Վերահսկե՞լ, թե՞ չվերահսկել. կարծիքներ «հակասերիալային» նախաձեռնության մասին

29.06.2012, Նյուսրում

Լրագրող

Հանրային խորհուրդը կքննարկի հեռուստաարտադրանքի բովանդակությունը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հանդիպումից հետո որոշվել է Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների եւ մտավորականների մասնակցությամբ քննարկումներ կազմակերպել եւ մշակել Հանրային ու մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրերը:

Մի շարք քաղաքացիներ եւ հասարակական կազմակերպություններ նամակ են հղել հանրապետության նախագահին՝ իրենց մտահոգությունը հայտնելով հեռուստատեսությամբ ցուցադրվող «հայկական արտադրության ագրեսիվ, քրեական եւ պոտենցիալ քրեածին, հակասոցիալական սերիալներով եւ «հումորային» ծրագրերի» առնչությամբ:

Սերժ Սարգսյանին դիմած կազմակերպություններն առաջարկել են ավելի խիստ վերահսկել եթերը, նոր չափորոշիչներ մշակել՝ գիտավերլուծական մեխանիզմներով տալով արգելվող բովանդակության սահմանումը, իսկ այդ չափորոշիչների չկիրառման դեպքում հեռուստաընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկել։

Ներկայացնում ենք մեկնաբանությունները:

Գագիկ Բունիաթյան
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն

Որ այս խնդիրը կա, ենթադրում եմ՝ բոլորիս համար ակնհայտ է: Եթե հեռուստատեսությունը իրավունք ունի մտնելու294
յուրաքանչյուրի ընտանիք, նա նաեւ պատասխանատու պետք է լինի իր արտադրանքի համար: Եվ առաջին հերթին պատասխանատու պետք է լինեն սերիալ արտադրողները, որպեսզի հակադաստիարակչական եւ հակաբարոյական բաներ չքարոզեն: Սակայն շուկան նոր է ձեւավորվում եւ սա այն փուլն է, որը պետք է անցնենք:

Այս խնդրի քննարկմանը բոլորը պետք է մասնակից լինեն՝ թե՛ հեռուստատեսության ղեկավարները, թե՛ հասարակության ներկայացուցիչները եւ թե՛ մտավորականները: Կարծում եմ, որ քննարկումները դրական դեր կխաղան, եւ դրանց արդյունքում բոլորս կհասկանանք, որ նորմեր կան, որոնք ինքներս պետք է պահպանենք:

Գեղամ Մանուկյան
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն 

295Ողջունում եմ նախաձեռնողների անհանգստությունը, բայց չեմ հավատում, որ նման հանձնաժողովը կարող է արդյունք ունենալ: Վերահսկողը Հայաստանի հանրապետության քաղաքացին է: Եթե քաղաքացին դժգոհում է, որ սերիալները կրիմինալ են ու անբարոյական, ուրեմն Հայաստանի հանրապետության քաղաքացին չպետք է նայի այդ ամբողջ անբարոյականությունը, որովհետեւ նա դառնում է այդ անբարոյականության մասնակիցը:

Իսկ հանրային խորհրդին հանրային խորհրդի նախագահի գլխավորությամբ կոչ եմ անում առաջին հերթին անհանգստանալ Հայաստանի քաղաքական անբարոյականացումով, որից էլ ծնվում են այդ անբարոյական սերիալները:

Ժիրայր Դադասյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ

Կարծում եմ, որ բովանդակությունը վերահսկող հանձնաժողովը ավելորդ մարմին կարող է լինել: Երբ մի քանի տարի առաջ296 չափորոշիչներ մշակեցինք, որոնք մասամբ գործեցին եւ դաշտում լուրջ ազդեցություն ունեցան, հետո օրենքի փոփոխության պատճառով չգործեցին, մենք փորձագիտական խմբեր էինք ստեղծել, որոնք մոտ երկու ամիս աշխատեցին դրանց վրա: Այսինքն՝ երբ անհրաժեշտությունը լինի, հնարավոր է խումբ հավաքել, բայց չի կարող մշտական գործող մարմին լինել, որը կվերահսկի հեռուստաարտադրանքի բովանդակային մասը, որովհետեւ դա կհակասի ԶԼՄ-ի մասին օրենքի այն կետին, որը վերաբերում է խմբագրական ազատությանը: Հիմա, ըստ էության, չափորոշիչներ մշակելու գործընթացը նորից պետք է սկսվի:

Բայց նամակում բարձրացված խնդիրները միայն չափորոշիչներով չեն լուծվում, այստեղ եւ՛ դաշտի պրոֆեսիոնալիզմի, եւ՛ արտադրանքի որակի բարձրացման խնդիր կա: Իդեալական տարբերակը ինքնակարգավորումը կլիներ, որ հեռուստաընկերությունները շատ հարցերում իրար հետ համաձայնության կարողանային գալ: Ճիշտ կլինի նաեւ, որ քաղաքացիական հասարակությունը ինքը անմիջապես արձագանքի տվյալ հեռուստաընկերության տվյալ արտադրանքին եւ հենց հեռուստաընկերությանը ներկայացնի իր պահանջները: Քաղաքացիական հասարակության եւ հեռուստատեսության կապը միջնորդավորված չպիտի լինի որեւէ հանձնաժողովով:

Եթե չափորոշիչները օրենքի ուժ ստանան եւ նաեւ գործեն իմ թվարկած մեխանիզմները, կարծում եմ՝ որոշակի դրական հետեւանքներ կունենանք:

Աննա Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?