Ինչպես են օլիգարխ Մամուտի պարբերականները փորձել գժտեցնել Մոսկվային ու Երևանին: Փաստերի ստուգում

27.07.2018, Մեդիագլոբ

Lenta.ru-ի և gazeta.ru-ի պատվերով սուտը:

Անցած շաբաթ միևնույն հրատարակչական տան երկու պարբերականները  lenta.ru-ն և gazeta.ru-ն հրապարակեցին երկու նույնանման հոդվածներ, որոնցում համեմատվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ինչպես նաև Հայաստանի կառավարությունը մեղադրվում  էր Ռուսաստանի նկատմամբ թշնամության մեջ:

(Ծանուցում. Երկու պարբերականներն էլ մտնում են Rambler Group-ի մեջ, որի սեփականատերն ու ղեկավարը միլիարդատեր Ալեքսանդր Մամուտն է:  Նրան պատկանող «Ստրելկա» ընկերությունը 2015-2016թթ. Մոսկվայի քաղաքապետարանից պայմանագրերով ստացել է ավելի քան 1.8 մլրդ ռուբլի: Նույն ընկերությանը, առանց տենդերի, բաժին է հասել հիպոթեքային վարկավորման Դաշնային գործակալության հետ պայմանագիրը՝ 3.8 մլրդ ռուբլի գումարի չափով):

Երկու հոդվածում սխալմամբ հաստատվում է, որ Փաշինյանը ուզում է Հայաստանը մերձեցնել ՆԱՏՕ-ին և դարձնել նրա «կովկասյան բազան»: Հոդվածները տպավորություն են թողնում, որ դրանք արտագրվել են միևնույն սևագրությունից: Համոզվեք ինքներդ՝ տեքստերը ամբողջությամբ՝  Лента, Газета.

Երկու հոդվածներն էլ փաստացի սխալներով են։

«Լենտա»-ի և «Գազետա»-ի հոդվածներում բացահայտ ստի ապացույցները։

«Լենտա»-ն գրում է․

Հայկական թարմ առաջնորդի գործողություններում ամենաշատը մտահոգում է  հարազատ պետության արտաքին քաղաքականության կանխամտածված շրջադարձը դեպի Արևմուտք:

Հիմա փաստեր. Փաշինյանը վարչապետ է ընտրվել 2018թ. մայիսի 8-ին: 2.5 ամսվա ընթացքում նա արդեն երկու անգամ հանդիպել է Պուտինին: Բոլոր ելույթներում՝  խորհրդարանում ընտրվելուց առաջ, ընտրվելուց հետո, բոլոր հարցազրույցներում նա հայտարարեց, որ արտաքին քաղաքականության կուրսի փոփոխություն չի լինի, Հայաստանը կմնա ՀԱՊԿ և Եվրասիական միության անդամ:

«Հայկական հեղափոխության գործընթացում ընդհանրապես աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքականության համատեքստ չկար»,-ասել է Փաշինյանը՝ RT-ի հետ հարցազրույցում:

«Չկար ոչ մի աշխարհաքաղաքական դավադրություն: Դա բացառապես ներքին, հայկական գործընթաց էր: Եվ այդ գործընթացի արդյունքում մենք ասում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ռեվերս չի լինի»:

Բայց «Լենտա»-ն շարունակում է.

Ընդ որում, ըստ երևույթին, նա ոչ միայն ուզում է յուրային դառնալ քաղաքական հավաքույթում, այլ նաև ինչ-որ ձևով երկիրը ինտեգրել Ռուսաստանի նկատմամբ ակնհայտ թշնամական ՆԱՏՕ-ի բլոկ:  

Փաշինյանը միջազգային պարբերականին վերջերս տված իր հարցազրույցում ասել է. «Մենք կմնանք Ռուսաստանի մոտիկ դաշնակիցը: Մենք հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նաև ՆԱՏՕ-ի և արևմտյան երկրների, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ: Մենք չենք պատրաստվում արտաքին քաղաքականության մեջ շրջադարձ կատարել»:

Բայց «Լենտա»-ն շարունակում է.

