2019.10.15,

Քննադատ

Օջախային հանրապետության փոսում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը» արտահայտությունը Նիկոլ Փաշինյանը օգտագործեց 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի հավաքում՝ ասելով, որ այն «պիտի լինի համահայկական կարգախոս»:

«Եվ հենց ընկալման այսպիսի փոփոխությունն էր, որ 2018 թվականի գարնանը հանգեցրեց համահայկական հեղափոխության, երբ մարդիկ իրար ընկալում էին որպես հարազատ, երբ ժողովուրդն իրեն ընկալում էր որպես մի մեծ, երջանիկ, համերաշխ ու հաղթական ընտանիք։ Այս է պատճառը, որ մեզնից յուրաքանչյուրը վստահորեն կարող է ասել և պիտի ասի՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»,- ասել էր նա:

Նրա խոսքով՝ նոր Հայաստանի կարևորագույն օրակարգը արժեքային վերափոխումն է:

Իհարկե, դրա հետ ոչ ոք չի վիճում, քանի որ ցանկացած հեղափոխություն առաջին հերթին ցնցում է արժեքներն ու զանգվածային բառապաշարը: Եվ ցնցելով իսկ՝ տեղը գցում կամ տեղահանում իմաստները:

Թավշյա հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանի դիմելաձևը ժողովրդին («ՀՀ քաղաքացիներ», «ՀՀ հպարտ քաղաքացիներ») զարմանալի սահուն կերպով վերածվեց բոլորովին այլ բառերի ու դիմելաձևի, որոնք դարձան զանգվածային-պոպուլիստական ու մեծ իմաստով՝ կեղծ:

Եվ ցավալին այն է, որ դա զգում են հենց ՀՀ քաղաքացիները, որոնց անհայտ դրդապատճառներով փորձում են տեղավորել նահապետական մետաբառերի մեջ՝ ժողովուրդ, օջախ: Եվ դա անում են նույն վստահությամբ, ինչ նախկին իշխանությունները, որոնք ՀՀ քաղաքացիներին խցկում էին ազգի ու ազգ-բանակի տոպրակի մեջ:

Իրականում, ոչ ոք սթափ գիտակցությամբ ու ճշմարտության բնազդային որոնումներով չի կարող ասել, թե Հայաստանի Հանրապետությունն իր օջախն է:

Թեկուզ այն պատճառով, որ «օջախ» բառը (տուն, բնակավայր և այլն) չի կարող լինել նույնը բոլորի համար: Իհարկե, «օջախ»-ը կարող է լինել կենացների բառ, փոխանցել զգացմունքներ, բայց չի կարող համարվել ունիվերսալ միավորում:

Երբ ՀՀ վարչապետն առաջարկեց մասնակցել ֆլեշմոբի՝ ձեռագրով գրել արժեքավոր միտք և այն տեղադրել Ֆեյսբուքում, դա թվաց անմեղ մի քայլ, քանի որ հեղափոխության հիմնական ուղերձն ու վարչապետի տարածած «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը» արտահայտությունը ոչ միայն կապված չէին միմյանց հետ գաղափարապես, այլև ուղիղ բախման մեջ էին:

Ի վերջո, «օջախ» ու «Հայաստանի Հանրապետություն» բառերը բոլորովին այլ հռետորաբանությունից են: Օրինակ, դժվար է ասել՝ ցավդ տանեմ, իմ ախպեր ՀՀ քաղաքացի:

Բայց հանգիստ կարելի է ասել՝ ախպերս/քուրս, բարով եկար մեր օջախ:

Ընդ որում՝ եթե ախպեր է, օջախ ու ցավդ տանեմ, ուրեմն ՀՀ քաղաքացին կարող է մյուս ՀՀ քաղաքացուն դիմել միայն «դու»-ով:

Ո՞վ է տեսել, որ նույն օջախի ախպերները հարգեն անձնական դիստանցիան ու ասեն՝ Դուք: Ոչ անպայման «դու»-ով ու անպայման «ցավդ տանեմ»-ով: Ասենք, ցավդ տանեմ, իմ ազգ, իմ ժողովուրդ, իմ վարչապետ, իմ առաջնորդ, իմ ընտրյալ, իմ յար:

