«Ներեցեք, իսկ վարձատրություն լինելու՞ է»

09.03.2017, Քննադատ

Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Առավոտ» օրաթերթում, թղթակցել «Ազատություն» ռադիոկայանին: 2006-ից 2015 թթ․աշխատել է «168 Ժամ» թերթում։ Վարում է «Վէմ» ռադիոկայանի «Հայելի» հեղինակային հաղորդաշարը: «Հայկական ժամանակ» օրաթերթի հեղինակներից է։

«Վէմ» ռադիոկայանում շաբաթը մեկ հարցազրույցի եմ հրավիրում քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքը ներկայացնող հետաքրքիր մարդկանց: Եղել են դեպքեր, երբ հյուրերն ուղղակիորեն ակնարկել են, որ այնպես չէ, որ պատրաստ չեն մասնակցել հաղորդմանը, սակայն պատրաստ չեն «հենց այնպես» ներկայացնել իրենց խոսքը: Տնտեսական լրագրող գործընկերներիցս մեկն էլ ուղղակի ասաց, որ առհասարակ հարցազրույցների չի մասնակցում, քանի որ, ստացվում է, ինքը խոսում է, իսկ հոնորար ստանում է մեկ ուրիշը, տվյալ դեպքում՝ լրագրողը:

Երբ հարցազրույցի հրավիրեցի բանաստեղծ Արտեմ Հարությունյանին, նա հետաքրքրվեց՝ իսկ դրա համար վճարելու՞ ենք: Ասացի, որ կարծես չկա նման ավանդույթ, երբ լրատվամիջոցը հոնորար է հատկացնում զրուցակցին: Պատասխանեց, որ այդ պահին վատառողջ է և չի կարող մասնակցել հաղորդմանը: Նրան շուտափույթ ապաքինում մաղթեցի: Բայց հաղորդման հրավիրելու այլ առիթ չփնտրեցի՝ նրան (ինչպես նաև ինձ) անհարմար վիճակի մեջ չդնելու համար:

Ի դեպ՝ հարցազույցները վաճառելու ավանդույթ Հայաստանում փորձեց ներդնել գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նկատելով լրագրողների չմարող հետաքրքրությունն իր անձի հանդեպ՝ նա ուղղակի հայտարարեց. «Դուք ձեր սայթերի իմիջն եք ինձանով բարձրացնում, դրա համար պետք ա պայմանավորվենք` սրանից հետո վճարովի է լինելու հարցազրույցը: Որովհետև ես արդեն աստղ եմ դարձել: Սրանից հետո ամեն մի հարցազրույցն արժի 500 դոլար: Բա յոթ էրեխուս ո՞նց պահեմ, ուրիշ բիզնես չունեմ, պետք ա սենց պահեմ: Դուք ինձանով եք ձեր կայքերը պահում»:

Բայց նա դեռևս շարունակում է իր լակոնիկ, որոշ գնահատականներով՝ ցինիկ պատասխանները առանց հոնորարի շռայլել համառ լրագրողներին:

Եթե պետական պաշտոնյաների ու լրագրողների միջև տեղեկատվություն փոխանցելու և ստանալու հարաբերությունները կարգավորված են Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքով, ապա փորձագիտական հանրության հետ փոխհարաբերությունները անգամ դիտարկված էլ չեն:

Մի անգամ հյուրերիցս մեկը զրույցի ընթացքում այն դիտարկմանը, թե ակնկալում ենք իրենից լսել այսինչ հարցի պատասխանն, ասաց. «Չեք կարող ակնկալել, ես չունեմ պարտավորություն արդարացնելու Ձեր ակնկալիքները, քանի որ ինձ չեք վճարում: Ես փորձագետ եմ այսինչ գերատեսչությունում, այնտեղ ինձ վճարում են, իսկ Ձեզ կարող եմ ասել այն, ինչ կասեմ»:

Նա, խոշոր իմաստով, սխալ չէ, բայց ես էլ սխալ չեմ՝ իբրև լրագրող՝ նրանից ակնկալելով պատասխանել հասարակական հնչեղություն ունեցող հարցի:

Լրագրողները՝ հրավիրելով փորձագետներին և վերլուծաբաններին, նրանց հնարավորություն են տալիս իրենց գիտելիքը, փորձը փոխանցելու ընթերցողին, ռադիոունկնդրին կամ հեռուստադիտողին: Այդպիսով՝ նրանք հնարավորություն են ստանում լսելի լինելու: Հասարակությունն էլ նրանց ճանաչում է իբրև հեղինակավոր մասնագետների, որոնց կարծիքը հատկապես և առավելապես կարևորում են լրատվամիջոցները:

Մասնագետի պրոֆեսիոնալ իմիջը ձևավորում է նաև մեդիան:

Սակայն մասնագետները երբեմն խանդավառությամբ չեն մասնակցում հարցազրույցներին: Սա արաբագետ Արաքս Փաշայանի կարծիքն է.

«Անհասկանալի և անտրամաբանական է մասնագետների և փորձագետների ներուժը օգտագործելու մշակույթը: Նրանց հիմնականում հրավիրում են մեդիա ոլորտ՝ առանց վարձատրելու: Այսինքն, բոլորն այդ գործընթացում վաստակում են՝ բացի փորձագետից: Բայց չէ՞ որ մասնագետն իր գիտելիքներն է տրամադրում և, վերջապես, ամենաթանկը՝ իր ժամանակը: Սա սխալ մշակույթ է և անպայման պետք է վերանայվի: Մեդիային գուցե թվում է, թե մեծ լավություն են անում մասնագետին՝ նրա անձը կամ կարծիքը հրապարակայնացնելով, բայց մի՞թե այդ փաստը կարող է արդարացնել մարդու շահագործումը»:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով՝ փորձագետների վարձատրության մասին զրույցներն իր համար ընդունելի չեն, քանի որ հարցազրույցի հրավիրված մարդիկ իրենք են որոշում՝ ընդունե՞լ հարցազրույցի հրավերը, թե՞ ոչ:

«Որքան լրագրողին է  անհրաժեշտ հարցազրույցը, նույնքան էլ՝ հրավիրված հյուրին: Եթե հյուրն ինքը չցանկանա խոսել, այդ հարցազրույցը նրան պետք չլինի, չի խոսի՝ նույնիսկ միլիոն դոլարով»,- ասում է նա:

ՀՀ օրենսդրությամբ՝ լրատվամիջոցի և հարցազրույցի հրավիրված փորձագետի փոխհարաբերությունները չեն դիտարկվում: Այսինքն, խնդիրը անհամաձայնության, վեճի նյութ չի եղել, որպեսզի որոշակի լուծում առաջարկվի ԶԼՄ-ների աշխատանքը կարգավորող օրենսդրությամբ: Միջազգային փորձն էլ այս առումով հարուստ չէ: Խոսքն անձնական, ինտիմ կյանքի մանրամասները լրագրողներին վաճառող «աստղերի» մասին չէ. համացանցն առատ է նման հարցազրույցների գնացուցակով (2 000-ից մինչև տասնյակ հազարավոր դոլարներ):

Ակնհայտ է, որ հարցազրույցի հրավիրված մասնագետներն առաջիկա տարիներին ևս ստիպված կլինեն լրագրողների հետ զրուցել՝ առանց վարձատրության ակնկալիքի: Կամ նախընտրել չզրուցել:  

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?