Որովհետև կամ պատահաբար, կամ միտումնավոր, բայց Փաշինյանը փաստորեն իր կաբինետը ձևավորել է համատարած ռուսատյացներից: Նրանց թվում է Սփյուռքի նախարարի՝ ԱՄՆ-ում  սովորող տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, որը հանդես է գալիս որպես Սորոսի հիմնադրամի ծրագրերի ղեկավար: Բայց դա դեռ ողջ դժբախտությունը չէ: Այսպես կոչված «խորովածային մայդանի» ընթացքում, որն էլ Փաշինյանին իշխանության բերեց (և դա տեղի ունեցավ, ի դեպ, 2013-2014թթ. ուկրաինական նույնանման կարգախոսներով ), Տեր-Գրիգորյանը «շողաց» ռուսական նախագահին վիրավորող պաստառով:

1. Հաստատվում է, որ կաբինետը բաղկացած է ռուսամոլներից՝ հիմնվելով նրա վրա, որ մեկ տեղակալ սովորում է Նահանգներում... Մինչդեռ

պաշտպանության նախարարն ավարտել է ՌԴ ռազմա-դիվանագիտական ակադեմիան,
արտաքին գործերի նախարարը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը,
փոխվարչապետ Ավինյանը՝ Ռուս-հայկական համալսարանը,
փոխվարչապետ Գրիգորյանը՝ Մոսկվայի պետական համալսարանը,
կրթության նախարարը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան:

2. «ԱՄՆ-ում սովորող» արտահայտությունից ենթադրվում է, որ Տեր-Գրիգորյանը Հայաստանից մեկնել է ԱՄՆ-ում սովորելու: Բայց բանն այն է, որ... մեծացել է ԱՄՆ-ում: Ոչ միայն համալսարան, այլ նաև դպրոցն է ավարտել ԱՄՆ-ում: Հայերը, ինչպես հրեաները, ժողովուրդ են, որի մեծամասնությունը ապրում է սփյուռքում, սփռված: ՀՀ բնակչության թիվը 3 միլիոնից քիչ է, սփյուռքինը՝ 5 միլիոնից ավելի: Սփյուռքահայերը՝ Ռուսաստանի, Ամերիկայի, Լիբանանի, Սիրիայի, Ֆրանսիայի և այլ երկրների քաղաքացիները, իրենց բնակության երկրներում հաճախում են մանկապարտեզներ, դպրոցներ, համալսարաններ:

3. Տեր-Գրիգորյանը նշված պաստառով «շողաց» 2015թվականին, այլ ոչ թե «խորովածային մայդանին» (ենթադրվում է՝ Հայաստանում 2018թ. Թավշյա հեղափոխությունը). Հեղափոխության կոչերի և ուկրաինական մայդանի միջև ոչ մի ընդհանուր բան չկար. Եվրամայդանը ի սկզբանե էլ կառուցված էր աշխարհաքաղաքական հարթակների շուրջ,  մինչդեռ հայկական բողոքի ակցիաները բացառապես վերաբերում էին ներքին քաղաքականությանը:

4. Բացի այդ, մարդը չի կարող ռուսամոլ համարվել, որը վիրավորում է ՌԴ նախագահին կամ ցանկացած առանձին վերցված ռուսաստանցու: Ռուսամոլությունը դա «ցանկացած ռուսականի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքն է» (Եֆրեմովայի բացատրական բառարան):

«Լենտա»-ն շարունակում է.

Իսկ Հայաստանի աշխատանքի նոր նախարար Մանե Թանդիլյանը ակտիվորեն քարոզում է ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալը:

«Գազետա»-ն նույնն է կրկնում.  

Աշխատանքի և սոցիալական հարցերի նոր նախարար Մանե Թանդիլյանը վաղուց է պնդում Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալը:

Թանդիլյանը ՉԻ ՔԱՐՈԶՈՒՄ ԵԱՏՄ-ից դուրս գալը: Նա քարոզում էր, երբ պատգամավոր էր։ Դառնալով նախարար, նա չի մեկնաբանում արտաքին քաղաքական հարցերը: Բայց, որպես ընդդիմության կողմից անկախ պատգամավոր, նա չի արտահայտել կառավարության դիրքորոշումը: Բոլորովին վերջերս Պետդումայի պատգամավոր Սավելևը քարոզում էր Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները Ադրբեջանին հանձնելը, այն դեպքում, երբ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ ոչ:

Իսկ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը 2016թվականից աշխատում է ԱՄՆ խաղաղության կորպուսում, որը, ինչպես հայտնի է , կապված է  ԿՀՎ-ի հետ:

«Ինչպես հայտնի է» փաստարկը կեղծ լուրի հատկանիշ է: Խաղաղության կորպուսը կապված չէ ԿՀՎ-ի հետ: Ավելին՝  այնտեղ ԿՀՎ-ում աշխատանքային փորձ ունեցողներից ոչ մեկին չեն ընդունում: (“If you have ever worked for the Central Intelligence Agency (CIA), you are not eligible for employment at the Peace Corps in any capacity.” «Եթե երբևէ աշխատել եք Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ, ապա դուք որևէ կերպ չեք համապատասխանում Խաղաղության կորպուսում աշխատանքին»)։

