Բացել «բաց» տվյալները

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Էլեկտրաէներգիայի ծախսի տվյալները սպասված են դառնում հատկապես ձմռան ամսիներին: Hosanq.info կայքը՝ օգտագործելով Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) բաց տվյալները, հնարավորություն է տալիս տեսնել էլեկտրական հոսանքի ծախսի դինամիկան:

ՀԷՑ-ի ցանկացած բաժանորդ կայքում կարող է տեսնել էլեկտաէներգիայի իր ծախսի անհատական պատմությունը, համեմատել մի քանի ամիս կամ մեկ տարի առաջ ծախսված էլեկտրաէներգիայի տվյալները, վերլուծել դրանք:

Կայքում առայժմ հասանելի են վերջին 13 ամսիների տվյալները: Hosanq.info -ի նախաձեռնող թիմի անդամ Ալեքսեյ Չալաբյանն ասում է, որ իրենք կուզեին տրամադրել առնվազն երկու տարվա տվյալներ, ինչը հնարավորություն կտար տարին տարվա հետ համեմատել:

«Ընտրել ենք այդ տվյալները, քանի որ դրանք գուցե ավելի պրիմիտիվ, բայց մասսայական հետաքրքրություն ներկայացնող են: Այդ ձանձրալի թվերի շարքը փորձել ենք ավելի պատկերավոր դարձնել և նաև ցույց տալ բաժանորդին, թե ինչպես կարելի է օպտիմալացնել էլեկտրաէներգիայի սպառումը,  տնտեսել գումարները»,-ասում է Չալաբյանը:

Սքրինշոթ hosanq-info կայքից

Hosanq.info-ն 2016թ.-ի դեկտեմբերի 3-4-ը կայացած բաց տվյալների հաքաթոնի հաջողված նախագծերից մեկն է: Հաքաթոնի ժամանակ շուրջ 60 ծրագրավորողներ եւ տարբեր ոլորտի մասնագետներ փորձել են ավելի մատչելի ու ընկալելի դարձնել պետական հատվածի բաց տվյալները:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակներում հաքաթոն անցկացնող «Կոլբա լաբ» նորարարական լաբորատորիայի ղեկավար Մարինա Մխիթարյանի խոսքով՝ Հայաստանում հավաքվում են անսահման քանակի տվյալներ, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետական ինչ-որ կայքերի «լուսանցքներում» կան այնպիսի տվյալներ, որոնք կարող են շատ օգտակար լինել քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին, լրագրողներին:

«Այդ տվյալները սակայն մատչելի չեն, եթե սոցիոլոգ կամ տվյալներով զբաղվող մասնագետ չես»,-ասում է լաբորատորիայի ղեկավարը:

Հենց այդ պատճառով էլ «Կոլբա Լաբ»-ը նախաձեռնել է բաց տվյալների հաքաթոն, որի մասնակիցներին հասանելի էին բաց տվյալների երեք հիմնական շտեմարաններ՝ առողջապահության ոլորտի տվյալներ, Արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած ռիսկերի քարտեզներ և datalex.am հարթակի վրա հասանելի դատական գործերի շտեմարաններ:

Հաքաթոնի մյուս հաջողված նախագիծը խոշոր հարկատուների տվյալների վիզուալիզացիայի harkatu.am հարթակն է, որի համար օգտագործվում են Հայաստանի հարկային ծառայության taxservice.am կայքում տեղ գտած տվյալները:

Թիմի անդամ Աննա Հովակիմյանի խոսքով՝ իրենց նախագիծը վիզուալիզացնում է խոշոր հարկատուների տվյալներն ըստ կազմակերպական տեսակի, աշխարհագրության, ոլորտի, վճարված հարկերի չափերի՝ սկսած 2009 թվականից, համեմատելով այդ տվյալները նախորդ ժամանակաշրջանների հետ։

Սքրինշոթ harkatu-am կայքից

«Նախատեսում ենք, որ harkatu.am-ի շնորհիվ մարդիկ ավելի հեշտ կկարողանան արժեքավոր վերլուծություններ անել՝ Հայաստանի տնտեսության կամ կոնկրետ ոլորտների վերաբերյալ: Հաքաթոնի ժամանակ արդեն իսկ հետաքրքվողներ եղել են»։

