեխաների անձնական տվյալների պաշտպանության մի քանի կոպիտ խախտումներ են արվել: Դրանցից մեկի վերաբերյալ գործակալությունը կայացրել է խորհրդատվական որոշում:

Գևորգ Հայրապետյանը ներկայացրեց երեխայի անձնական տվյալների պաշտպանության խախտման օրինակներ: Եղել են դեպքեր, երբ երեխայի անձնական տվյալները բաց հրապարակվել, այնուհետև վերատպվել են մամուլում այն բանից հետո, երբ «Դատալեքս»-ում տեղադրվել է անչափահաս աղջկա կողմից իբր թե սեռական բռնության ենթարկվելու գործով դատաքննության բոլոր տվյալները:  

«Կայքում ամբողջությամբ բացված էր անչափահասի անուն-ազգանունը, բնակության հասցեն, տեղեկություն այն մասին, որ նրա սեռական կյանքում եղել է բուռն դրվագ և այլն: Այդ ամենը հրապարակել էին լրատվամիջոցները: Լրատվամիջոցը օրենք չէր խախտել, պարզապես վերարտադրել էր բաց տեղեկությունը: Մենք դիմեցինք լրատվամիջոցին, եւ նա ապանձնավորեց աղջկան, թողնելով միայն անվան և ազգանվան առաջին տառերը: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ասում է՝ ապանձնավորելիս պետք է հաշվի առնել համայնքի մեծությունը: Որոշ դեպքերում պետք է անվան և ազգանվան առաջին տառերը ընդհանրապես հանել, քանի որ փոքր համայնքներում շատ հեշտ է հասկանալ, թե ով է, օրինակ, անչափահաս Ֆ. Ք.-ն»,-ասում է Գևորգ Հայրապետյանը:

ՄԻԵԴ-ն, օրինակ, անչափահասների իրավունքների գործերը հրապարակելիս գրում է՝ Տ.-ն ընդդեմ Մեծ Բրիտանիայի, Ս.-ն՝ ընդդեմ Մոլդովայի: Այսինքն՝ միայն մեկ տառ:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հրապարակած ուղեցույցում հստակ սահմանված է, թե ինչպես մշակել նրա անձնական տվյալները, ինչպես պահպանել թափանցիկության սկզբունքը և այլն: Ուղեցույցը հիմնված է միջազգային լավագույն փորձի եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների վրա:

«Սա չի կարող երբևէ դիտվել որպես լրագրողների արտահայտվելու ազատության սահմանափակում: Սա ընդամենը կոչ է, որպեսզի նրանք իրենց հերթին իմանան երեխաների անձնական տվյալների կարևորության մասին և կիրառեն դա»,-ասում է Հայրապետյանը:

Երեխայի անձնական տվյալների հրապարակումը լրատվամիջոցներով կարող է լինել այն դեպքում, երբ ապանձնավորված կերպով հնարավոր չէ հասնել կոնկրետ նպատակի: Խոսքն ավելի շատ սոցիալական լրագրության մասին է, երբ լրագրողները հաճախ ստիպված են լինում նկարագրել սոցիալական ծանր վիճակում ապրող երեխայի:

«Եթե երեխային նկարում են կեղտոտ, լացելիս, պատմում, որ փող չունի և այլն, և դա արվում է ընդամենը սեպտեմբերի 1-ին նոր պայուսակ ունենալու խնդիրը լուծելու նպատակով, ապա այստեղ հրապարակումն ակնհայտորեն անհամաչափ է: Երկրում սոցիալապես վատ վիճակում գտնվող երեխաների մասին հրապարակում կարելի է անել նաև առանց որևէ մեկի անձնական կյանքին միջամտելու, ապանձնավորելով, դեմքը փակելով, ձայնը փոխելով և այլն»,- ասում է Գևորգ Հայրապետյանը:

Անձնական տվյալները կարելի է արդարացված համարել օրինակ այն դեպքում, երբ այդ հրապարակման միջոցով հնարավոր է դառնում նրա կյանքը փրկել, բուժման համար հանգանակություն անել և այլն:

Գևորգ Հայրապետյանը լրագրողների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ երեխայի անձնական տվյալները տարածելու թույլտվության արտոնություն ունեցող կողմի՝ ծնողների շահը երբեմն կարող է չհամընկնել երեխայի շահի հետ: Հետևաբար, լրագրողը պետք է ձեռնպահ մնա անգամ նման դեպքերում անձնական տվյալներ հրապարակելուց:

Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի դրույթների խախտման համար սահմանված է տուգանք՝ 50 հազարից մինչև 500 հազար դրամի չափով:

Երբ պապական փորձն անզոր է

Մեդիա հետազոտող Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ երեխաների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը լրագրողները խախտում են, որովհետև տեղեկացված չեն.

«Չի կարելի գուգլով որոնել՝ տուժած երեխա, և ում նկարը բերի, հրապարակել: Խոսում ես մի երեխայի պատմության մասին և հրապարակում լրիվ մեկ այլ երեխայի լուսանկար»:

Ըստ Մարտիրոսյանի՝ երեխաների պաշտպանության խնդիրը Հայաստանում սկսվում է նրանից, որ մենք երեխա սիրող ազգ ենք և համարում ենք, որ երեխան շատ փոքր տարիքից պետք է iPad ունենա. «Էսօրվա դրությամբ ահռելի քանակությամբ երեխա ունի սմարթֆոն, iPad, և համարվում է, որ համացանցում լիքը զարգացնող բաներ կան: Ծնողները համարում են, որ եթե երեխան երեք տարեկանից չշփվի բարձր տեխնոլոգիաների հետ, զարգացման մեջ հետ կմնա և 20 տարեկանում գործ չի գտնի, 17-ում էլ չի ընդունվի համալսարան:

Սա այնքան տարածված է, որ կրթական համակարգում հանգեցրել է շատ տարօրինակ ռեֆորմների: Մի կողմից՝ երեխաները ինֆորմատիկա են անցնում 7-րդ դասարանից, մյուս կողմից՝ առաջին դասարանցիներին պլանշետ են նվիրում: Այսինքն, կրթական համակարգի մի մասը լավ չի հասկանում, թե մյուս մասն ինչով է զբաղվում, որովհետև եթե համարենք, որ պլանշետը լավ բան է առաջին դասարանում, պետք է երեխան գոնե նվազագույն պատկերացում ունենա, թե դա ինչ է»:

Վտանգները, ըստ Սամվել Մարտիրոսյանի, մի քանիսն են: Առաջին հերթին, երեխան օնլայն տիրույթի վտանգների մասին չի կարող ինքնուրույն դատողություն անել: Եթե բոլոր այլ դեպքերում երեխան սովորում է ավագ սերնդի միջոցով՝ հեքիաթների, առակների, խրատների և այլնի տեսքով, ապա օնլայն տիրույթի վերաբերյալ «պապական գիտելիք» գոյություն չունի:

«Ոչ մեկի պապը մեռնելուց չի ասել, թե՝ բալա ջան, փասվըրդներդ տասը նիշից ավել կանես: Մենք մտել ենք մի տիրույթ, որտեղ ավագ սերունդն ավելի անպատրաստ է, քան նոր սերունդը, ինչն էլ պատրանք է ստեղծում, թե՝ «թոռս ամեն ինչ գիտի, իսկ ես բան չեմ հասկանում»: Ընտանիքում տպավորություն է ստեղծվում, թե թոռը ակադեմիկոս է տեխնոլոգիաների գծով:

Երեխաներին այսօր մեկ քլիքով հասանելի են բաներ, որոնք մեծ խնդիր են: Կան ծնողական ֆիլտրեր, որոնցով հնարավոր է ֆիլտրել երեխայի կողմից համակարգչի միջոցով ստացած ինֆորմացիան: Բայց սա էլ արդեն, միանշանակ չէ, որ օգնում է»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Օրերս հայկական ամենաընթերցվող կայքերից մեկը երեկոյան ժամը 7-ին հրապարակել է տեսանյութ YouTube-ից այն մասին, թե ինչպես են իսլամիստները տանկով, շատ դանդաղ ճխլում սիրիացի զինվորականին: Եվ դա տարածվել է նաև ֆեյսբուքում:

«Եթե երեխան դա տեսնի, դժվար չէ պատկերացնել, թե ինչեր կվերապրի: Եվ ծնողը կարող է չիմանալ, որ իր երեխան նման բան է տեսել»,- ասում է մեդիա հետազոտողը:

Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ ծնողներին պետք է իրազեկել, սովորեցնել տեխնիկական անվտանգության կանոնները: Կան արգելված կայքերը ֆիլտրող ծրագրեր, որոնց միջոցով նաև հնարավոր է սահմանափակել երեխայի՝ համակարգչից օգտվելու ժամանակը:

Մարտիրոսյանը նաև խորհուրդ է տալիս ծնողներին՝ երեխաների համար սմարթֆոն չգնել: Ծնողները, ըստ մեդիա հետազոտողի, պետք է հասկանան, որ դպրոցական երեխային, կապ հաստատելու համար, բավական է ընդամենը սովորական, փոքրիկ հեռախոսը: Երեխաները սմարթֆոններից կախվածություն են ձեռք բերում:

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?