Բոլորն էլ հասկանում են, որ օջախի ու հանրապետության նույնացումը, ընտանեկան կապերի գերակայությունը՝ պետական հանրային կապերի նկատմամբ, իրականում հետադիմական ու փուչ հայրենասիրական դիսկուրսի գնացքի մեջ մագլցելու փորձ է: Միայն թե, պարզ չէ, թե ինչու:

Ազգ-բանակ, հանրապետություն-օջախ, ժողովուրդ-ընտանիք

Անհայտ պատճառներով ՀՀ կառավարությունը որոշեց, որ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը» արտահայտությունը պետք է զանգվածայնացնել ու դրա համար ծախսել բյուջետային գումարներ:

Կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ վարչապետի աշխատակազմին կհատկացվի 48 մլն 900 հազար դրամ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման համար:

Բացատրությունը սա է. «Որ հասարակության ավելի լայն զանգվածները տեղեկացված լինեն «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի էմոցիոնալ տեսլականի, երկրի երկարատև զարգացման տեսլականի և ուղենիշների մասին»:

Այդ հայտարարված էմոցիոնալ մեդիա պրոպագանդան (այլ բառ գտնել դժվար է) ոչ միայն ծայրահեղ ժամանակավրեպ է, այլև ծայրահեղ պարզունակ:

Այսինքն, միտված չէ փոփոխելու, դարձնելու բազմաշերտ-խոհական, այլ ամրապնդում է եղած պարզունակը: Այն ուղղված է արդեն իսկ «ախպերական» բառապաշարով խոսող մարդուն, որը ստանում է հիմնավորում, որ ինքը ճիշտ է:

Բա ոնց, քուրս, բա մենք մի օջախից ենք ու մի ընտանիք, ուրեմն քանի կա մեր ընտանիքը, էլ ի՞նչ հանրապետություն, ի՞նչ բան…

Ռազմավարության գծով վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանը այսպիսի բան է ասել.

«Մենք շատ հավակնոտ նպատակ ենք դնում՝ ռազմավարությունը դարձնելու հանրության, հասարակության, ժողովրդի, առհասարակ ամբողջ մեր ազգի սեփականությունը: Այն պետք է դառնա մեր ամբողջ ժողովրդին միավորող, համախմբող, դեպի ապագան միտված և դեպի թռիչքաձև զարգացումը միտված ռազմավարություն»:

Օջախի ու ընտանիքի մասին բառային կառույցնեը այդ ռազմավարության մաս են: Համաձայն այդ ռազմավարության հանրայնացված հատվածի՝ 2050-ի նպատակադրումներից է Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելը, 25 օլիմպիական ոսկե մեդալ ունենալը:

Ստացվում է, որ կարդում ես ու գրում ես քո ձեռագրով, որ Հայաստանը քո օջախն է, ու սկսում ես դեմոգրաֆիական բումի մաս դառնալ: Մեդալներն էլ՝ որպես բոնուս:

Հետաքրքիր է, որ սովետական տարիներին միավորող կարգախոսները լավ էին աշխատում, քանի որ մոդեռն պետություն կառուցելու հայտ կար: Իսկ հիմա նման հայտ չկա (մեկ ընդհանուր օջախի գաղափարը հակամոդեռնիստական է), քանի որ փորձ է արվում դիպչել ծանոթ բառակույտերի, որոնք ոչ թե ընդգծում են անհատին, այլ ընդգծում են անհատ չլինելը:

Հա, քուրս, մենք նույն օջախից ենք…

Վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվարկի համաձայն՝ 26 միլիոն դրամը ծախսվելու է «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ Ընտանիքն է» կարգախոսով պաստառների տպագրության և բիլբորդների միջոցով հանրայնացման համար:

Առաջին փուլում պատրաստվելու են 70 վահանակներ, նույն քանակով վահանակներ կլինեն նաև երկրորդ փուլում: Այդ մասին ասաց «Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, որը ստացել է այդ գործը գլուխ բերելու պատվեր: Նա համակարգելու է «ռազմավարական» կարգախոսների տեղադրումը:

Ու եթե հանրապետության տարածքում (կներեք, օջախում) գովազդային վահանակների վրա այլ գովազդ է, ապա բանակցելու են գովազդատուների հետ՝ համոզելով նրանց, որ «կարևոր այլ գործ կա»: Ըստ կառավարությունից պատվեր ստացած գործարարի՝ անելու են այնպես, որ հայությունը ունենա մեկ ընդհանուր, ընդունելի տեսլական:

Բարդ է հասկանալ, թե ինչու այսքան արագ ու առանց ռեֆլեքսիայի անցում կատարվեց ՀՀ վարչապետի հայտարարած ֆեյսբուքյան ֆլեշմոբից դեպի հանրային շոշափելի տարածքներում նույն միտքը քարոզելու պրոցեսին:

«Միանալով ֆլեշմոբին: Դու նույնպես միացիր՝ քո ձեռքով գրածը, քո պատին»,- գրել էր վարչապետը՝ հրապարակելով իր ձեռքով գրածը:

Ու միանգամից դա դարձավ ռազմավարություն, բիլբորդ, փողային ներդրում ու մեծ իմաստով՝ դատարկությունը քողարկելու քայլ:

Անմեղ ֆլեշմոբը, Ֆեյսբուքի պատից քաղաք տեղափոխվելով, այլևս դադարում է լինել անմեղ: Այն հիասթափեցնող է:

«Ես հողաթափիկ ինֆուզորիա եմ»

Արմեն Մարտիրոսյանը, որը հիմա պահանջված հյուր է տարբեր լրատվամիջոցներում ու փորձում է բացատրել, թե ինչ է անելու ու ինչու է դա անելու առանց նախապես հայտարարված մրցույթի, ասաց մի վտանգավոր բան.

«Միգուցե օջախը պատրիարքալ է, բայց միգուցե այդպես էլ մտածում է մեծամասնությունը»:

Ըստ նրա՝ եթե անգամ ոմանց դա դուր չի գալիս, չի նշանակում, որ հասարակ կյանքով ապրողները, պարզ գյուղացիները չպիտի տեսնեն իրենց ուղղված ուղերձներն այն լեզվով ու տերմիններով, որոնց սովոր են ու որոնց հետ հարազատացել են:

Հետաքրքիր է, որ հեղափոխությունը կայացավ, քանի որ նման սնոբիստական մոտեցումը ի սպառ բացառվել էր: Հիմա վերադառնում ենք մի բանի, որը փոս է:

Փաստորեն, ժողովրդին չկորցնելու համար է նման պարզունակ ու թակարդային ուղերձ շրջանառվում, որպեսզի պայմանական ասած ժողովուրդը (ոչ շատ առաջադեմ, ըստ խորհրդատուների ու ռազմավարություն մշակողների) իրեն հարազատ լեզվով տեքստեր տեսնի, ուրախանա ու զգա կապը կառավարության հետ:

Կառավարությունն իմ ընտանիքն է, նախարարները իմ եղբայրներն ու քույրերը, իսկ վարչապետը իմ քեռին է…

Եկեք ընդունենք, որ անցել է այն ժամանակը, երբ հրահանգով ասվում է «Մեկ Հայաստան, մեկ մշակույթ», քանի որ պարզից էլ պարզ է, որ կարող է լինել մեկ Հայաստան, բայց բազմաթիվ մշակույթներ:

Այդ տրամաբանությամբ՝ Հայաստանը օջախ չէ, օջախներ են, հետևաբար՝ նույնանալու ու հարազատանալու զրո շանսով: Մեկը, միատարրը, միաբջիջը ու միաբերանը պարզունակ ուղերձ է, որ ուղղված չէ բարդ մարդուն, այն ուղղված է հողաթափիկ ինֆուզորիային:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *