Սև Ոսկե գլոբուսը, սև կարմիր գորգը և Օփրայի ֆանտոմը

10.01.2018, vox populi

Օրերս Լոս Անջելեսում տեղի ունեցավ Ոսկե Գլոբուս 75-րդ մրցանակաբաշխությունը, ու ինչպես հաճախ է պատահում համացանցում, պարգևատրված կամ անտեսված ֆիլմերի քննարկումից անհամեմատ ավելի մեծ ալիք է բարձրացրել մրցանակաբաշխության քաղաքացիական, սոցիալական, մանիֆեստային, ակցիայակիր կամ տաբլոիդային բառով ասած՝ «սկանդալային», բաղկացուցիչը:

Ինչու՞ մասնակից աստղերի (այդ թվում և սպիտակամորթ) դրեսկոդում գերիշխում էր սևը, ինչու՞ էին անդրադառնում սեքսուալ ոտնձգությունների սկանդալին, ինչու՞ ավանդի համար կարևորագույն մրցանակը շնորհվեց հենց Օփրա Ուինֆրիին...  

Նմանօրինակ հարցերին մեդիան ու սոցցանցերը հիմնականում արձագանքում էին հեգնական մեղադրանքներով, ասելով, թե մրցանակաբաշխությունը արհեստականորեն քաղաքականացվում է՝ լրացուցիչ վարկանիշ ապահովելու նպատակով:

Այդ տպավորությունը և մեղադրանքները, բնականաբար, նորություն չեն, սակայն պատճառները գուցե ավելի խորքային են, քան զուտ առանձին դեպքերի հանդեպ սրտառուչ արձագանքը:

Թեև Ոսկե Գլոբուսը ստեղծվել էր որպես Օսկարի հակակշիռ, ժամանակի ընթացքում դարձավ Օսկարի կրտսեր եղբայրը, մեծ գալահամերգից առաջ նրա «հիմնական փորձը», որտեղ հաղթանակած ֆիլմերի 2/3-ից ավելին հետո անպայման արժանանում են Օսկարի:

Այս տարվա Ոսկե Գլոբուսը ուրվագծեց նաև հասարակական տրամադրություններն ու միտումները: Դրանցից մեկը ռասայական խտրականության հարցն էր, որը Ոսկե Գլոբուսի ավագ եղբոր՝ Օսկարի, շրջանակում ծագել էր դեռ 2016-ին և հաջորդ տարի ստացել իր արձագանքը «Լուսնի լույսը» ֆիլմի գլխավոր մրցանակի տեսքով, բայց, այնուամենայնիվ, շարունակում է մնալ ակտուալ:

2017-ին դրան գումարվեց նաև սեռական ոտնձգությունների խնդիրը և բացահայտումների արշավը, երբ շղթայաբար տարածվեցին #metoo (#եսնույնպես) համացանցային հեշթեգները, որոնց ներքո սոցցանցերում կանայք պատմում էին իրենց պատմությունները:

Այս հիմնական բաղկացուցիչների իդեալական մարմնավորումն է Օփրա Ուինֆրին՝ սևամորթ, կին...

Հայտնի կին, որը բացահայտում էր երբեմն տաբուացված ու գրեթե միշտ խիստ անձնական հարյուրավոր պատմություններ՝ բաց ու հրապարակային զրույցի միջոցով:

Նրա այդ ֆենոմենը կնքվեց «օprahfication» բառով, որը մոտավորապես նշանակում է՝ ինքնաբժշկում հրապարակային խոստովանության եղանակով:

Օփրայի գործունեությանը բավական ծանոթ չլինելուց բացի շատ օգտատերերի բարկացրել էր նաև նրան շնորհված մրցանակը: Պատճառներից մեկն այն էր, որ ռուսական մամուլում այն ձևակերպվել էր որպես՝ «մրցանակ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար», մինչդեռ իրականում ամերիկյան կինոյի դասական Սեսիլ Դեմիլի անունը կրող մրցանակը «ժամանցային ոլորտում  ունեցած ավանդի համար» է («contributions to the world of entertainment»), որի մի, եթե ոչ՝ առանցքային, մասն է մեդիան:

Իսկ մեդիա դաշտում Օփրան ձեռքբերումների և ազդեցիկության տեսանկյունից չունի հավասարը գուցե և ողջ աշխարհում:

Ոսկե գլոբուսի անվանակարգերից տասից ավելին ուղղված են բացառապես հեռուստատեսությանը: Մի խոսքով, այս ամենը համադրելով, դժվար է պատկերացնել ավելի համապատասխան և ակտուալ թեկնածու:

Ստացվում է, որ մի կողմից կան անժխտելի արժանիքներ, և հետո միայն գումարվում է սոցիալական, քաղաքացիական կամ անգամ քաղաքական աստառը, այսպես կոչված՝ կոնյունկտուրան:

Արդյունքում ծագում են հարցեր՝ «բացառապես հաշվի՞ են առնվել Օփրայի արժանիքները»: Ոչ: «Բայց Օփրան արժանի՞ էր մրցանակին»: Իհարկե:

Հենց այս ալգորիթմն էլ գործում է քննարկվող բազմաթիվ այլ դեպքերում:

Ի պատասխան հոմոֆոբ Թրամփի ընտրվելուն՝ Կաննի կինոփառատոնը ժյուրիի նախագահ է նշանակում բաց նույնասեռական Պեդրո Ալմոդովարին: «Պատահականությու՞ն էր»: Դժվար թե: «Արժանի՞ էր Ալմոդովարը»: Միանշանակ:

Ռասիզմի մեղադրանքներից հետո Օսկարի է արժանանում «սևառատ» «Լուսնի լույսը»: «Լավ ֆիլմ էր և վե՞րջ»: Ոչ: «Բայց այնուամենայնիվ լա՞վ ֆիլմ էր»: Այո:

Ժամանակակից մշակույթի ավանգարդում գեղարվեստական արժանիքներին հյուսվում է նաև ակցիոնիստական, հրովարտակային, վերջիվերջո, կոնցեպտուալ մակերեսը:

Ինչու՞ են Ոսկե Գլոբուսներում, Օսկարներում, Կաններում, բիենալեներում և այլուր անընդհատ տեղի ունեցող նմանատիպ ռեզոնանսային երևույթները շատերիս թվում տհաճ: Ինչու՞ է «քաղաքականացնել» բայը մշակութային կոնտեքստում հաճախ կրում նեգատիվ, էժանագին երանգ:

Հայաստանում կարելի է մատների վրա հաշվել մեծ լսարան կամ զանգվածային հեռարձակում ունեցող մշակութային իրադարձությունները, որոնց շրջանակում բեմից կհնչեն սուր քննադատական ելույթներ, պրովոկատիվ կշտամբանքներ, հասարակական ալիքի հրահրումներ:

Վախից ու կոնֆորմիզմից բացի պատճառը նաև այն է, որ մեր բանականությունում ամեն ինչ ունի իր հստակ տեղն ու նպատակը՝ մրցանակաբաշխությունը ժպիտների ու շնորհակալական խոսքերի համար է, քաղաքականությունը՝ Ազգային ժողովի, բողոքը՝ միտինգի:

Ամեն բան ունի իր կոնտեքստը, որը չպետք է փոխվի, մինչդեռ նույն ժամանակակից արվեստը վաղուց ապացուցել է, որ բացառապես կոնտեքստի փոփոխությունն է ասելիքը դարձնում ազդեցիկ:

Արևմտյան մշակույթում արդեն շատ վաղուց, հատկապես ժամանակակից արվեստի ձևակերպումից ի վեր, մշակույթը և քաղաքականությունը, հասարակական կյանքն ու քաղաքացիական դիրքորոշումները տարանջատված ոլորտներ չեն:

Դրանք եփվում են միևնույն՝ կենաց, կաթսայի մեջ, որը Հայաստանում հիշեցնում է պլաստմասսայե «լանչբոքս», որի մեջ պլաստիկ պատերով բաժանված սեկցիաներում համընդհանուր կաթսայից առանձին լցված են մշակույթը, առանձին՝ քաղաքականությունը , առանձին՝ հասարակությունը և այլն:

Մոտավորապես այնպես, ինչպես և լրատվական կայքերում դրանք բաժանված են առանձին բաժինների՝ «քաղաքականություն», «մշակույթ», «հասարակություն»:

Կայքէջի ինտերֆեյսի համար այն հարմար է ու գուցե՝ գեղեցիկ, սակայն, ավաղ, այդ տարանջատումը կա նաև մեր գիտակցության մեջ:

Կարեն Ավետիսյան,
լրագրող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?