Ստացվում է, որ ներկայում Հայաստանը ղեկավարողներից միակ մարդը, որ արձանագրում է Ռուսաստանի հետ ամուր և երկարաժամկետ կապերի անհրաժեշտությունը, մնացել է միայն Փաշինյանը:

Միա՞կ մարդը: Ստուգենք

«Հայ և ռուս ժողովուրդները կապված են բազմաթիվ խորքային թելերով, ամուր հիմքով, որի վրա կառուցվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմաշերտ հարաբերություններ: Այդ մասին Հայաստանում Ռուսաստանի դեպպանատանը հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության հունով: Եվ այդ ռազմավարական կուրսը անդավաճանորեն զարգանում է  այն սկզբունքներով, որոնք ամրագրված են Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրում և Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության համաձայնագրում:

«Մեր ազգը հետաքրքված է Ռուսաստանի զարգացմամբ, որը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի լոկոմոտիվն է»,- ասում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Գրիգորյանը:  

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը  դեռևս պատգամավոր լինելու ժամանակ ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ էր, եղել էր Պետդումայում, Երևանում ընդունել էր ռուս պատգամավորներին:

Նրա խոսքերը. «Մենք ամենաբարեկամական վերաբերմունքն ունենք Ռուսաստանի նկատմամբ, և արդեն կան հարաբերություններ Ռուսաստանի և պաշտոնատար անձանց հետ: Եթե ցանկանում եք կարող եմ մեկ անգամ ևս հավաստիացնել, որ չկա ոչ մի աշխարհաքաղաքական կոնտեքստ»:

Եվս մեկ կեղծիք «Լենտա»-յից

Ի դեպ, ինչպես հայտնել են մի քանի ԶԼՄ-ներ, Թրամփի հետ լուսանկար ունենալու համար Նիկոլը սկզբից  ստիպված էր սպասել նրան՝ կնոջ հետ հիմնական մուտքի մոտ, իսկ երբ Թրամփն ու Մելանիան դուրս են եկել մյուս մուտքից, նա ստիպված եղավ սպրինտեր-վազորդի ունակությունները ցուցադրել, հասնել ԱՄՆ նախագահին և ընթացս նրան ձեռք մեկնել: Թրամփը, որպես դաստիարակված մարդ, բնականաբար սեղմեց ձեռքը: Հայկական մեդիայում դա մատուցեցին որպես դիվանագիտական ճեղքում:

«Գազետա»-ն՝ բառ առ բառ.

Փաշինյանը սկզբից ազատ երկրի առաջնորդին սպասեց մեկ մուտքի մոտ, սակայն, նկատելով, որ Թրամփը տիկնոջ հետ դուրս է գալիս այլ մուտքից, իսկույն փոխեց ուղղությունը, վազեց և ձեռքը մեկնեց ԱՄՆ նախագահին: Թրամփը իներցիայով ժպտաց՝ թեթևակի պատկերացնելով, թե ով իսկույն հատնվեց իր ճանապարհին:

Բայց գործն արված է, և Թրամփի ու Փաշինյանի ձեռքսեղմումը մատուցվեց որպես դիվանագիտական հաջողություն, ինչը իրականում չկար:

Դա ընդամենը ակնհայտ կեղծիք է: Ոչ մի լրատվամիջոց այդ մասին չի հայտնել, և այդ ձեռքսեղմումը ոչ մեկը որպես դիվանագիտական ճեղքում չի ներկայացրել: «Լենտա»-ն և «Գազետա»-ն իրար են հղում տալիս:

Ճիշտ է, Փաշինյանի «դիվանագիտությունը» մի քիչ խամրեց այն բանից հետո, երբ նա սկսեց գումար խնդրել, բնականաբար, «ժողովրդավարացման» համար: Ցավոք, այդ աղերսանքը Բրյուսելում գնահատեցին ընդամենը տարեկան 10 մլն եվրո, որոնցով հաստատ չես ակտիվանա:

Հայաստանի և ԵՄ-ի միջև խորը և համապարփակ համագործակցության պայմանագրով, որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերին նախորդ իշխանության օրոք, Հայաստանը մինչև 2020թ. կստանա 160 մլն դրամ: Եթե դա բաժանենք 2-ի, ապա կստացվի 80 մլն, 10 մլն ոչ մի կերպ չի ստացվում:

«Լենտա»-յի և «Գազետա»-յի հոդվածները չեն համապատասխանում լրագրողական չափանիշներին, փաստերը խեղաթյուրված են և նման են ակնհայտ մատնության:

Հոդվածը՝ Գրիգոր Աթանեսյան
Թարգմանությունը՝ Անահիտ Դանիելյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?