Ծրագիրն իրականացնելու դժվարություններից մեկը, ըստ Հովակիմյանի, տվյալների հասանելիությունն էր։ Թիմը օգտվել է մի քանի աղբյուրից, հավաքել, վերլուծել ու միավորել է տվյալները՝ փորձելով դրանք ներկայացնել ավելի ճշգրիտ և լավ որակի:

Երրորդ հարթակը, որը մի քանի շաբաթից հասանելի կլինի, GeoVizData թիմի ստեղծածն է: Նախագծում օգտագործվում են առողջապահության ոլորտի և արտակարգ իրավիճակների քարտեզների տվյալները:

Թիմի անդամ Արթուր Դոլմաջյանի խոսքով՝ փորձել են առողջապահական ոչ այդքան մատչելի տվյալներին ավելացնել աշխարհագրական մասնիկ, ինչը բացակայում էր. «Արդյունքում՝ քարտեզի միջոցով հնարավոր է տեսնել, թե յուրաքանչյուր մարզում, բնակավայրում քանի մարդ է դիմել բուժհաստատություն, ինչ հիվանդություններ են գրանցվել, իսկ ավելի խորը ուսումնասիրությամբ նաև պարզել այդ հիվանդությունների պատճառները»:

Նրա գնահատմամբ՝ ոլորտի տվյալների հետ աշխատանքը այդքան էլ հեշտ չէ, քանի որ բազայում սխալները շատ էին, տվյալները տարբեր ձևաչափերով էին ներկայացված:

«Եթե անկեղծ լինեմ, ապա պետք է ասեմ, որ Հայաստանում բաց տվյալներ ընդհանրապես գոյություն չունեն, դրանք տվյալներ են, որոնք մարդիկ, կարծես թե, հավաքել են մեկ օրվա համար», -ասում է Արթուր Դոլմաջյանը:

Այս նախագծերը առաջիկա 3-4 ամիսների ընթացքում «Կոլբա լաբ»-ի կողմից ֆինանսական ու խորհրդատվական աջակցություն կստանան՝ մինչև դառնան ինքնուրույն: Իսկ թե հետագայում ինչպես կգործեն այդ հարթակները, դեռեւս պարզ չէ:

«Երբեք չգիտես նման ծրագրերի հանրայնացումը ինչի կբերի: Օրինակ, մենք անցյալ տարվի ստեղծել ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց համար մատչելի վայրերի քարտեզ, որը մեծ արձագանք է գտել հասարակության շրջանում: Չգիտես, թե այդ փոքր ներդրումը ինչ ալիքային էֆեկտ կարող է ունենալ»,-ասում է Մարինե Մխիթարյանը:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ նման նախագծերի հետագա գործունեությունը կախված է նրանից, թե որքանով են թիմերը պատրաստ հետագայում համատեղ աշխատելու: «Իմ փորձը ցույց է տալիս, որ նման թիմերի թիվը մեծ չի լինում»,-ասում է նա:

Սամվել Մարտիրոսյանը «Կոլբա լաբ»-ի «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակներում իրականացրել է Հայաստանում պետական հատվածի բաց տվյալների քարտեզագրում:

Ըստ նրա՝ հետազոտության իմաստը հասկանալն էր, թե ինչ բաց տվյալների պետական բազաներ կան: Նաև դրանք կիրառելու լավ օրինակներ և խնդիրներ կան:

«Բաց տվյալների կիրառությունը, դրանց վերամշակումն ու օգտագործումը հանրային կյանքում այսօր աշխարհում շատ արագ աճող ոլորտ է: Հայաստանում, ցավոք, տվյալների մեծ մասը պարզապես պահեստավորված փոշոտում են»,-կարծում է մեդիափորձագետը:

«Կոլբա Լաբ»-ը կշարունակի բաց տվյալների հետ աշխատանքը, մինչև տարեվերջ նախատեսելով կազմակերպել ևս մեկ հաքաթոն՝ այս անգամ արտակարգ իրավիճակների թեմայով:

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *